Տեսողության համաշհարհային օրը Հայաստանում նվիրված է մանկական կուրության կանխարգելմանը
Հայաստանում Տեսողության համաշխարհային օրը նշելու նպատակով Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) այս ամիս հանդես կգա միջոցառումների շարքով` ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ, Հայաստանի պետական կամերային նվագախմբի ու Երևանի Արաբկիր վ/շ հայորդաց տան համագործակցությամբ:
Տեսողության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի, աշխարհի շուրջ 100 երկրներում, հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը` նպատակ ունենալով բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող մարդկանց խնդիրներն աշխարհում:
«Այս տարի Տեսողության համաշխարհային օրը Հայաստանում որոշեցինք նշել «Լույս մանուկների աչքերին» խորագրով և անդրադառնալ մանկական կուրության կանխարգելման խնդիրներին` վերջերս մեկնարկած ԱՄՆ ՄԶԳ/ՀԱՆ Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի շրջանակում»,- ասաց ՀԱՆ-ի հայստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանն այսօր կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ:
Միջոցառումներն սկսվել են երեկ` հոկտեմբերի 11-ին, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում, որտեղ ՀԱՆ-ն անց է կացրել մեծահասակների ակնային զննումներ, ինչպես նաև տեղի երեխաների ու բնակիչների համար կազմակերպել անակնկալ: ՀԱՆ-ի հրավերով Հացիկ գյուղ էին ժամանել Երևանի Արաբկիր վ/շ հայորդաց տան սաները, ովքեր գյուղի միջնակարգ դպրոցի բակում անց են կացրել անսպասելի պարային ֆլեշ-մոբ` հրավիրելով բոլորին պարի (Ֆլեշ-մոբը կարող եք դիտել և ներբեռնել հետևյալ հղմամբ):
Ընթացքում տեղի բնակիչներին բաժանվել են Տեսողության համաշխարհային օրվան համահունչ ուղերձներով և օգտակար տեղեկատվությամբ թերթիկներ, ինչպես նաև Անհասության ռետիոնպաթիա ակնային հիվանդությունը նկարագրող հանրակրթական բրոշյուրներ:
Հոկտեմբերի 13-ին, ՀԱՆ-ի աջակցությամբ ԱՄՆ-ում վերապատրաստված բժիշկ Լիլիթ Մկրտչյանը հատուկ ակնային զննումներ կիրականացնի Երևանի թիվ 14 մասնագիտացված դպրոցում սովորող թույլ տեսողությամբ երեխաների համար:
Նույն օրը, ՀԱՆ-ը կմիանա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության բարեգործական նախաձեռնությանը Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում, որտեղ դեսպանատան աշխատակիցները կներկեն վերանորոգման կարիք ունեցող տեղի դպրոցի պատուհանները, իսկ ՀԱՆ-ը կիրականացնի ակնային զննումներ և հանրակրթական դասընթացներ տեղի բուժանձնակազմի և երեխաների համար:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք բարեգործական համերգները կեզրափակեն Տեսողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները: Հոկտեմբերի 23-ին Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ միասին երաժշտական հարուստ ծրագրով հանդես կգա աշխարահռչակ ջութակահար Լևոն Չիլինկիրիանը, ով Երևան է ժամանելու Մեծ Բրիտանիայից` ՀԱՆ-ի հատուկ հրավերով: Հոկտեմբերի 25-ին Լևոն Չիլինինկիրիանի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի մենակատարների հետ միասին հանդես կգա նաև Քաենի սիմֆոնիկ նվագախմբի (Ֆրանսիա) և Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահան Մարտիրոսյանը (պիանո): Տոմսերը շուտով կլինեն վաճառքում: Հետաքրքված անձինք պետք է դիմեն Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն (հեռ` 010 52 67 18): Համերգից ստացված ողջ հասույթը կուղորդվի Հայաստանում և տարածաշրջանում մանկական կուրության կանխարգելման ծրագրերին:
ԱՄՆ ՄԶԳ/ՀԱՆ Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն
Լույս մանուկների աչքերին
Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի (այսուհետ` ԳԿ) առաքելությունն է կանխարգել մանկական կուրությունը` ձևավորելով ակնաբուժական մասնագիտացված կարողություն Հայաստանում և տարածաշրջանում: Կենտրոնը ծառայելու է տարածաշրջանում բժիշկների միջև գիտելիքների փոխանակմանը և հմտությունների կատարելագործամը:
Կենտրոնի տեսլականն է կանխարգելել մանկական կուրությունը Հայաստանում և տարածաշրջանում` մասնագիտացված ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնելով երեխաներին:
Ներկայումս Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) բժիշկները անց են կացնում նորածին երեխաների ակնային զննումներ և անհրաժեշտության դեպքում իրականացնում են լազերային միջամտություն: Այս բուժման միջոցով հիմնականում հնարավոր է լինում կանխել անհասության ռետինոպաթիա (ԱՌ) հիվանդության պատճառով առաջացող կուրությունը: ԳԿ-ի միջոցով կհզորացվի ԱՌ հհիվանդության կանխարգելման և բուժման կարողությունները: Բացի այդ կկատարեագործվեն և ավելի բազմազան կդառնան ԱՌ և նմանատիպ հիվանդությունների բուժման մեթոդները, ինչը հնարավոր կդարձնի ավելի շատ կուրության դեպքեր կանխարգելել:
Ծրագրի շրջանակում հայ վիրաբույժները արդեն իսկ վերապատրաստում են անցել ԱՄՆ-ում, ինչպես նաև ապահովվել են անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումները և մասնագիտական համագործակցության զանազան գործիքները:
ԱՄՆ-ից անվանի ակնաբույժների շարունակական ներգրավումը ծրագրի աշխատանքներին կապահովի ամենաբարձր մակարդակի հետազոտություններ և բուժում: ԳԿ-ի նպատակն է հասնել ԱՌ բուժման և կանխարգելման այնպիսի մակարդակի, որպեսզի այն սահուն անցի արդեն տարածաշրջանային մակարդակի և օգնի կանխարգել մանկական կուրությունը հարևան և տարածաշրջանի երկրներում:
ՀԱՆ-ը կաշխատի զարգացնել և ձևավորել մասնագիտական կապեր տարածաշրջանում երկողմամնի այցելությունների, կատարելագործամ դասընթացների, օնլայն տարբեր պլատֆորմների միջոցով:
ԱՄՆ ՄԶԳ/ՀԱՆ Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել