HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը հերթական անգամ կոծկեց իրավապահ մարմինների անօրինական գործողությունները

2012 թ. հոկտեմբերի 8-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մ. Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը:

Կազմակերպությունը պահանջում է վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ. Հովակիմյանի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և ՀՀ գլխավոր դատախազությանը պարտավորեցնել կազմակերպության կողմից ներկայացված դիմում-բողոքի վերաբերյալ կայացնել որոշում:

Հիշեցնենք, որ 2012 թ. օգոստոսի 17-ին՝ գիշերը 23:30-00:00-ի սահմաններում,  ոստիկանության աշխատակիցները աշխատանքի վայրից բերման են ենթարկել Ն. Ափինյանին, իբր նա ականատես է եղել ինչ-որ ծեծկռտուքի: Նարեկը ցանկացել է իր հեռախոսից զանգահարել, որպեսզի օգտվի փաստաբան ունենալու իրավունքից, և փաստաբանը ներկա լինի հարցաքննությանը: Սակայն նրան արգելել են և պահանջել, որպեսզի բացատրություն գրի տվյալ միջադեպի վերաբերյալ: Տեղյակ չլինելով միջադեպից` Ն. Ափինյանը հայտնել է, որ տեղեկություններ չունի և հրաժարվել է բացատրություն տալ, որից հետո ոստիկանության աշխատակիցները սկսել են հայհոյել և հարվածել նրան:

Ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված անօրինական գործողությունները, հոգեբանական և ֆիզիկական բռնությունները, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը տևել է շուրջ 5 ժամ, որից հետո չդիմանալով ճնշումներին՝ Ն. Ափինյանը բացատրություն է գրել:

Նարեկ Ափինյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից ճնշումները շարունակվել են նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո: Այս մասին Նարեկ Ափինյանը գրավոր դիմում է ներկայացրել նախաքննությունն իրականացնող մարմնին, որը նույնպես անտեսվել է դատարանի կողմից:

Չնայած այս ամենին, դատարանը` դատավոր Մ. Մարտիրոսյանի նախագահությամբ, հերթական անգամ կոծկելով քննիչի անօրինական գործողությունները, նպաստեց դատական իշխանության հեղինակազրկմանը և դատարանների նկատմամբ քաղաքացիների անվստահության խորացմանը:

Դատարանի կողմից կայացված որոշումը կազմակերպությունը դեռևս չի ստացել: Այն կհրապարակվի ստանալուց անմիջապես հետո:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Մեկնաբանություններ (1)

Սիլվա
ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի պետի տեղակալն այսօր ինձ մի տարօրինակ առաջարկ արեց, այն էլ ՀՀ մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի մի խումբ աշխատակիցների ներկայությամբ. դիմիր դատարան, ինչու չես դիմում, ոստիկանության դիմելը ձրի է, դրա համար էլ մեզ եք դիմում, իսկ դատարանը փողով է, չեք դիմում։ Իմ հակադարձմանը, որ նրանց վճարում ենք մենք, հարկատուներս, իսկ յուրաքանչյուր ոք պարտավոր է իր պարտականությունները կատարել պատշաճորեն։ նա ասաց՝ վճարում եք, որովհետև շահույթ եք ստանում։ Ոստիկանության պաշտոնյան դեռևս չի տիրապետում իր պարտականություններին, չի էլ տարբերակում աշխատավարձը շահույթից, դրա համար էլ հեշտությամբ կարողանում են պարտակել հանցակազմերը կամ էլ հակառակը՝ ստեղծել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter