Հարմարվել կլիմայի փոփոխություններին
Ս.թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Երևանում գտնվող Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխությանը հարմարվելու և այն մեղմելու ռազմավարությունների մշակման խմբի պատվիրակությանը` Նիկոլաս Ահուիսուսի գլխավորությամբ: Այն Հայաստան է ժամանել մասնակցելու Համաշխարհային բանկի, ՀՀ գյուղատնտեսության և բնության պահպանության նախարարությունների նախաձեռնությամբ կազմակերպվող համաժողովին` նվիրված Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխությանը հարմարվելու և այն մեղմելու ռազմավարական ծրագրերի մշակմանը: Պատվիրակության կազմում էին միջազգային փորձագետ Ջեյմս Նեմանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանը:
Ողջունելով հյուրերին, նախարարը կարևորեց կլիմայի փոփոխությունների հետևանքով սպասվող իրավիճակներում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին ցուցաբերվող ուշադրությունը և նշեց, որ անհրաժեշտ է ըստ ամենայնի օժանդակել ուսումնասիրություններին հաջորդող քայլերի իրականացմանը: Ի պատասխան` պարոն Նիկոլաս Ահուիսուսը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ներկայացրեց ընթացիկ տարվա գարնանը կայացած առաջին նման հանդիպումից հետո իրենց կողմից Հայաստանում իրականացված այն ուսումնասիրությունների արդյունքները , որոնք քննարկվելու են այսօրվա աշխատաժողովի ընթացքում:
Իսկ այսօր Երևանի «Կոնգրես» հյուրանոցում աշխատանքն սկսեց Ազգային իրազեկման և փոխհամաձայնեցման համաժողովը: Նիստում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մաղթելով մասնակիցներին արդյունավետ աշխատանք` նախարարը մասնավորապես նշեց. «Կլիմայի փոփոխությունների ազդեցությունների հետևանքների թվարկումը կարելի է շարունակել, սակայն ակնհայտ է մի բան, որ դրանք ընդհանուր են մեր տարածաշրջանի երկրների համար, և միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի դիմակայել այդ մարտահրավերներին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել