HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նորակերտի բնակիչներին սպառնում է էլեկտրահարումը

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի թիվ 14 փողոցի բնակիչ Մինարիկ Դավեյանը այդ հասցեում բնակություն է հաստատել դեռեւս 1997թ-ից: Նա իր միջոցներով 300 մետր հեռավորությունից 2.5-3 մ բարձրության երկաթյա սյուներով անցկացրել է էլեկտրական հաղորդալարեր: Բնակչի եւ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության միջեւ 1998թ. կնքվել է էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր, որը փոփոխվել է 2007-ին:

1998 թ.-ից նշված փողոցում կառուցվել են նոր տներ եւ բնակություն են հաստատել մի քանի ընտանիքներ: Նրանք նույնպես օգտվում են Մինարիկ Դավեյանի կողմից տեղադրված սյուներից: Սյուները չեն համապատասխանում սահմանված նորմերին եւ խիստ վտանգավոր են դարձել մարդկանց կյանքի ու առողջության համար: Ուժեղ քամիներից սյուներից մի քանիսը թեքվել են եւ միայն պատահականություն է, որ չեն ընկնում: Նույն խնդիրն ունի նաեւ թիվ 13 փողոցը:

Նշված փողոցի բնակիչները բազմիցս բանավոր դիմել են ՀԷՑ-ին եւ Նորակերտի համայնքապետին: Բնակիչները «Հետքին» պատմեցին, որ ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի ճարտարապետը իրենց բանավոր հայտնել է, որ նշված փողոցներում  նորմերի պահանջներին համապատասխանող էլեկտրասյուներ  կանցկացվեն միայն այն դեպքում, երբ առնվազն 3 նոր անձ հայտ ներկայացնի բաժանորդ դառնալու համար: Բացի այդ, ըստ բնակիչների` ՀԷՑ-ի աշխատակիցը ասել է, որ բնակչի կողմից տեղադրված մետաղական սյուները պատկանում են ՀԷՑ-ին:

«Ստացվում է, որ բնակիչները նորմերին համապատասխանող էլեկտրաէներգիա ունենալու դիմաց ՀԷՑ-ի համար նոր բաժանորդներ պիտի գտնեն: Անհասկանալի է նաեւ, թե Մինարիկ Դավեյանի սեփական միջոցներով անցկացրած սյուները ինչպես են դարձել ՀԷՑ ընկերության սեփականությունը»,-դեռեւս նախորդ տարի մի խումբ բնակիչներ նման նամակ էին ուղղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին:

Հանձնաժողովից բնակիչներին պատասխանել են, թե նրանք պետք է ՀԷՑ-ին տրամադրեն փողոցների հատակագծերը, որպեսզի խնդրին լուծում տրվի: Իհարկե, դրանից անցել է մեկ տարի, սակայն խնդիրը լուծում չի ստացել, եւ ամեն պահի հնարավոր է դժբախտ պատահարներ լինել:

Սույն թվականի փետրվարի 27-ին ՀԷՑ-ից բնակիչներին պատասխանել են, որ Նորակերտի թիվ 13 եւ 14 փողոցների հատակագիծ չունենալու հանգամանքով է պայմանավորված, որ օդային գծերի կարգաբերման աշխատանքներ չեն իրականացվել:

«Ներկայումս փողոցների հատակագիծը առկա է եւ օդային գծերի կարգաբերման աշխատանքները կիրականացվի եղանակի նպաստավոր պայմանների դեպքում»,-գրված է ՀԷՑ-ի պատասխանում:

Ամառն անցավ, «եղանակային նպաստավոր պայմանները» նույնպես, սակայն ՀԷՑ-ը չի կատարում իր պարտավորությունները: Ընկերությունը պարտաճանաչ գանձում է էլեկտրաէներգիայի վճարները եւ չի զլանա անջատումներ անել, եթե սպառողները չվճարեն վարձավճարները, սակայն պարտավորությունների հարցում թերանում է: 

Նորակերտի համայնքապետ Շահեն Կարապետյանը ՀԷՑ-ի հետ նամակագրական կապի մեջ է դեռեւս 2010 թ.-ից: Նա ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրեն Ղազինյանին նամակով տեղեկացրել է, որ բնակիչների կողմից անցկացրած երկաթե խողովակները եւ հաղորդալարերը անցկացվել է անփորձ մարդկանց կողմից, որը հաճախ վթարների պատճառ է դառնում: Բացի այդ, չի պահպանվել անվտանգության կանոնները: Համայնքապետից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Գյուղացիները տեղեկացրին, որ նա Հայաստանում չէ, իսկ բջջային հեռախոսը չէր պատասխանում:

Դիմեցինք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Այնտեղից պատասխանեցին, թե կարգաբերման աշխատանքները կատարված են, լարերը եւ 7 սյուն փոխված են, եւ ոչ մի խնդիր չպետք է լինի, քանի որ ամեն ինչ կարգավորվել է: Սակայն նշված 7 սյունը վերաբերում է 7-րդ փողոցին, այլ ոչ թե 13 և 14 փողոցներին:

Իրականում հանձնաժողովը կամ լրատվամիջոցին էր փորձում «խաբել», թե ամեն ինչ կարգին է, կամ էլ ՀԷՑ-ն է նրանց խաբել, քանի որ խնդիրը լուծում չի ստացել:

Հայաստանի էլեկտրացանցի աշխատակից Ռոմիկ Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում սկզբում զայրացավ, լսելով բնակիչների բողոքի մասին: «Դուք լրագրող եք, ես ձեզ թելադրու՞մ եմ, թե դուք ինչ գրիչով գրեք, չեմ թելադրում, չէ՞: Ձեզնից ինչ-որ նորմով պահանջվու՞մ է, որ գելովի գրիչով գրեք: Ես պարտավորություն ունեմ սպառողի հետ` իրան նորմալ էլեկտրաէներգիայով ապահովելու, թե կլինի փայտյա հենասյունով, բետոնից, թե մետաղյա, դա իմ նորմերով թույլատրվում է օգտագործել»,-ասաց Ռոմիկ Հարությունյանը: 

Ըստ նրա` Նորակերտի թիվ 13 եւ 14 փողոցների բնակիչների խնդիրը կլուծվի 2013-17թթ. ներդրումային ծրագրով: «Միլիոնավոր բաժանորդներ ունեմ, հո ամեն մեկի հետեւից չեմ վազելու ստոլբեն փոխեմ, խի՞ չեք ուզում հասկանաք: Ինձ ոչ ոք չի արգելում, թե ինչ հենասյունով տեղափոխեմ հոսանքը: Իմ պայմանագիրը սպառողի հետ նորմերին համապատասխանող էլեկտրաէներգիա մատակարելն է»,-ավելացրեց ՀԷՑ-ի աշխատակիցը:

Մինչ ՀԷՑ-ը կորոշի մինչեւ 2017 թվականը փոխել էլեկտրալարերն ու սյուները, բնակիչները փորձում են իրենց ուժերով հարցին լուծում տալ: Նրանք էլեկտրալարերը իրարից հեռացնելու եւ վթարներից խուսափելու համար հարցին ժամանակավոր լուծում են տվել: Լարերը հեռացրել են եւ այլ լարերով ամրացրել տանիքներին եւ այլ առարկաներին, ինչն էլ ավելի է մեծացնում էլեկտրահարվելու եւ վթարների ռիսկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter