HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». արտաշատյան խաչ-հրաշքի հետքերով

Ինչպես աշխարհի, այնպես էլ Հայաստանի տարբեր վայրերում ժամանակ առ ժամանակ ի հայտ են եկել աստվածային հրաշքներ, անբացատրելի իրողություններ և երևույթներ, բնության զարմանահրաշ ստեղծագործություններ:

Արտաշատ քաղաքի մարզադաշտի դիմաց գտնվող լողավազանի հարևանությամբ վթարային վիճակում գտնվող պատը քանդելու, նորը կառուցելու նպատակով 2 ամիս առաջ անհրաժեշտություն է եղել հանելու 4-5 ոչ մեծ ծառեր: Ապրիլի 23-ին մարզադպրոցի մարզիչ Վարդան Եղիազարյանը գործընկերների հետ բենզասղոցով մոտեցել է նախապես արմատահան արված, գետնին դրված ծառին:

- Ծառը սովորաբար բարակ մասից դեպի հաստ մասն ենք կտրում. սղոցը գործի գցեցի, մոտեցրի, որ կտրեմ, հանգավ,- պատմեց Վ. Եղիազարյանը:- Երկրորդ անգամ էլ փորձեցի, նորից հանգավ: Մի քանի անգամ փորձեցի, դարձյալ նույնը: Որ սղոցը նորից գործի գցեցի, ջղայնացած, գազը պահած, էլ չտարա նույն տեղը, գնացի ծառի հակառակ կողմը, քոքից մոտ 70 սանտիմետր վերև, միանգամից կտրեցի, երկու մասի բաժանեցի: Որ խաչը տեսա, զարմանքից քարացա:

Շարունակել են կտրել և՛ դեպի արմատի կողմը, և՛ դեպի սաղարթի կողմը, սակայն խաչ այլևս չեն հայտնաբերել: 10-12-ամյա թխկենու իրանից կտրված, միջինը մոտ 12,5 սմ տրամագծով երկու շերտը, որոնցում արտահայտված է այդ խաչը, միասին վերցված ընդամենը 5,5 սմ հաստություն ունեն: Այսինքն` եթե բենզասղոցը չհանգչեր, և ծառը կտրվեր սաղարթի կողմից, շատ հնարավոր է, որ խաչ պարունակող հատվածն ընկներ կտորներից մեկի միջնամասում, ընդհանրապես չերևար և, որպես վառելափայտ, գնար-կորչեր: Ավելին` եթե ծառը կտրված տեղից 2 սմ այս կողմ, 2 սմ այն կողմ կտրվեր, խաչը դարձյալ չէր երևա:

Ուշագրավ է նաև խաչի գրեթե ճշգրիտ, համաչափ լինելու և հայոց շրջանում պաշտելի խաչերի նման ծաղկած թևեր կամ զույգ ծայրերով ավարտվող վերջավորություններ ունենալու հանգամանքը: Կտորներից մեկին եղած խաչի զույգ, իսկ մյուս շերտի խաչի երեք թևերի ծայրերին, հենց մեջտեղում կարծես գամեր խրված լինեն: Հետաքրքիր է նաև, որ խաչը հենց կենտրոնում է, այս կամ այն կողմ շեղված չէ, իսկ խաչի կենտրոնի, թևերի միացման հատվածի շուրջ հստակ արտահայտված տարեկան օղակը հիշեցնում է դարձյալ մեր պաշտելի խաչի այնպիսի պատկերներ, որոնցում, խաչված Քրիստոսի փոխարեն, նրան խորհրդանշող պարզ կամ արեգակնակերպ շրջանակն է խաչի կենտրոնում` իբրև կենտրոնական, առանցքային միավոր:

Ստորև ներկայացնում ենք խաչը տեսնելու նպատակով մեզ հետ Արտաշատ այցելած Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի կարծիքը, նաև նրանց, ովքեր կա՛մ խաչն են տեսել, կա՛մ նրա լուսանկարը:

Արսեն արքեպիսկոպոս Բերբերյան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ավագագույն միաբան).

- Բոլոր նման բաները, կարծում եմ, պետք է վերագրվեն ոչ թե մարդկային ուժին, այլ աստվածային: Այնպիսի հրաշապատում, այնպիսի երևույթներ, անբացատրելի բաներ են երևացել պատմության ընթացքում, և որ սա դրանցից մեկն է` չեմ զարմանում: Օրինակ` Ֆրանսիայի հարավում մի լիճ կա, որտեղ հիվանդներից ով մտնում, դուրս է գալիս, նրա կարճ կամ ծուռ ոտքը նորմալանում, ուղղվում է, ողջ-առողջ գնում է: Հիսուն բժիշկ է այնտեղ նստած, նայում են, թե դա ինչպես է կատարվում, բայց այս հրաշքը գիտական բացատրություն չունի: Միայն հավատքի խնդիր է սա:

Այս խաչի երևումը մի օրհնություն է շրջապատի ժողովրդի համար: Մի նշան է աստվածային, Տիրոջ ներկայությունը, շեշտումը, որ ես այստեղ եմ, գործում եմ, կամ, ժողովուրդ, աչքներդ բացեք և տեսեք, թե ինչ է կատարվում ձեր շուրջը, և հավատքի եկեք, այս բոլոր մարդկային դժվարություններից, մոլորություններից հեռացեք և եղեք պիտանի, արժանի զավակներ ձեր հայրենիքի, ձեր ժողովրդի և ինձ համար:

Տեր Մխիթար քահանա Ալոյան (Արտաշատին հարակից Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ).

- Հնարավոր է, որ այդ տեղը մի արդար մարդու նահատակման տեղ է: Մի խոսքով, ենթադրում եմ, որ տարածքն ինչ-որ մի սրբության հետ է կապված: Խաչի վրա կարմիր բծեր էլ կան, բայց որ խաչն արտահայտիչ է, շատ լավ երևում է, այնքան հստակ` կարծես ձեռքով նկարած լինի, դա փաստ է: Մյուս կողմից բացառված է, որ ինչ-որ մեկը կատակելով կամ ինչ-որ սկանդալ սարքելու համար խաչը ձեռքով պատկերած լինի կոճղի վրա:

Մեր նախկին մարզպետն այդտեղ մատաղ արեց, ես առաջարկեցի, նաև Նավասարդ սրբազանի հետ խոսեցի` այդտեղ մատուռ կառուցել և անունը դնել Գյուտ խաչ, այսինքն` խաչ գտնել: Նավասարդ սրբազանն այդ գաղափարին հավանություն տվեց: Հայաստանում կամ Հայաստանից դուրս ինձ այդպիսի բան հայտնի չէ: Ես այդպիսի բան չեմ լսել, չեմ տեսել, ողջ աշխարհում դժվար էլ թե եղած լինի, որ ծառը կտրեն, և այդպիսի հստակ, արտահայտիչ խաչ դուրս գա:

Գոհար Օգանեզովա (ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կարգաբան, բույսերի համեմատական անատոմիայի մասնագետ).

- Շատ նման է ճյուղային հետքերի: Երբ ծառը նոր է սկսել աճել, այս չորս կողմից մի քիչ վերև ճյուղեր են եղել: Այդ ճյուղային փոխադրող համակարգը երբ պետք է մտնի ծառի ընդհանուր կոճղի մեջ, պատռել է այդ համակարգը և ստեղծել այդպիսի մի ճանապարհ իր համար: Սա դրան է նման, բայց իսկապես հազվագյուտ բան է, որ չորս ճյուղը մի հարթության վրա լինեն, և չորս ճյուղը միաժամանակ մտնեն կոճղի մեջ: Դա, իրոք, բնության հրաշք է:

Յուրա Մանուկյան (Արտաշատի մարզադպրոցի տնօրեն).

- Ամբողջ հրաշքն այն է, որ ուղիղ կենտրոնում է ընկել խաչը, և ձևավորվել է իսկական խաչ, հայկական խաչ: Նկատի ունեմ խաչի` դեպի վերջավորություն գնալով լայնացող ու ծաղկած թևերը: Այդ հրաշքի կատարումը երևի պայմանավորված է նաև մեր հավատքով: Մենք հարցում արեցինք տարեց` շուրջ 90 տարեկան մարդկանց, ովքեր այս տարածքում են ապրել: Բացատրեցին, որ ժամանակին այս կողմերում եղել է մի խաչ, որն անվանվել է Գևորգ Մարզպետունու խաչ: Այն ժամանակ ադրբեջանցիներ, թուրքեր էլ են ապրել այստեղ, այդ խաչը երևի մի նկատելի զորություն ունեցել է, որովհետև ոչ միայն հայերն են եկել խաչի մոտ, մոմ վառել, այլև նրանց հետ` թուրքերը: Մի մեծահասակ կին էլ պատմում էր, որ նախկինում այս տարածքում ծառ է եղել, ժողովուրդը եկել, այդ ծառի վրա շորեր, թաշկինակներ է կախել: Աստծո տվածը հիմա երևի արտահայտվել է այդ ծառի մեջ:

Դավիթ Սեդրակյան (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ).

- Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե սա ինչ է նշանակում, որ խաչ է` պարզ է: Պարզ երևում է, որ խաչ է, միայն թե Քրիստոսի հետ կապված խաչը պետք է այսպես հավասարաթև չլիներ: Չնայած` սա ծառի մեջ է հայտնաբերված, ու դժվար է ասել... Այն կարող է նաև բնական երևույթի արտահայտություն լինել: Ինչ-որ պատճառով ծառի մեջ այդ մասերը կարող են գույնով մգացած լինել, ընդ որում` դա կարող էր և լինել ծառի որոշակի մասում, մնացած մասերում չլինել, այսինքն` բացառված չէ նաև այդ տարբերակը: Իրոք տարօրինակ է, որ խաչի թևերն այսպիսի համաչափություն ունեն, թևերի վերջավորությունները ծաղկած են:

Տիեզերքում կան շատ ուժեր, թող որ գերուժեր կամ գերբնական ուժեր կոչվեն, կան շատ օրենքներ, որոնք գիտությունը դեռ չի ճանաչել և նույնիսկ հայտնաբերել: Ավելին` այն, ինչ մարդկությունը գիտության ասպարեզում գտել, ճանաչել է, տիեզերքում առկա իրողությունների սոսկ չնչին մասն է, շատ ավելի շատ մենք չգիտենք, քան գիտենք: Հնարավոր է նաև, որ այս խաչի առաջացումն ինչ-որ մի դաշտի կամ նպատակաուղղված ուժի ազդեցությամբ եղած լինի: Ֆիզիկոսի, մանավանդ ինձ նման ֆիզիկոսի համար, որն աստղերով է զբաղվում, ավելի շատ անհայտ բաներ կան:

Այսօր էլ ֆիզիկան չի կարողանում պատասխան տալ «ինչու» հարցին, կարողանում է պատասխանել միայն «ինչպես» հարցին: Որպես գիտության աշխատող կամ գիտական մտածելակերպի սովոր անձ, կարող եմ մի բան ասել` այն, ինչի պատասխանը, բացատրությունը դեռևս չես գտել գիտությանը հայտնի օրենքներով, ամեն ինչ հնարավոր է, այսինքն` Աստված էլ դա կարող է անել, այլ բան էլ: Այս խաչի առաջացումը գիտությամբ բացատրելու հնարավորությունն առաջին հայացքից չի երևում:

Կարինե Դանիելյան (կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էկոլոգ).

- Իհարկե, կարող եմ միայն ենթադրել, որ դրանք ինչ-որ նշաններ են, որոնք պետք է փորձենք հասկանալ: Մի կողմից շատ եմ ցավում, որ գիտության և կրոնի միջև դեռ հակասություններ կան, բայց համոզված եմ, որ 21-րդ դարը գիտության և կրոնի մերձեցման դար է:

Այսօր այնպիսի բացահայտումներ կան, որ եթե ժամանակին ասվեր, գիտությունը միանշանակ կհերքեր այդ բոլորը: Այդ իսկ պատճառով չեմ զարմանում, որ կյանքում հանդիպում ենք երևույթների, փաստերի, որոնք պարզապես դեռ չենք կարող բացատրել: Բայց իրոք մտածում եմ, որ դրանք տիեզերական բանականության արտահայտություններ են և ինչ-որ նշաններ:

Կարծում եմ` հիմա մի ժամանակահատվածում ենք ապրում, որ պետք է վերագտնենք մեզ, մեր բարոյական պատկերը, մեր արմատները: Գուցեև սրանք այն նշաններն են, որ պետք է օգնեն մեզ այդ ճանապարհին: Համոզված եմ, որ և՛ տիեզերական ինֆորմացիոն դաշտ կա, և՛ տիեզերական բանականություն, որի արտահայտությունները մեր կյանքում դրսևորվում են: Արտաշատում հայտնված խաչն էլ դրա արտահայտություններից մեկն է: Մնում է` այնքան մաքուր հոգի ունենանք, որ իրավունք ունենանք ու կարողանանք հասկանալ այդ նշանները, դրանց իմաստը: Բնական ճանապարհով այս խաչի առաջացման հնարավորությունն ուղղակի չեմ պատկերացնում. այն իրոք նշան է:

Վերջում մեր կողմից հետևյալ նկատառումը. չբացառելով հնարավոր որևէ տարբերակ և մինչև իսկ արժանահավատ համարելով բուսաբան տիկին Օգանեզովայի բացատրությունը, որ խաչը 4 ճյուղային հետքերի ամբողջություն է, նկատենք, որ եթե Աստված ինչ-ինչ նկատառումներով (որպես նշան, զգուշացում, իր ներկայության մասին հիշեցում կամ այլ) ցանկանար ծառի մեջ խաչ պատկերել կամ արտահայտել, ապա դա դժվար թե փորագրող գործիքով կամ մարդու ձեռքով ստեղծված որևէ ներկով աներ, կարելի է ենթադրել, որ դա կաներ հենց բնության գործիքները, միջոցները, հնարավորություներն օգտագործելով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter