
Արփի լիճը Բերդաշենի զարգացման համար նախադրյալներ կարող է ստեղծել
Շիրակի մարզի հյուսիսում գտնվող գեղեցկուհի Արփի լճի հարեւանությամբ ծվարած Պաղակն եւ Բերդաշեն գյուղերի տխուր բնապատկերը լքվածության աստիճանի չես համարի, բայց գոհացնող կամ աչք շոյող որեւէ բան չես էլ տեսնի, քանի դեռ չես հասել լճափ: Այստեղ կլիման ցուրտ լեռնային է, ձմեռը տեւական` հաստատուն ձնածածկույթով, ամռանը` զով:
Ծովի մակերեւույթից 2040 մ բարձրության վրա գտնվող Պաղակն գյուղում 1961թ.-ի հունվարի 24-ին գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը`-42,2: Երկու գյուղերից համայնքի կարգավիճակ ունի Բերդաշենը, Պաղակնը ընդգրկված է նրա վարչական տարածքում:
Մարզկենտոն Գյումրիից մոտ 40 կմ հեռավորության վրա գտնվող Բերդաշենը Ամասիայի տարածաշրջանի նախկին ադրբեջանաբնակ 9 գյուղերից մեկն է: 1989թ.-ին վերաբնակեցվել է Ախալքալակի շրջանի Փոկա գյուղից գաղթած ընտանիքներով: Ամասիայից Բերդաշեն ու մինչեւ Արփի լիճ 20 կմ անբարեկարգ, քանդված մի ճանապարհ է` անկախացումից հետո ասֆալտ ու նորոգում չտեսած: Մոտ 30 տարի առաջ արված լավորակ ասֆալտից տեղ-տեղ կարկատաններ են միայն մնացել ու դրանց տակից արդեն պարզորոշ երեւում են հավանաբար 20-րդ դարասկզբին արված գլաքարային ճանապարհի հետքերը:
Բերդաշենում հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Գյուղի արոտավայրերը ալպիական գոտում են: «Գյուղացու ստացած կաթն ու մածունը ծաղկահոտ են, բայց գնահատող չկա,- դժգոհում են տեղացիները,- կաթն առնում են ջրի գնով, առածի դիմաց էլ ամիսներով զլանում են վճարել»: Բերդաշենից 1 լիտրը 110-120 դրամով կաթը վերցնում են «Աշտարակ-կաթ» կազմակերպության ներկայացուցիչները:
«Աշունը չոքել է գյուղացու դռանը, ձմեռն էլ սարերի հետեւում չի, բայց արի ու տես, որ ամռանը վաճառած կաթի գումարը բերդաշենցիները դեռ չեն ստացել: Հետո էլ ասում են սեփական եկամուտները 100%-ով կատարի,- դժգոհում է համայնքապետը,-գյուղացու ձեռքին փող չկա, մերոնք անասնապահությունից ստացած եկամուտով են ապրում, ուրիշ աշխատանք գյուղում չկա»: Բերդաշենում «խոպանչիներ» չկան: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հովհաննես Հովհաննիսյանն ասում է, թե «դրսի հետ բերդաշենցիները սեր չունեն», իրենց հող ու ջրին կապված մարդիկ են: Այս տարի ընդամենը երկու հոգի է մեկնել ՌԴ արտագնա աշխատանքի, նրանք էլ շուտով վերադառնալու են, որովհետեւ դժգոհ են ստացած եկամուտից:
298 բնակիչ կամ 60 տնտեսություն ունեցող Բերդաշենում խնդիրները շատ են: Ընդամենը 4 մլն դրամ սեփական եկամուտ ունեցող համայնքում, սեփական միջոցներով որեւէ ծրագիր իրականացնելու համար չի օգնի երեւակայական մեծ հմտությունների տեր լինելն անգամ: Պետությունը 3,5 մլն դրամ դոտացիա է հատկացնում, բայց սա էլ «դարդին դարման չի անում»: 2008թ.-ին նախորդ համայնքապետից 7 մլն դրամ պարտքով է համայնքապետարանն ընդունել Համբարձում Ախցխեցյանն ու չորս տարի աշխատել է միայն պարտքերը փակելու ուղղությամբ (միայն երկու անգամ համայնքապետարանի հաշիվը կալանքի տակ է եղել): «Դե, էլ որտեղի՞ց ծրագրեր իրականացնեինք»,- հարցնում է համայնքապետը: Նախորդ համայնքապետի օրոք աշխատակազմը 7 հոգուց էր բաղկացած: Ներկայիս համայնքապետը թիվը կրճատել է հասցնելով երեքի՝ համայնքապետից բացի աշխատավարձ են ստանում աշխատակազմի քարտուղարն ու առաջատար մասնագետը: Պարտքեր այլեւս չեն կուտակում:
Բերդաշենի միջնակարգ դպրոցում 65 երեխա է սովորում: Այս տարի 6 առաջին դասարանցի են ունեցել: Ծնունդների թիվն էլ 2012թ.-ին ուրախացնող է` 7 ծնունդ է գրանցվել: Մյուս հուսադրողը Բերդաշեն-Պաղակն բնակավայրերի համար «Արփի լիճ» ազգային պարկ ծրագրի քիչ-քիչ ուրվագծվող պատկերն է համայնքապետարանի նորոգման եւ խմելու ջրագծի կառուցման աշխատանքների տեսքով:
«Մեզ մտահոգող ամենամեծ խնդիրը Ամասիա-Բերդաշեն ճանապարհի նորոգումն է»,- ասում է Համբարձում Ախցխեցյանը: «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով այս ճանապարհը պիտի կառուցապատվեր, սակայն 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերից հետո, երբ գումարները կրճատվեցին, բնականաբար հարցն էլ մեջտեղից դուրս եկավ:
Համայնքապետն ասում է, թե ասֆալտապատումը թանկ հաճույք է: Համաձայն է այն մտքի հետ, թե լավագույն տարբերակը կոպճայինն է, սակայն որքան էլ տարօրինակ է 2008-2012թթ.-ի համայնքի զարգացման քառամյա ռազմավարական ծրագրում խնդիրն ընգրկված չի եղել: «Ինչո՞ւ» հարցին համայնքապետի պատասխանը հետեւյալն է. «Դե, մենք դա չենք կարող անել, իսկ եթե կառավարությունը գումարներ ունենա, առանց մեր ասելու էլ կանի»: Զարմանալի լավատեսությամբ տոգորված համայնքապետը հավանաբար մոռացել է «մինչեւ երեխան չլացի, մայրը կուրծք չի տա» հայտնի ասացվածքն ու համբերատար սպասում է, թե երբ մի օր էլ հերթը Բերդաշենին կհասնի: Հիմա էլ հույս ունեն, որ «Արփի լիճ» ազգային պարկի ծրագրով այդ ճանապարհը կբարեկարգվի, ինչպես նկատեց գյուղի բնակիչներից մեկը. «գոնե իրանց մաշնեքի խաթեր ճամփեքը սարքեն»:
Հիմնովին վերանորոգման կարիք ունեցող Բերդաշենի միջնակարգ դպրոցում հնարավոր է մանկապարտեզ բացել, սակայն դարձյալ առաջ է գալիս որտեղից հավելյալ գումարներ գտնելու խնդիրը: Կրասարից Բերդաշեն 5 տարի առաջ հարս եկած Նվարդ Բաղդասարյանն աշխատում է դպրոցում եւ երկու մանկահասակ երեխաներին մեծ հաճույքով մանկապարտեզ կուղարկեր: «Ես էլ, ամուսինս էլ աշխատում ենք, 3 եւ 4 տարեկան երեխաներ ունեմ, Բերդաշենում, որ մանկապարտեզ լիներ, անպայման կուղարկեի, երեխաներին նայող չկա, շատ դժվար է»,- ասում է Նվարդը:
Բերդաշենում մանկապարտեզային տարիքի 30 երեխա կա: Համայնքապետն ասում է. «երկու ձեռքով կողմ եմ, որ գյուղում մանկապարտեզ լինի, բայց ինչպե՞ս պահեմ, անձնակազմի աշխատավարձը որտեղի՞ց տամ»: Քառամյա ռազմավարական ծրագրում այս հարցը նույնպես ընդգրկված չէ: «Մենք անիրատեսական ծրագիր իրավունք չունենք կազմելու, դրա համար էլ չենք գրել»,- արդարանում է համայնքապետը: Չեն գրել, չեն էլ ձգտել իրենց առջեւ խնդիր դնել ու հասնել այդ խնդրի լուծմանը: 2012թ.-ի սեպտեմբերին վերընտրված Համբարձում Ախցխեցյանն ասում է, որ որոշ մանր-մունր խնդիրներ փորձում է լուծել իր գրպանի հաշվին: Հիշում է մեկ օրինակ. 2008թ.-ին, երբ առաջին անգամ ընտրվել էր համայնքի ղեկավարի պաշտոնում, սեփական գումարներով գյուղում 7 կետ գիշերային լուսավորություն էր ապահովել, սակայն մի քանի օր է ցանցը գործել ու հիմա երեկոները գյուղամիջյան ճանապարհները կրկին չեն լուսավորվում:
Բերդաշենը 115 հա բնական խոտհարք ունի, 650 հա վարելահող, որից 350 հա-ը սեփականաշնորհված է, մնացածն էլ ցանկացողներին տրամադրում են վարձակալական հիմունքներով: 2012 հունվարի 1-ի դրությամբ գյուղում 1000 գլուխ խոշոր եւ 800 գլուխ մանր եղջերավոր անասուն կա, բայց այս տվյալները, ըստ համայնքապետի՝ մինչեւ տարեվերջ հնարավոր է փոփոխվի:
Սպանդանոցի եւ կաթի վերամշակման փոքր ձեռնարկության առկայությունը գյուղում բավական խնդիրներ կլուծի, ասում է Հովհաննես Հովհաննիսյանը: «Արփի լիճ» ազգային պարկի ծրագրով սպանդանոցը մեկ այլ համայնքում է կառուցվելու: Բերդաշենում ազգային պարկի տրամադրած գումարներով խմելու ջրագիծն է հիմնանորոգվում: «Մեր տրամադրած 350 հա արոտավայրի դիմաց ազգային պարկը պիտի որոշակի ծրագրեր իրականացներ, եւ քանի որ սպանդանոցը այլ համայնքում էին կառուցելու, մեզ համար կենսական նշանակություն ունեցող ջրի հարցը մենք կարեւորեցինք, հետո պարկի միջոցներով նորոգվեց համայնքապետարանի շենքը ու դրա շնորհիվ համայնքային կենտրոն էլ կունենանք»,- ասում է համայնքապետը:
Գյուղի երիտասարդությունը երազում է մարզադահլիճ ունենալու մասին: Համայնքապետը ձեռքերն է տարածում. 2004թ-ին մարզական շատ լավ գույք է տրամադրել «Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունը: Գույքը տրամադրվել է դպրոցին, սակայն, ըստ Համբարձում Ախցխեցյանի, անխնամ վերաբերմունքի է արժանացել ու հիմա պահպանելու նպատակով մարզագույքը պարզապես հավաքել է սպորտդահլիճից: «Երբ հարմար տարածք ունենանք, անպայման կկահավորենք»,- խոստանում է համայնքապետը:
Բանդիվան եւ Փոքր Սեպասար գյուղերին պատկանող հողատարածքները` համապատասխանաբար 540 հա վարելահող եւ 115 հա արոտավայր, որոնք կից են Բերդաշեն համայնքի վարչական տարածքին, կառավարության որոշումով անցնելու են Բերդաշենին: Դրա հաշվին Բերդաշենի սեփական եկամուտները աճելու են, ինչպես ասում են՝ որոշման արդյունքում մտածելու բան ունեն սեպասարցիները, քանի որ վերջիններս 100%-ով հարկատու են դառնում Բերդաշենին:
Ապագայում գրանցվելիք եկամուտների հաշվին Բերդաշենի համայնքապետն արդեն մտածում է գյուղում մանկապարտեզ ունենալու մասին: Կարեւորում են նաեւ մատուռի կառուցումը, սակայն այս ուղղությամբ տարվող աշխատանքները դեռ արդյունք չեն տվել`որեւէ բարերար չի արձագանքել բերդաշենցիների ցանկությանը: Գյուղում կառավարության աջակցությամբ եւ համայնքի 5% ներդրումով 5 կմ ջրագիծ է անցկացվում, իրականացվում է ջրարբերրիացման ծրագիր: Մեկ տարի առաջ, 2011թ.-ի մայիսի 7-ին, ստեղծվեց «Փոգա» արոտ օգտագործողների միավորումը 58 անդամով: Շիրակի մարզում կառավարության պիլոտային ծրագիրն իրականացնելու համար ընտրվել էր Բերդաշենը: Շնորհիվ կոոպերատիվի ձեռք են բերել որոշակի գյուղտեխնիկա:
Գյուղը գազիֆիկացված չէ, բերդաշենցիներն էլ հին ու բարի ավանդույթի համաձայն ջուրը տաքացնում, տաշտերի մեջ են լողանում: Կանայք լվացքը դրսում են անում, պարզաջրում սառը հոսող ջրի տակ: Մարիետա Զորօղլյանն ամուսնուց լվացքի մեքենա է ուզում: Ավագանու անդամ Սաշիկ Ախցխեցյանն էլ խեղճացած, ուսերը վեր քաշելով ասում է. «Համբերի՛, էս է ջրագիծը քաշեն-պրծնեն, տանը ջուր ենք ունենալու»: Ինտերնետ չունեցող համայնքում ձմռան երկար ու ձիգ երեկոների միակ զբաղմունքը հեռուստացույցն է: Ընթերցասեր հանրությունը գիրք կարդալուց զրկված է, Բերդաշենը չունի համայնքային գրադարան, ադրբեջանցիներից մնացած գրականությունը դեն են նետել, իսկ հայկական գեղարվեստական գրականություն չեն կարողանում ձեռք բերել: «Եթե գրքեր տրամադրեն, մենք էլ տեղ կհատկացնենք, համայնքային գրադարան կստեղծենք, գրադարանավարի հաստիք էլ կունենանք»,- խոստանում է համայնքապետը:
Մեկնաբանել