
Արմավիրում արդեն բաժանում են պատգամավորական տեղերը
Ընտրություններից մոտ մեկ տարի առաջ արդեն ուրվագծվում են այն ընտրատարածքները, որտեղից թեկնածուները պետք է մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվեն: Ինչպես երեւում է, ներկայիս պատգամավորների զգալի մասը չի ուզում «հրաժեշտ» տալ իր աթոռին եւ զբաղվել իր հիմնական գործով, ասենք, բիզնեսով:
Երբ այս թեմայով զրուցեցինք մի քանի պատգամավորների հետ, բոլորն էլ միաբերան նշում էին, թե իրենց պատգամավոր լինել-չլինելու հարցը կորոշվի ամառային արձակուրդներից հետո: ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավորներից մեկն էլ խոստովանեց, որ ցանկանում է վերընտրվել, սակայն միայն իր ցանկությունը քիչ է, կուսակցությունը եւս պետք է հավանություն տա, որ ինքը պատգամավոր ընտրվի: «Արձակուրդից կգանք, կորոշենք` պատգամավոր կդառնամ, թե ոչ»: Ուշագրավ է, որ Ազգային ժողովում մեկ-մեկ, այն էլ հատուկ հրավերով նիստերին մասնակցող պատգամավորների մեծամասնությունն օգտագործում է «պատգամավոր դառնամ» արտահայտությունը: Կարծես թե իրենք մանդատը ոչ թե ստանում են ընտրողների քվեով, այլ նվեր են ստանում իրենց կուսակցություններից:
Արմավիրի մարզում գրեթե որոշված է, թե ովքեր են լինելու պատգամավորական տեղի համար պայքարի հիմնական խաղացողները: Մարզում ավելի լարված ընտրապայքար են կանխատեսում թիվ 19 ընտրատարածքի համար: Այս տարածքից պատգամավոր է ընտրվել Հրանտ Գրիգորյանը: Նրան միշտ սատարել է նրա հորեղբայրը` գեներալ Մանվել Գրիգորյանը: Սակայն նրանց հարաբերությունները լարվեցին նախագահական ընտրություններից հետո: Ազատության հրապարակում 2008 թ. կազմակերպված փետրվարյան շուրջօրյա հանրահավաքներից մեկի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչներից մեկը հարթակից հնչեցրեց մի շարք իշխանական պատգամավորների անուններ, այդ թվում` Հրանտ Գրիգորյանինը, թե իբր նրանք միացել են համազգային շարժմանը: Ժամեր անց Հրանտ Գրիգորյանը եւ այլոք հերքեցին, թե իրենք միացել են ընդդիմությանը: Դրանից հետո գեներալի եղբորորդին ՀՀԿ-ի համար դարձավ անվստահելի: Նրան զրկեցին ՀՀԿ-ի Արմավիրի մարզային կառույցի ղեկավարի պատասխանատու գործից եւ այն վստահեցին մարզպետ Աշոտ Ղահրամանյանին:
Ստեղծված իրավիճակի համար Հրանտ Գրիգորյանն այդ ժամանակ մեղադրում էր Մանվել Գրիգորյանին, ինչն էլ դարձավ արյունակից ազգականների հարաբերությունների վատթարացման պատճառ: Հիմա Հրանտ Գրիգորյանը ջերմ հարաբերությունների մեջ է ՀՀԿ-ականների հետ եւ միշտ մասնակցում է ԱԺ նիստերին: Հանրապետականների հետ ջերմ հարաբերություններ ունի նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանը: Էջմիածնում խոսում են, որ այս անգամ գեներալը որոշել է չաջակցել Հրանտ Գրիգորյանին եւ անել ամեն ինչ, որ նա պատգամավոր չընտրվի:
Արդեն շրջանառվում է մի քանի թեկնածուների անուններ, որոնք կառաջադրվեն Մանվել Գրիգորյանի կողմից` ընդդեմ Հրանտ Գրիգորյանի: Առաջինը նշվում է գեներալի որդու` ներկայումս Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անունը: Ասում են, որ հավանական է նաեւ, որ պատգամավոր ընտրվի Մանվել Գրիգորյանի կինը` ազատամարտիկ Նազիկ Ամիրյանը: Եվս մի քանի թեկնածուների անուն նույնպես շրջանառվում է Էջմիածնում:
Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ Կարեն Գրիգորյանը պատգամավոր ընտրվելու ցանկություն չունի: «Քանի որ քաղաքում շատ գործ է արել եւ անելիքներ ունի, Կարեն Գրիգորյանը ցանկանում է վերընտրվել քաղաքապետի պաշտոնում»,- տեղեկացնում են քաղաքապետարանից:
Թե գեներալ Մանվել Գրիգորյանը վերջում թեկնածուներից ում անվան վրա կանգ կառնի, պարզ կլինի առաջիկայում:
Հրանտ Գրիգորյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Իսկ թիվ 20 ընտրատարածքում ներկայումս պատգամավոր Սեյրան (Սեդրակ) Սարոյանի հետ հայտ ներկայացնելու հավակնություններ ունի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (մականունը` Ճոյտ): Վերջինս դեռ փնտրտուքների մեջ է. չգիտի` ՀՀԿ-ի՞ «դաբրոյով» է ընտրվելու, թե՞ ՕԵԿ-ի, քանի որ որդին ՕԵԿ կուսակցության Էջմիածնի տարածքային գրասենյակի պատասխանատուի տեղակալն է, իսկ ինքը` ակտիվ աջակցում է, որ ՕԵԿ-ը Էջմիածնում վարկանիշ ունենա: Խոսակցություններ կան, որ Հակոբ Հակոբյանը բանակցություններ է վարում նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարների հետ:
Ինչ վերաբերում է Սերյան Սարոյանին, ապա նա պասիվ դերակատարում ունի քաղաքական դաշտում: Գեներալի կոչումով պատգամավորը ավելի շատ բիզնես ծրագրերով է զբաղված, քան քաղաքական գործունեությամբ: Պատգամավորի օգնական Բորիս Մկրտչյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրեն հայտնի չէ` Սարոյանը եւս մեկ անգամ կառաջադրի՞ թեկնածությունը, թե՞ ոչ: «Սպասեք մի քանի ամիս, ամեն ինչ պարզ կլինի»,- խորհուրդ տվեց Բորիս Մկրտչյանը:
Այս պահին ամեն ինչ հարթ է մարզի թիվ 21 ընտրատարածքից ընտրված Ռուստամ Գասպարյանի համար: Ասում են, որ նա եւս պատգամավոր ընտրվելու ցանկություն ունի: Առայժմ նրա աթոռի վրա «աչք դնող» չկա: Սակայն մինչեւ ընտրություններ դեռ ինչքա~ն ջրեր կհոսեն...
Մեկնաբանել