Պահանջում են գործը վերանայելու կարգադրություն տալ
Բաց նամակ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին
Հարգելի պարոնայք.
Ձեզ ենք դիմում Վանաձոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Վարդան Դումանյանի խնդրի կապակցությամբ, ում պատկան մարմինները դաժանորեն դատապարտել են 7 տարվա ազատազրկման՝ չկատարած հանցանքի համար: Այժմ նա գտնվում է Վանաձորի ՔԿՀ-ում հացադուլի մեջ:
Սկզբում նրա կատարած հանցանքը որակավորվում էր խուլիգանություն (պատժաչափը 2 ամիս կալանք կամ մինչև 2 տարի ազատազրկում), իսկ հետո նախաքննություն իրականացնող մարմինը փոխեց, այն ներկայացնելով խմբակային ավազակային հարձակում, այդ տեսքով մեղադրականը ներկայացրեց դատարան, որի արդյունքում Վարդանին դատապարտեցին 7 տարվա ազատազրկման…
Ոչ նախաքննական մարմինը, և ոչ էլ դատարանը հաշվի չառան գործում առկա խմբակային ավազակային հարձակման համար փաստերի բացակայությունը, վկաների միմյանց ու իրենց իսկ խոսքերին հակասող վկայությունների անարժանահավատությունը: Դեպքի պահին ծայրահեղ հարբած վիճակում գտնված տուժողի հակասական ցուցմունքն ի գիտություն ընդունելով, տղային, ով արդեն շուրջ 10 ամիս կալանավորված էր, դատապարտեցին երկար տարիներ անցկացնելու բանտում՝ չկատարած հանցանքի համար(դատական գործի համարը՝ ԼԴ/0116/01/12):
Պարոնայք, անհասկանալի է մնում թե այդ ինչպես պատահեց, որ տասը ամիս տևած նախաքննության ընթացքում այդպես էլ չհայտնաբերվեցին «հանցակիցները», որոնց մասով մեղադրականում գրված է՝ «քննությամբ չպարզված հանգամանքներում նախնական համաձայնության է եկել ինքնությունը չպարզված երկու անձի հետ…» (քրեական գործի համարը՝ 19128011):
Հարգելի պարոնայք, մենք ուսումնասիրեցինք Վարդան Դումանյանի գործը և նույնիսկ իրավական դաշտից հեռու մարդու համար ակնհայտ են վերոնշյալ հանցանքի մտացածին լինելը: Իսկ Վարդանը 08.10.2012 թ.-ից հացադուլի մեջ է, քանի օր կդիմանա տղան, դա անհայտ է:
Հարգարժան պետական այրեր, դիմում ենք Ձեզ, և պահանջում կարգադրել վերանայել գործը, այդ գործընթացում ներգրավելով նաև մեզ, որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Մենք ներգրավված լինելով, կկատարենք մոնիթորինգ և հատուկ զեկույցով արդյունքները կներկայացնենք ՀՀ նախագահին, ում արդեն գրությամբ տեղեկացրել ենք գործի մասին, խնդրելով նաև իր միջամտությունը:
«Ոսկե Միջին-հասարակական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Հովհաննես Ղազարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել