HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ եւ ՌԴ միջեւ ստորագրվել է մինչև 2020 թ. տնտեսական համագործակցության ծրագիր

Կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։ Նախքան ընդլայնված կազմով նիստի մեկնարկը, տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահներ` վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությունների նեղ կազմով հանդիպումը: 

Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանձնաժողովի առջև մեծ պատասխանատվություն է ծառացած՝ պահպանելու երկկողմ համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման այն մեծ ներուժը, որը ստեղծվել է երկարատև համատեղ աշխատանքների արդյունքում: 

«Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը և համագործակցությունը նորովի կխթանի երկու ժողովուրդների և պետությունների ռազմավարական հարաբերությունների զարգացմանը: Մեր երկրների միջև տնտեսական համագործակցությունը Հայաստանի տնտեսության համար ունի համակարգային նշանակություն և լոկոմոտիվ է հանդիսանում մեր երկրի տնտեսական զարգացման գործում: Այդ համատեքստում, մենք մեծապես կարևորում ենք հանձնաժողովի աշխատանքը և հետագայում էլ պատրաստ ենք ներդնել բոլոր ջանքերը նրա արդյունավետ աշխատանքի համար»,- ասել է վարչապետը: 

Ընդգծելով հայ-ռուսական տնտեսական կապերում արձանագրված աճը՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23 տոկոսով և կազմել 880 մլն դոլար: Ռուսաստանից Հայաստան ներկրումների ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 17 տոկոսով՝ կազմելով 640 մլն դոլար:

Վարչապետի խոսքով՝ հատուկ ուշադրության է արժանի ռուսական շուկա հայկական ապրանքների և ծառայությունների արտահանման աճը. 2012-ի առաջին ութ ամիսների ընթացքում 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 50 տոկոսով և կազմել 168 մլն դոլար: «Սա Հայաստանի առկա տնտեսական աճի կարևոր գործոններից մեկն է»,- ասել է կառավարության ղեկավարը: 

Ինչ վերաբերում է երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը՝ վարչապետն ընդգծել է ռուսական «Սիտրոնիկս» ընկերությանը պատկանող «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի և Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) տարածքներում ազատ տնտեսական գոտիների գործունեության ուղղությամբ տարվող աշխատանքներում արձանագրված առաջընթացը:

Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ այս ծրագրերը բարձր տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության առաջատար գործոններից մեկն է: «Այս ծրագրերը կարող են վերածվել երկկողմ տնտեսական համագործակցության հիմնական բաղադրիչի և, վստահ եմ, կուրվագծեն հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հետագա ուղղությունները»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը ևս գոհունակություն է հայտնել հանձնաժողովի աշխատանքներից: «Ցանկանում եմ ընդգծել, որ հանձնաժողովի շրջանակում մենք կարողանում ենք հասնել փոխհամաձայնության անվերապահորեն բոլոր հարցերում, ինչը մեծապես նպաստում է երկկողմ տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում համագործակցության հետագա զարգացմանը: Կարծում եմ դրա հիմքը երկկողմ փոխշահավետ տնտեսական շահերի հիման վրա ստեղծված հայ-ռուսական դարավոր բարեկամությունն է»,- ասել է Մաքսիմ Սոկոլովը: 

Նիստի մասնակիցները քննարկել և որոշումներ են ընդունել տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի` 2011 թ-ին կայացած 13-րդ նիստի արձանագրության կատարման ընթացքի, երկկողմ իրավապայմանագրային դաշտի և առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հումանիտար ոլորտներում ծավալված համագործակցության մասին:

Նիստի ավարտին Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիրը, ինչպես նաև տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի արձանագրությունը։

Վարչապետ Սարգսյանը կարևորել է երկկողմ երկարաժամկետ համագործակցության ծրագրի ստորագրումը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գործում: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter