HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2011 ընթացքում Հ1-ը 1 րոպե հեռարձակած գովազդի դիմաց միջին հաշվով ունեցել է ոչ ավելի, քան 25.000 դրամ եկամուտ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը շարունակում է հանրային Հ1 հեռուստաընկերության եթերում գովազդային ծավալների եւ զետեղման մոնիտորինգը: Հոկտեմբերի 9-ին ներկայացված հանրային հաշվետվության մեջ ներկայացվեցին 2011 թվականի գովազդային ամբողջական ծավալների եւ հեռարձակված գովազդի (ներառյալ հովանավորչական գովազդումների) հանրագումարային ցուցանիշները, միավոր գովազդային ժամանակի դիմաց հեռուստաընկերության եկամուտները, ինչպես նաեւ 2011 եւ 2012 թվականների մայիս եւ հունիս ամիսների համեմատական վերլուծությունները: 

Ըստ դիտարկումների պարզվել է, որ. 

Ա. Հ1 հեռուստաալիքը վերացրել է Շիրակի մարզի բնակիչների նկատմամբ կիրառված խտրականությունը, որ առկա էր գրեթե 10 տարի, եւ արձանագրվել էր 2011 թվականի մոնիտորինգի արդյունքում. այսուհետ Հ1 հեռուստաալիքի հաղորդումները Շիրակի մարզում, ինչպես եւ Երեւանում հեռարձակվում են շուրջօրյա, նախկինում Շիրակի մարզում հեռարձակված օրական 18-20 ժամի փոխարեն: 

Բ 2012 թվականի մայիս եւ հունիս ամիսներին հեռարձակված հաղորդումներում գովազդը ծավալային համեմատաբար նվազ օրինազանցություններով է հեռարձակվել, քան 2011 թվականի մայիս եւ հունիս ամիսներին: Այսպես. 2011 թվի մայիսին դիտարկված հաղորդումներում նկատվել էր օրենքով սահմանված մեկ ժամ հաղորդումներում գովազդի տեւողության առավելագույն քանակի խախտումների 109 դեպք, իսկ 2012 թվի մայիսին` չի գրանցվել այդպիսի որեւէ դեպք: 2011 թվի հունիսին դիտարկված հաղորդումներում նկատվել էր օրենքով սահմանված մեկ ժամ հաղորդումներում գովազդի տեւողության առավելագույն քանակի խախտումների 74 դեպք, իսկ 2012 թվի հունիսին` 15 դեպք: Միաժամանակ հատկանշական է, որ 2011 թվականի մայիս եւ հունիս ամիսներին հեռուստահաղորդումներում գովազդի` օրենքով սահմանված առավելագույն չափը 10 րոպե էր մեկ ժամում, իսկ 2012 թվականին` 14 րոպե: 

2011 թվականի նույն ամիսների համեմատ դրական տեղաշարժ է նկատվել հանրային  հեռուստաալիքի հաղորդումներում` օրենքով սահմանված գովազդի առավելագույն չափի (7%) նորմի ապահովման մասով: Այսպես. 2011 թվականի մայիսի հաղորդումներում տարբեր հաշվարկներով գովազդային հաղորդումները կազմել են եթերաժամանակի 8,34-10,73%, իսկ 2012-ի մայիսին` 5,68%: 2011 թվականի հունիսի հաղորդումներում տարբեր հաշվարկներով գովազդային հաղորդումները կազմել են եթերաժամանակի 8,31-10,38%, իսկ 2012-ի հունիսին` 6,69%: 

Մինչեւ 20 րոպե տեւողությամբ հաղորդումները մեկից ավելի անգամ գովազդով չընդմիջելու օրենքով սահմանված նորմի մի շարք խախտումներ են արձանագրվել 2012 թվի մայիս եւ հունիս ամիսներին (այս նորմը 2011 թվականի նույն ամիսներին չէր գործում): Այսպես. 2012-ի մայիսի հաղորդումներում նկատվել է 5 հաղորդաշարերի հաղորդումների ընթացքում օրենքի այս պահանջի խախտման 22 դեպք, իսկ հունիսին` նույն հաղորդաշարի հաղորդումների ժամանակ խախտումների 38 դեպք: Այդ հաղորդաշարներն են, ըստ խախտումների հաճախականության. «Մերոնք», «Հայաստանի ճամփեքով», ««02» ոստիկանական հաղորդում», «Ծագումով հայեր», «Օտար ամայի ճամփեքի վրա»: 

Հ1-ի հաղորդումներում 2012-ին, ինչպես եւ ամբողջ 2011-ի ընթացքում նկատվել են հնարավոր քողարկված գովազդներ, որոնց դրսեւորվել են լրատվական, գեղարվեստական, հեղինակային տարբեր հաղորդումներում բազմակի երեւացած այս կամ այն բրենդի, գովազդային լոգոտիպի, ընկերության կամ ծառայության անվանման ցուցադրմամբ եւ հիշատակմամբ: Այսպես. 

2011 մայիսի ընթացքում հաշվարկվել է հնարավոր քողարկված գովազդային 80 օբյեկտ, որոնք հանրագումարում երեւացել են 1351 անգամ եւ հեռարձակվել են ընդհանուր առմամբ 12707 վայրկյան կամ 211,8 րոպե: 

2012 մայիսի ընթացքում հաշվարկվել է հնարավոր քողարկված գովազդային 92 օբյեկտ, որոնք հանրագումարում երեւացել են 665 անգամ եւ հեռարձակվել են ընդհանուր առմամբ 11011 վայրկյան կամ 183,5 րոպե: 

2011 հունիսի ընթացքում հաշվարկվել է հնարավոր քողարկված գովազդային 106 օբյեկտ, որոնք հանրագումարում երեւացել են 1722 անգամ եւ հեռարձակվել են ընդհանուր առմամբ 16937 վայրկյան կամ 282,3 րոպե: 

2012 հունիսի ընթացքում հաշվարկվել է հնարավոր քողարկված գովազդային 100 օբյեկտ, որոնք հանրագումարում երեւացել են 917 անգամ եւ հեռարձակվել են ընդհանուր առմամբ 13279 վայրկյան կամ 221,3 րոպե: Այս ժամաքանակները վերոհիշյալ հաշվարկներում չեն ներառնված որպես գովազդային ժամաքանակներ: 

Գ. 2011 թվականի մոնիտորինգի ընթացքում տեսագրվել են Հ1 հեռուստաալիքի 305 օրերի ընթացքում հեռարձակված բոլոր հաղորդումները` 5114 ժամ, 53 րոպե, 54 վայրկյան հաղորդում, եւ իսկ 60 օրերի ընթացքում հեռարձակված հաղորդումներըև տեսագրվել են ոչ ամբողջությամբ` 582 ժամ 52 րոպե 24 վայրկյան, ընդամենը` 5697 ժամ, 46 րոպե 18 վայրկյան: Տեսագրությունների այդ ծավալում ակումբի տրամադրության տակ է փաստացի տեսագրված 636 ժամ, 53 րոպե 22 վայրկյան գովազդ

Տարբեր մոտեցումներով կատարված հաշվարկներով, հաղորդումների տարեկան ընդհանուր ծավալում գովազդի ծավալը գերազանցել է օրենքով սահմանված առավելագույն չափը` 7 տոկոսը եւ կազմել է համապատասխանաբար` 9,95%, (305 օրերի հաշվից, միայն հեռարձակված հաղորդումներից), 7,81% (305 օրերի հաշվից, օրական 24 ժամվա հաշվից, երբ գիշերային դադարները եւ չտեսագրված հատվածները հաշվվել են որպես ոչ գովազդային հաղորդում), 10,05% (305 ամբողջությամբ տեսագրված եւ 60 մասնակիերոն տեսագրված օրերի հաշվից, միայն հեռարձակված հաղորդումներից), 7,26% (305 ամբողջությամբ տեսագրված եւ 60 մասնակիրեն տեսագրված օրերի հաշվից, օրական 24 ժամվա հաշվից, երբ գիշերային դադարները եւ չտեսագրված հատվածները հաշվվել են որպես ոչ գովազդային հաղորդում): 

Ելակետ ընդունելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2011 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման մեջ առկա գովազդի եւ հովանավորչական հանրագումարային եկամուտը` 930.802.800 դրամ, մի կողմից, իսկ մյուս կողմից 2011 թվականի ընթացքում մեր փաստացի տեսագրած 636 ժամ, 53 րոպե 22 վայրկյան (կամ 38.213,3 րոպե) գովազդային ժամաքանակը (ներառյալ հովանավորչական հոլովակները, բայց ոչ նկատված հնարավոր քողարկված գովազդները), պարզ հաշվարկով ստացվում է, որ գովազդի (կամ գովազդին հավասարեցված հովանավորչական իրազեկում-գովազդ-հոլովակը արժեցել է) համար Հ1 հեռուստաալիքի տարեկան միջին եկամուտը կազմել է 24.358 դրամ/րոպեն:

Սրա հետ մեկտեղ 2011 թվականի ընթացքում ակումբի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հ1 ալիքի եթերում գովազդի տեղադրման իրավունք ունեցող «Կայմ» ընկերությունը Հ1-ի եթերում տեղադրվելիք գովազդն իրացնում է 140-200 հազար դրամ գնով 1 րոպեի համար: Այսպիսով ստացվում է, որ հանրային Հ1 հեռուստաալիքը 2011 թվականին իր եթերում տեղադրված գովազդի համար ստացել է միջին հաշվով 5,7-8,2 անգամ նվազ գումար, քան գովազդի համար միջնորդ ընկերությանը վճարել է գովազդատուն, կամ` հեռուստաընկերությունը ստացել է 4,7-7,2 անգամ պակաս եկամուտ, քան մնացել է միջնորդ ընկերությանը այդ գովազդային ժամանակն իրացնելու համար: Այլ խոսքով, Հանրային Հ1 հեռուստաալիքի եթերում տեղադրվելիք մեկ րոպե գովազդի համար գովազդատուից ստանալով միջին հաշվով 140-200 հազար դրամ, միջնորդ ընկերությունը հանրային ալիքի եթերում գովազդը տեղադրել է իր եկամտի 12-17 տոկոսը հեռուստաընկերությանը տրամադրելով: Այնինչ, սեփական գովազդային ժամանակը 140-200 հազար դրամ/րոպե գնով ինքնուրույն իրացնելիս Հ1 հեռուստաընկերությունը 2011 թվականին կարող էր ունենալ 6-8 մլրդ դրամ եկամուտ` 2,5-3,8 անգամ ավելի շատ գումար քան նույն տարում ստացել է պետական բյուջեից: 

Դիտարկված խախտումները շտկելու եւ գովազդի իրացման ու Հ1 հեռուստաալիքի ֆինանսավորման բարելավման համար հաշվետվությունում ներկայացվել են համապատասխան առաջարկություններ` ուղղված ՀՀ Ազգային Ժողովին, ՀՌԱՀ-ին, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին եւ Հ1 հեռուստաընկերության տնօրինությանը: 

Եկամտային քաղաքականության բարելավման համար Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին եւ Հ1 հեռուստաընկերության տնօրինությանը ներկայացված առաջարկությունները ներառումն են տարբեր լուծումներ, այդ թվում, գովազդի իրացումն ինքնուրույն կազմակերպելը, գովազդի հեռարձակումից հրաժարվելու դիմաց պետական ֆինանսավորումը համապատասխան չափով ավելացնելու գաղափարը եւ այլն: 

Հաշվետվությունն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ»»»: 

2011 թվականի ուսումնասիրությունների մասին 3 հաշվետվությունները կարելի է գտնել այստեղ »»». http://www.asparez.am/project/h1-monitoring/ 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը շահագրգիռ է ստանալ շահագրգիռ հանրության արձագանքը այս հաշվետվությանը: 

Մոնիտորինգի ծրագիրն իրականացվում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կամավորական ներդրումների (մոտ 4.667.000 դրամ), Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ (7.912.000 դրամ):

Մեկնաբանություններ (1)

ԳԱԳԻԿ
ԵԹԵ Հ1 ԳՈՎԱԶԴԻ ՊԱՏՎԵՐ ՍՏԱՆՒՄ Է ԻՍԿ ՊԱՏԿԱՆՈՂ ՄԻՋՆՈՐԴ ԳՈՎԱԶԴԱԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՐՈՂ Է ԵՎ ԱՐԺԵՔԸ ԿԱԶՄԻ ՐՈՊԵՆ հազ.ԴՐԱՄ.ԴԱ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ԱՅԴՊԵՍ ԷԼ ԼԻՆԻ....ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԱՏԿԱՏՈՎ ՄՏՆՈՒՄ Է ԻՆՉ ՈՐ ՄԵԿԻ ԳՐՊԱՆԸ....ԴԱ ՀԵՇՏ Է ՊԱՐԶԵԼ ՈՒՂԱԿԻ ՑԱՆԿՒՏՅՈՒՆ Է ՊԵՏՔ ՃՇՏԵԼՈՒ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter