Հանդիպում ապագա դիվանագետների հետ
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների հետ, ովքեր այդ հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ Արցախում են ճանաչողական այցով:
Ա. Հարությունյանը ողջունել է հյուրերին և հույս հայտնել, որ ԼՂՀ-ին և նրա խնդիրներին ավելի խորը ծանոթանալը կօգնի ապագա դիվանագետներին իրենց հետագա գործունեության ընթացքում, հատկապես` ԼՂՀ ճանաչման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի ժամանակ:
Վարչապետը ներկայացրել է ԼՂՀ կառավարության կողմից իրականացվող նախագծերը, նշելով, որ ԱԺ-ն շուտով, ամենայն հավանականությամբ, հավանություն կտա կառավարության գործունեության նոր ծրագրին, որում նախանշված են երկրի զարգացման առաջիկա 5 տարվա հիմնական ուղղությունները և տնտեսության գերակա ճյուղերը:
Պատասխանելով հյուրերի բազմաբնույթ հարցերին` Ա. Հարությունյանը անդրադարձել է հանքարդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, արտաքին քաղաքականությանն առնչվող և այլ ոլորտների հիմնախնդիրներին: Վարչապետը նշել է, որ ամեն ինչ արվում է տնտեսության զարգացման, առաջին հերթին` պարենային անվտանգության ապահովման և էներգիայի բավարար պաշարներ ունենալու համար: Համակարգված աշխատանքը, կառավարության ղեկավարի համոզմամբ, թույլ կտա ունենալ ՀՆԱ-ի տարեկան 9-11 տոկոս իրական աճ, զարգացման լավ տեմպեր տարբեր ոլորտներում: Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել