HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային ակցիա Գետահովիտում կառուցվող հէկի դեմ (վիդեո)

Տավուշի մարզի Պաղջուր գետի վրա, Լաստիվեր ջրվեժից քիչ ներքև, իրականացվում է փոքր ՀԷԿ-ի լայնածավալ շինարարություն՝ երկրորդը նույն գետի վրա: Շինարարությունը ընթանում է առանց համապատասխան օրինական հիմքերի: Բնապահպանական փորձաքննությունը կատարվել է հապճեպ և թերի, իսկ հասարակական երկու լսումները կրել են ձևական բնույթ: Շինարարությունն արդեն աղետալի ազդեցություն է թողել Արջատխլենիների արգելավայրի վրա: Թվով շուրջ 10 խոշոր շին-տեխնիկա՝ բուլդոզերներ, տրակտորներ, ներխուժել են արգելավայր, ինչպես նաև անտառապատ տարածքներ՝ ամբողջությամբ ավիրելով դրանք:

Վաղը' ժամը 13:00-ին, այս ապօրինությունների դեմ բնապահպանության նախարարության շենքի դիմաց տեղի է ունենալու խոշոր բողոքի ակցիա, որին նաև մասնակցելու են ազդակիր համայնքի՝ Գետահովտի բնակիչները:

Միանալով Գետահովիտ համայնքի բնակիչների արդարացի պահանջին՝ պահանջում ենք անհապաղ դադարեցնել շինարարությունը եւ ամբողջությամբ վերականգնել բնությանն ու Գետահովիտ համայնքին հասցված վնասները:

Խնդրին վերաբերող մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված տեղեկանքից:

ՏԵՂԵԿԱՆՔ

Սույն թվականի հունիսին ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան և Գետահովիտ համայնքների բնակիչներից ահազանգ ստացանք, որ փոքր ՀԷԿ-ի շինարարություն է ընթանում Պաղջուր գետի հովիտում: Ի դեպ, երկու համայնքներին' Ենոքավան և Գետահովիտ, բաժանում է Պաղջուր գետը: Պաղջուր գետի վերին հատվածում գտնվում է Ենոքավանը, իսկ ներքին հատվածում ' Գետահովիտը:

Իսկ ՀՀ պետական լիազոր մարմինների պաշտոնական կայք էջերից տեղեկացանք, որ ՀՀ Տավուշի մարզի Աղստև գետի ձախակողմյան Պաղջուր վտակի վրա արդեն իսկ գործում է մեկ փոքր ՀԷԿ' «Խաչաղբյուր-1» անվամբ' 731-850 մետր բացարձակ բարձրությունների վրա, սակայն պատրաստվում է կառուցվել ևս 2-րդը' «Խաչաղբյուր-2» անվամբ' 860-1050 մետր բարձրության վրա: Այս փոքր ՀԷԿ-երը պատկանում են «Քարևարդ» ՍՊ ընկերությանը: Հետագայում, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 06.06.2012թ. հ. 206Ա որոշմամբ «Քարևարդ» ՍՊԸ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ կառուցման հ.402 լիցենզիան վերաձևակերպվել է «ՄեգաԷներջի» ՍՊԸ անվամբ:

Դեռևս 07.07.2011թ. նույն գետի և նրա վտակ համարվող Աղբայի վրա ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրվել է ջրօգտագործման երկու թույլատրություն' հետագայում ևս 2 փոքր ՀԷԿ կառուցելու համար, որը պատկանում է «ԱԹՎԱ» ՍՊ ընկերությանը:

Պաղջուր գետի ողջ հովիտն իր գերակշիռ մեծամասությամբ ծածկված է խիտ, չափազանց գեղատեսիլ անտառներով, այնտեղ է գտնվում տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից շատ սիրված և արդեն որոշակի բրենդ դարձած Լասիվերն իր ջրվեժներով, սահանքներով և քարանձավներով, մեզ համար անհասկանալի և անընդունելի է նման գեղատեսիլ վայրում այդպիսի գործունեության ծավալումը:

Մեր կարծիքով տվյալ տարածքում փոքր ՀԷԿ-երի կառուցումը բերելու է այդ յուրօրինակ էկոհամակարգի և լանդշաֆտի խախտման, բազմաթիվ ծառերի հատման և շրջակա միջավայրի վրա ազդող այլ անկանխատեսելի հետևանքների: Գետահովիտի բնակիչներն արդեն զգացել են առաջին ՀԷԿ-ի բացասական ազդեցությունը. երկու հսկայական խողովակների անցկացման ընթացքում հատվել են լանջերը, որի հետևանքով առաջացել են սողանքներ և փլվածքներ, ինչպես նաև զգալի պակասել են խմելու ջրի պաշարները:

Ելնելով վերոշարադրյալից 27.06.2012թ. դիմել էինք ՀՀ բնապահպանության նախարարին' «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի բնապահպանական փորձաքննության ներկայացված փաստաթղթերի և համապատասխան եզրակացության պատճենները ստանալու նպատակով: Այս փաստաթղթերը ստանալուց հետո միայն մենք կարող էինք ներկայացնել մեր դիտողություններն ու առաջարկությունները: Սակայն ի պատասխան մեր վերը նշված հարցմանը' ՀՀ բնապահպանության նախարարությունից 11.07.2012թ. հ.5/33/51773 գրությամբ հայտնել են, որ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերն առայսօր /հուլիսի 11-ի դրությամբ/ չեն ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

Սակայն, ի զարմանս մեզ, ընդամենը 13 օր անց 24.07.2012թ. ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայք էջում տեղադրվում է հասարակական լսումների մասին տեղեկատվություն, համաձայն որի նույն օրը' ժամը 12.00-ին «Մեգաէներջի» ՍՊ ընկերության ՀՀ Տավուշի մարզի Ենոքավանի գյուղապետարանում կազմակերպում է հասարակական լսումներ՝ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի վերաբերյալ: Նախագծին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ վարչական շենքում և Ենոքավանի գյուղապետարանում: Սակայն որևէ նախագծային փաստաթուղթ չկա տեղադրված ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջում:

Հետաքրքիր է՝ ՀՀ բնապահպանության նախարարության ողջ աշխատակազմը ինչպես է պատկերացնում շահագրգիռ հանրության կողմից մեկ ժամվա ընթացքում հիշյալ փաստաթղթերին ծանոթանալու, կարծիք կազմելու, իր դիտողություններով ու առաջարկություններով Ենոքավան համայնք հասնելու և հասարակական լսումներին մասնակցելու գործընթացը: Ի դեպ, Ենոքավան համայնքը գտնվում է Երևանից մոտ 140 կմ հեռավորության վրա:
Դատապարտում ենք ՀՀ բնապահպանության նախարարության ոչ թափանցիկ և ոչ մասնակցային աշխատելաոճը: Անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարությունն անհապաղ քայլեր ձեռնարկի իր աշխատելաոճը փոխելու ուղղությամբ' հաշվի առնի շահագրգիռ հանրության լայն զանգվածի կարծիքը, այդ նպատակով նրանց և համապատասխան մասնագետների մասնակցությամբ իրականացնի հանրային քննարկում, այլ ոչ թե գաղտնի և տնային ոճով:
Որպես կանոն, պետության շահագրգիռ հանրությունը, շրջակա միջավայրին առնչվող կամ բնապահպանական ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի, ծրագրերի և/կամ հայեցակարգերի մասին տեղեկանում է բավականին ուշացումով, երբ արդեն հնարավոր չէ արդյունավետ կերպով մասնակցել դրանց ընդունման գործընթացին ու ազդել դրանց բովանդակության փոփոխման վրա:

Մենք հանդես եկանք հայտարարությամբ, որ 24.07.2012թ. ժամը 12.00-ին Ենոքավան համայնքում նշանակված հասարակական լսումները չեն կարող օրինական համարվել, որովհետև իրականացվել են ՀՀ օրենսդրության և Օրհուսի կոնվեցիայի պահանջների բացահայտ և կոպիտ խախտումներով (4-րդ եւ 6-րդ հոդվածներ):
Այնուհետև, մեր նախաձեռնության ներկայացուցիչ Լ. Գալստյանն այցելել է «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի գրասենյակ և ծանոթացել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի փաթեթին և պարզել, որ փաթեթում առկա են «ՄեգաԷներջի» ՍՊԸ տնօրենի 04.07.2012թ. գրավոր դիմումն ուղղված ՀՀ բնապահպանության նախարարին, առ այն մասին, որ խնդրում է փորձաքննության ենթարկել «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ աշխատանքային նախագիծը և «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Գևորգյանի մակագրությամբ նույն ամսաթվով' 04.07.2012թ. փաստաթղթերն ուսումնասիրելու և եզրակացություն ներկայացնելու վերաբերյալ հանձնարարականը: Սա այն դեպքում, երբ 11.07.2012թ. մեր գրավոր հարցմանը' ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարը հայտնել էր, որ տվյալ ընկերությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նպատակով համապատսխան փաստաթղթեր չի ներկայացրել նախարարություն: Եթե սրան էլ լրացնենք նաև այն փաստը, որ մեր նախաձեռնությունը մոտ մեկ ամիս առաջ արդեն տեղեկացված էր, որ վերը նշված տարածքում սկսվել են շինարարական աշխատանքներ' առանց բնապահպանական փորձագիտական եզրակացության, ապա պատկերը լրիվ պարզ է դառնում:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարը 31.07.2012թ. հ.5/33/51987 գրությամբ փորձել է արդարանալ, հայտնելով, որ «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն' շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերը 12.07.2012թ. հ. ԱԳ-33/315 գրությամբ տրամադրվել են ազդակիր համայնքին' ՀՀ տավուշի մարզի Ենոքավանի գյուղապետարանին, իսկ իրենց կողմից հասարակական լսումների անցկացման մասին նախարարության պաշտոնական կայքէջում հայտարարությունն ուշ տեղադրելը տեխնիկական պատճառ է: Ինչ վերաբերում է 11.07.2012թ. ամսաթվով մեր նախաձեռնությանը տրամադրված տեղեկատվության վերաբերյալ, ըստ որի «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից համապատասխան փաստաթղթեր չեն ներակայացվել առ 11.07.2012թ. դրությամբ, հայտնել է, որ նախագծի փորձաքննության իրականացման մասին դիմումը «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում դեռևս մուտքագրված չի եղել: Ինչի վերաբերյալ մենք շարունակում ենք պնդել, որ ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարության պահանջով և փաստաթղթերը մուտքագրվել են հետին ամսաթվով: Եթե ընդունենք, որ ընկերությունը չէր ներկայացրել, ապա 04.07.2012թ. «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Գևորգյանի մակագրությամբ հանձնարարականն ինչի հիման վրա է տրվել: Հարցեր, որոնց պատասխաններ տալուց խուսափում են ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Մեր հիմնավորումները, թե ինչու ենք դեմ փոքր ՀԷԿ-ի կառուցմանը

1. ՓՀԷԿ-ի կառուցման տարածքում գտնվում է 2 արգելավայր' Իջևանի և Արջատխլենու, որոնց մասին ընդհանրապես նշված չէ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծում (այսուհետ' նախագիծ): Զարմանալիորեն այդ մասին նշված չէ նաև «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից տրված բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ: Բնապահպանական փորձաքննություն իրականացնող պետական լիազոր այս մարմինը նույնիսկ չի էլ փորձել պարզելու արդյոք այդ կառուցվելիք փոքր ՀԷԿ-ը և 2,8 կմ երկարությամբ խողովակաշարը «Արջատխլենու» արգելավայրերի տարածքում է, թե նրա բուֆերային գոտում, թե' ոչ:
2. Նախագծում գրված է, որ «շինարարության ժամանակ ծառահատումների անհրաժեշտություն չկա, քանի որ խողովակաշարն անցնում է ավտոճանապարհին զուգահեռ»: Սա ակնհայտ ոչ ճիշտ տեղեկատվություն է, քանի որ հովիտի այն մասը որտեղով անցնելու է խողովակաշարը անտառապատ է և դժվարացանելի մարդու համար, իսկ ծանր տեխնիկայի անցկացման մասին անգամ խոսք լինել չի կարող:
3. Նշյալ հատվածը նաև ակտիվ սողանքային գոտի է և ակնհայտ է, որ լանջերի և ծառերի հատման պատճառով դրանք կակտիվանան և կբերեն անկանխատեսելի հետևանքների:
4. Այդ հատվածում է ձևավորվում նաև Գետահովիտ համայնքի խմելու ջրի ավազանը, ինչի մասին ևս նշված և հետազոտված չէ: Եթե հաշվի առնենք, որ բնապահպանական նվազագույն ելքը 0,08 խմ/վրկ է տրված, ապա պարզ է դառնում, որ ստորերկրյա ջրերի սնուցումը բացառվում է, ինչը կբերի խմելու ջրի պաշարների կտրուկ նվազնան կամ ընդհանրապես անհետացման:
5. Նախագծում կենսաբազմազանության վրա ազդեցության մասին ոչ մի խոսք չկա: Գետահովիտի բնակիչները նշում են, որ «Խաչաղբյուր 1» ՓՀԷԿ-ի կառուցումից հետո Պաղջուր գետում ձկները վերացել են:
6. Անտառապատ հովիտը մոտ 3 կմ փաստացի ջրազրկելը ժամանակի ընթացքում կբերի միկրոկլիմայի չորացման, խոնավության նվազման, ինչն էլ կբերի ծառերի չորացման և անտառապատ տարածքի արհեստական ոչընչացման:
7. Հասարակական լսումները ացկացվել են միայն Ենոքավան համայնքում, քանի որ «Մեգաէներջի» ՍՊԸ-ը հողհատկացման և շինարարության թույլտվություն տրամադրել է Ենոքավանի համայնքի ղեկավարը: Այսինքն ազդակի համայնք է ճանաչվել միայն Ենոքավանը, սակայն նախագծից պարզ երևում է, որ շինարարությունը կատարվելու է Գետահովիտ համայնքի վարչական տարածքում, բացի այդ ՓՀԷԿ-ի շենքը, ջրառն ու խողովակաշարը գտնվելու են ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի տարածքում:

Իրավական հիմնավորումները

1. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն' «ՀՀ-ում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը»:
Նշված ՓՀԷԿ-ի համար հատկացված տարածքը գտնվում է արգելավայրային գոտում' «Արջատխլենու» պետական արգելավայրում, եւ դրա պահպանման (բուֆերային) գոտում, որտեղ եւս արգելվում է իրականացնել «Արջատխլենու» պետական արգելավայրի էկոլոգիական համակարգերին եւ դրանց բնականոն զարգացմանը վնասող ցանկացած տեսակի տնտեսական գործունեություն:
2. «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն' «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց աճելավայրերի վատթարացմանը»:
ՓՀԷԿ-ի շինարարության տարածքում աճում է Հայաստանի բույսերի Կարմիր գրքում գրանցված «Արջատխլենի» ծառատեսակը եւ Կարմիր գրքում գրանցված այլ բուսատեսակներ:
3. «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն' «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց ապրելավայրերի վատթարացմանը»:
Պաղջուր գետում ապրում է Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում գրանցված «Կարմրախայտ» ձկնատեսակը: Այդ գետի վրա «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի շինարարությունը, հանգեցնում է «Կարմրախայտ» ձկնատեսակի թվաքանակի կրճատմանը, ապրելավայրերի վատթարացմանը:
4. Պաղջուր գետի վրա կառուցված եւ արդեն իսկ գործող «Խաչաղբյուր 1» ՓՀԷԿ-ի գործունեությունը ևս հանգեցնում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, «Բոսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի խախտման:
5. Այս ողջ գործընթացում խախտված են ոչ միայն Օրհուսի կոնվենցիայի պահանջները, այլ նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 8-րդ եւ 10-րդ հոդվածների պահանջները:

Ի դեպ, հարկ ենք համարում նշել նաև, որ Ենոքավան համայնքի ղեկավար Ա. Չիբուխչյանը, ով «Մեգաէներջի» ընկերությանը 12.06.2012թ. տրամադրել էր շինարարության թույլտվություն, 14.09.2012թ. որոշում է կայացրել անվավեր ճանաչել այն, քանի որ ՓՀԷԿ-ի շինարարությունը կատարվում է Գետահովիտ համայնքի վարչական տարածքում և դրա արդյունքում Գետահովիտ համայնքին հսկայական վնաս է հասցվում: Ենոքավան համայնքի ղեկավարի այս որոշմամբ հաստատվում է, որ Գետահովիտն ազդակիր համայնք է, որը հաշվի չէր առնվել ՀՀ բնապահպանության նախարարության կողմից' բնապահպանական փորձաքննության եզրակացություն տալուց:

Գետահովիտ համայնքի բնակիչներն իրենց բողոքը գրավոր ներկայացրել են նաև ՀՀ բնապահպանության նախարարին և պահանջում են անհապաղ դադարեցնելՓՀԷԿ շինարարությունը և ամբողջությամբ վերականգնել համայնքին և բնությանը հասցված վնասները:

Այսպիսով, գտնում ենք, որ ՀՀ բնախահպանության նախարարության կողմից բնապահպանական փորձաքննությունը կատարվել է հապճեպ և թերի, իսկ հասարակական երկու լսումները կրել են ձևական բնույթ, քանի որ ապացուցվում են վերը նշված փաստերով: Այս փոքր ՀԷԿ-ի կառուցման համար տրված բնապահպանական փորձաքննության եզրակացության բովանդակությունից կարելի է կարծիք կազմել ՀՀ բնապահպանության նախարարության ոչ պրոֆեսիոնալ և ի միջիայլոց աշխատելաոճի մասին:
Միանալով Գետահովիտ համայնքի բնակիչների արդարացի պահանջին և կիսելով Դիլիջանի Օրհուս կենտրոնի կարծիքը պահանջում ենք անհապաղ դադարեցնել «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի շինարարությունը եւ ամբողջությամբ վերականգնել բնությանն ու Գետահովիտ համայնքին հասցված վնասները:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն
11.10.2012թ.

 

Մեկնաբանություններ (1)

liana
astvac tar dzer nman aktiv ev payqarox mer amboxj hasarakutyun@ liner...mayc avax mardik payqarum en miayn erb ban@ galis irenc sepakan drann e choqum...amot e asel, bayc mer hasarakutyan demqn aysor sa e...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter