
Նախարարը նույնիսկ նվերի չարժանացրեց 80-ամյա արտիստուհուն, թատրոնի տնօրենն էլ իրականությունից այլ բան է ասում հոբելյարի վերաբերյալ
Ռոզա Մխիթարյանի 80-ամյակը անցյալ տարվա սեպտեմբերի 6-ին է լրացել, բայց Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում այն նշվեց այս տարի՝ սեպտեմբերի 29-ին: Հետաքրքրվեցինք, թե ինչու է թատրոնը 1 տարի ուշացումով շնորհավորում իր 4 ժողովրդական արտիստներից մեկին ու սիրված դերասանուհուն:
Թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը հետևյալ պատճառաբանությունը բերեց. «Մշակույթի նախարարության հետ համաձայնացրած էր, որ անցյալ տարի պիտի նշենք, ինչ խոսք մենք մեծ հոբելյանի էինք պատրաստվում 80-ամյակի: Ուղղակի մեր հոբելյարի խնդրանքով, ինքն անձնական ինչ-որ մի փոքրիկ պրոբլեմներ ուներ, խնդրեց, որ մենք դա անենք 12 թվականին»,-ասաց տնօրենը: Ճշգրտող հարցին՝ իրո՞ք դերասանուհու խնդրանքով է հետաձգվել, կրկնեց. «Միանշանակ իր խնդրանքով: Այնպես որ, դա հաճույքով է արվում, և կարող ենք անգամ դա 13 թվականին անել: Միայն իր խնդրանքով»:
Թատրոնում հոբելյանական երեկոյի նախապատրաստության մասին նշեց. «Վահե Շահվերդյանի հետ (թատրոնի գեղարվեստական ղեկավար - հեղ.) քննարկեցինք, հետաքրքիր իր բովանդակությամբ, իր ոճով: Պետք է հյուրասիրություն լինի, պետք է գինիներով, անգամ թույլ ենք տալիս հանդիսատեսը գա իր փոքր ճառն ասի, ողջույնը ասի: Այնպես որ, մի քիչ տարօրինակ ձևով է, շատ ճաշակով է սարքված: Ինձ թվում է՝ ժուռնալիստները հիացած կլինեն և մեր հանդիսատեսի հետ միասին իրենք կծափահարեն»:
Ինչ վերաբերում է միջոցառման համար ծախսված գումարին, Չախմախչյանն այն ամբողջությամբ թատրոնի բյուջեին վերագրեց, ոչ մի կերպ, սակայն, չցանկանալով նշել գումարի չափը. «Այո, մեր միջոցներից… Դե, բնական բան է… Այդպես մենք մեր ներկայացումներն ենք տալիս՝ արտաբյուջեից, բյուջեից՝ ոչ, մի փոքր մաս ենք հատկացրել, շատ չէ, փոքրիկ նվերներ, փոքրիկ հրավիրատոմսեր, հայտարարություններ: Չէ, չեմ կարա ասեմ չափը, հլը չեմ հաշվել: Կներեք, դա թատրոնի, մեր ֆինանսական գաղտնիքն է, այնպես որ, դա չի հրապարակվում»:
Հարցին՝ ի՞նչ է նվիրելու թատրոնը դերասանուհուն, ասաց. «Գեղեցիկ նվեր, ինձ թվում է՝ կհավանի և իր տան մի անկյունը կզարդարի»:
Չախմախչյանը հերքեց մեր այն տեղեկությունները, որ թատրոնի 80-ամյակի առթիվ անցած տարի նախարարության կողմից գումար է հատկացվել՝ նաև հոբելյանները նշելու համար:
«Անգամ մեր 80-ամյակի հոբելյանը մեզ քաղաքապետն է օգնել, Ազգային ժողովը և մարզպետը: Նախարարությունից միայն բարոյական աջակցություն, ողջյուններ, մեդալներ: Այլ նպատակներով հատկացումնե՞ր. դա ուրիշ թեմա է, այդ հատկացումը այսօրվա մեր երեկոյի հետ բացարձակապես կապ չունի: Միշտ հիշեք՝ եթե կառավարական հոբելյան չի, ոչ մի պետական աջակցություն չի գալիս, պետությունն այդպիսի գումար չունի հատկացնելու այսպիսի միջոցառումների»,-եզրափակեց պետական պաշտոնյան:
Հոբելյարին էլ այսպես ներկայացրեց. «Մեր բարեհամբույր, մեր ամենատարեց, ամենագեղեցիկ, ամենաերիտասարդ կինն է, բոլորս սիրում ենք, թատրոնում անգամ նախանձվում են իմ վրա, որ ես ամենաշատն իրեն եմ սիրում»:
Մինչդեռ դերասանուհի Ռոզա Մխիթարյանի հետ զրույցից շատ բան պարզվեց. Նախ՝ նրա հոբելյանն իր խնդրանքով չի հետաձգվել. թատրոնի 80-ամյակին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ներկայությամբ որոշվել է, որ նշվելու է նաև դերասանուհու 80-ամյակը՝ դեռ անցած տարի: Վերջինս համբերատար սպասել է և իր լռակյաց բնավորության պատճառով երկար ժամանակ չի հիշեցրել տնօրինությանն այդ մասին: Եվ միայն տարվա վերջում, քանի որ այդ հարցը հետաքրքրում էր իր հանդիսատեսին ու հարազատներին, հարցրել է տնօրենից, թե երբ է նշվելու իր 80-ամյակը: Տնօրենն այդպես էլ անպատասխան է թողել հարցը մինչև վերջերս, երբ 81 տարեկանում վերջապես նշվեց նրա 80-ամյակը:
Եվ հակառակ տնօրեն Չախմախչյանի հավաստիացումներին, թե «մի քիչ տարօրինակ ձևով ու շատ ճաշակով, իր բովանդակությամբ հետաքրքիր» միջոցառում է սպասվում, որի ընթացքում «հյուրասիրություն կլինի գինիներով», և «ժուռնալիստները հիացած կլինեն ու հանդիսատեսի հետ միասին իրենք կծափահարեն», բայց այդ օրը դալիճում հնչող ծափահարությունները թերևս միայն հոբելյարի խաղի ու նրա վաստակը ներկայացնող աղքատիկ ու ժլատ խոսքերի և շնորհավորանքների կապակցությամբ էին:
Իր կյանքի 60 տարիները թատրոնի բեմին նվիրած ժողովրդական արտիստուհին չներկայացվեց ու չմեծարվեց ըստ արժանվույն: Ավելին՝ երեկոն անցավ վանաձորյան «սուղ» արվեստասեր հասարակության շրջանում՝ մի քանի գրող, նկարիչների և դերասանուհու երկրպագուների մասնակցությամբ. Վանաձորից դուրս հյուրեր չկային:
Քաղաքի 4 հեռուստաընկերություններից ոչ մի լրագրող չէր եկել՝ լուսաբանելու միջոցառումը: Վանաձորի քաղաքապետն ու Լոռու մարզպետը նույնպես ներկա չէին միջոցառմանը: Նրանց փոխարեն դերասանուհուն շնորհավորեցին քաղաքապետարանի և մարզպետարանի աշխատակիցները՝ փոքր նվերներով:
Միջոցառմանը ներկա չէր նաև Թատերական գործիչների միության նախագահը, որի փոխարեն դերասանուհուն շնորհավորեց թատերագետ Լևոն Մութաֆյանը՝ հայտարարելով, որ ԹԳՄ-ն պարգևատրում է նրան ոսկե մեդալով, որը նրան կհանձնեն ավելի ուշ՝ հոկտեմբերի 5-ին: Մինչդեռ պարգևը մինչ օրս չի հասել հասցեատիրոջը:
Միջոցառման գլխավոր բացակաների թվում էր նաև մշակույթի նախարարը: Հասմիկ Պողոսյանի փոխարեն էլ միայն մի փոքրիկ ծաղկեփնջով հոբելյարին շնորհավորեց նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը, որը 1-2 ամիս է, ինչ պաշտոնի է նշանակված:
Ի դեպ, թատրոնի ղեկավարությունն առաջարկել էր դերասանուհուն, որ եթե կարողանա տոմս վաճառել կամ հովանավոր գտնել, նրա հոբելյանին նաև հյուրասիրություն կկազմակերպեն: Բայց երբ տիկին Ռոզան խոստովանել էր, որ ապաշնորհ է նման հարցերում, Վահե Շահվերդյանը խորհուրդ էր տվել նրան գոնե տորթ պատվիրել: 80-ամյա միայնակ դերասանուհին 60 հազար դրամով տորթ է պատվիրել, 40 հազար դրամով էլ օպերատոր կանչել, որ միջոցառումը նկարահանի ու պահի անձնական տեսադարանում:
Որքան էլ զարմանալի է, բայց արտիստուհին չի արտահայտում իր վիրավորանքը. «Հանդիսատեսի սերն ու համակրանքը ինձ համար ամենաբարձր կոչումն ու մեդալներն են: Իմ երջանկությունը իմ սիրելի մասնագիտության մեջ է,-ասում է Ռոզա Մխիթարյանը,- Չեմ էլ սպասում նվերների: Մի ծաղկով էլ ես ուրախացող եմ: Ավելի շատ սիրում եմ տալ, քան վերցնել: Վաղարշ Բոգդանիչի խոսքն էր, որ ես չեմ մոռանում, ասաց՝ «Քեզ շատ կզբաղեցնեն, բայց ստվերում կպահեն. դերասանուհին պետք է այդքան խելոք չլինի, պետք է մի քիչ համարձակ լինի»:
Մեկնաբանություններ (54)
Մեկնաբանել