HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի դեսպանին

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:

Ողջունելով եւ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ ` պարոն Աբրահամյանը բարձր գնահատեց ՀՀ եւ ԻԻՀ միջեւ բարեկամական հարաբերությունները, կարեւորեց փոխգործակցությունը տարբեր ուղղություններով, անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի էլ ավելի խորացումը: Նա համոզմունք հայտնեց, որ պարոն Ռեիսիի պաշտոնավարման ժամանակ հայ-իրանական հարաբերությունները էլ ավելի կզարգանան եւ կամրապնդվեն: «Այսօր առանց վարանելու կարելի է փաստել, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում»,-նշեց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանի խոսքով` երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հիմք է հանդիսանում նաեւ տնտեսական կապերի հետագա ընդլայնման եւ զարգացման համար: Ըստ Աժ նախագահի` երկկողմ տնտեսական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում գրանցել են դրական տեղաշարժ, սակայն դրանով չպետք է բավարարվել, քանի որ քաղաքական առումով բարձր մակարդակի շփումները պարտավորեցնում են գործնական քայլեր ձեռնարկել հարաբերությունների տնտեսական ոլորտը առավել զարգացնելու համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Իրանի դեսպանն ԱԺ նախագահին փոխանցեց ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ողջույնները եւ ԻԻՀ պաշտոնական այցի հրավերը, վստահություն հայտնելով, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը ԻԻՀ կխթանի միջխորհրդարանական կապերի խորացումը: Դեսպանը կարեւորեց երկկողմանի հարաբերությունների զարգացումը բոլոր բնագավառներում: Միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում երկուստեք կարեւորվեց պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար եւ իր լավագույն մաղթանքները խնդրեց փոխանցել ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին ու ԻԻՀ ժողովրդին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներին առնչվող եւ երկկողմանի հետաքրքրություն ունեցող այլ հարցեր եւս:  Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter