
Պատգամավորին վայել հուղարկավորություն
4 մլն դրամ եկամուտ ունեցող պատգամավորը 45 մլն դրամի հուղարկավորության ծախսեր է կատարել
«Ամբաստանյալ Վահե Հակոբյանի կատարած հանցագործության հետեւանքով ինձ, որպես տուժողի իրավահաջորդի, պատճառվել է վնաս` 600 մլն դրամի չափով, որն ի դեպ մտադիր եմ ամբողջությամբ տրամադրել Հայաստանի Հանրապետությունում գործող ծերանոցների, մանկատների նյութական ապահովության բարելավմանը, ինչպես նաեւ սահամանամերձ դպրոցների եւ մանկապարտեզների վերանորոգման համապատասխան հաշվեհամարներին: Դա կհանդիսանա ծնողի հիշատակի հավերժացման յուրօրինակ միջոց»,- Ազգային ժողովի պատգամավոր Սպարտակ Մելիքյանը այսպես է հիմնավորել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած իր քաղհայցը:
Վնասի փոխհատուցման պահանջ ներկայացրած պատգամավորը 600 միլիոն դրամի մեջ ներառել է հետեւյալ ծախսերը`
1. հիվանդանոցային ծախսեր` 2 միլիոն դրամ,
2. «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վնասի արժեք` 3 մլն դրամ,
3. թաղման արարողության ծախսեր` 15 միլիոն դրամ,
4. հոգեհացի արարողության ծախսեր` 20 միլիոն դրամ,
5. գերեզմանատան ծախսեր` 10 միլիոն դրամ,
6. բարոյական վնասի փոխհատուցում` 550 միլիոն դրամ:
ԱԺ պատգամավորն այս քաղհայցը դատարանին է ներկայացրել մայիսի 30-ին, Ազգային ժողովի 26.05.2011 թ. որոշումով համաներման որոշումն ընդունելուց մի քանի օր հետո, երբ պարզվել է, որ համաներումը տարածվում է նաեւ իր հոր մահվան պատճառով քրեական պատասխանատվության ենթարկվող անչափահաս Վահե Հակոբյանի վրա:
2011 թ. փետրվարի 24-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով իրար էին բախվել «ԳԱԶ» 31, «Մերսեդես» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով մահացել էր ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանի հայրը` Աբովյան քաղաքի բնակիչ Սեյրան Մելիքյանը:
«Մերսեդես» մեքենայի վարորդ, 17-ամյա Վահե Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Անչափահաս ամբաստանյալը 3 ամսից ավելի կալանքի տակ է գտնվում: Համաձայն ԱԺ համաներման մասին որոշման` համաներումով ազատ են արձակվում` «հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձինք, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել»:
Քանի որ այս քրեական գործը գտնվում է դատաքննության ընթացքում` դատարանը համաներումը պետք է կիրառեր այն ուժի մեջ մտնելու պահից եւ համաձայն համաներման մասին որոշման 13 կետի 1-ին մասի` պետք է կարճեր քրեական գործի վարույթն ու ազատ արձակեր ամբաստանյալին: Սակայն, քրեական գործի քննող Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Աբովյանի նստավայր), երբ դատաքննությունն ըստ էության ավարտված էր եւ դատավոր Հրայր Սարգսյանին մնում էր համաներումը կիրառելով ազատ արձակել ամբաստանյալին` պատգամավորը ներկայացրել է հիշյալ քաղհայցը:
Դատարանը վերսկսել է դատաքննությունը, սակայն հունիսի 8-ին նշանակված հերթական դատական նիստը տեղի չունեցավ, քանի որ պատգամավորի շահերի ներկայացուցիչը հեռախոսով դատարանին հայտնել էր, թե ինքը գտնվում է Վեդիում, առողջական խնդիրներ ունի եւ առաջիկա 5-6 օրերին չի կարող մասնակցել դատական նիստին: Սա կարելի է դիտարկել համաներման կիրառումը ձգձգելու միջոցներից մեկը, քանի որ դժվար է պատկերացնել, թե, ինչ հեռանկար կարող է ունենալ պատգամավորի ներկայացրած քաղհայցը, հատկապես, երբ նա ծախսերը հիմնավորող փաստաթղթեր չի ներկայացրել:
Նշենք միայն, որ ավտովթարի մասին առաջին հաղորդագրություններով տեղեկացվել է, որ Սեյրան Մելիքյանը բախման արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով, «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին, մահացել է»: Հետեւաբար, պատգամավորը չէր կարող 2 մլն դրամի հիվանդանոցային ծախսեր ներկայացնել, իսկ մնացյալը պարզապես ողջամտության սահմանում չէ:
Հետաքրքիր է նաեւ այն, որ «Պաշտոնատար անձի գույքի եւ եկամուտների հայտարարագրում ներառված տվյալների վերաբերյալ տեղեկանքում» պատգամավոր Սպարտակ Մելիքյանը 2009 թ.-ին ընդամենը 4 մլն 160175 դրամի եկամուտ է հայտարարագրել, իսկ իր ներկայացրած քաղհայցում 45 մլն դրամ է պահանջում որպես թաղման արարողության հետ կապված ծախսեր: 550 մլն դրամի բարոյական վնասի պահանջ ներկայացրած ԱԺ պատգամավորը ձեւացրել է, թե անտեղյակ է, որ բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը ներառված չէ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում:
Նշենք, որ այս ամբաստանյալի վրա չեն տարածվել նաեւ այլ մեղմացուցիչ հանգամանքներ: Պաշտպանական ճառում Վ. Հակոբյանի դատապաշտպան Աստղիկ Ղազարյանը նշել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվել քննության ողջ ընթացքում: Նշել է, որ «դատական պրակտիկայում չկա նման մի դեպք, երբ նմանատիպ արարքի համար անչափահաս երեխան ազատազրկման է դատապարտվել ու պատիժը կրել է ազատազրկման վայրում»:
Սակայն, պատգամավորին չվրդովեցնելու համար, պաշտպանյալն անգամ չի ցանկացել բողոքարկել իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքն ընտրելու որոշումը, որը առաջադրված հոդվածի` անչափահասի կողմից անզգուշաբար կատարված հանցագործության, դեպքում, չի կիրառվում:
Վ. Հակոբյանը նախաքննության ժամանակ ընդունել է իր մեղքը եւ դատարանին խնդրել է արագացված դատաքննություն իրականացնել, սակայն դրան դեմ է արտահայտվել գործով մասնակցող դատախազը: Վերջինս պատճառաբանել է, որ արագացված կարգ կիրառելու դեպքում առաջադրված հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի 2/3-ից ավել պատիժ չի կարելի նշանակել, այդ պատճառով առարկում է արագացված կարգ կիրառելու դեմ:
Լուս.` Գ. Շամշյանի
Մեկնաբանություններ (14)
Մեկնաբանել