Կայացավ Բրինկենի հայերեն օրատորիայի հայաստանյան պրեմիերան
Հոկտեմբերի 10-ին Նարեկացի արվեստի միությունում երաժշտական բացառիկ իրադարձություն էր` հանդիպում կոմպոզիտոր Ալեքսանդր Բրինկենի հետ, ով ներկայացրեց Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված «Երգ Հայաստանի մասին» իր նոր օրատորիան:
Երեք խոշոր մասերից կազմված ստեղծագործությունը գրված է երկու ասմունքողի, խառը մեծ երգչախմբի, հայկական ժողնվագարանների անսամբլի և լիակազմ սիմֆոնիկ նվագախմբի համար: Հատկանշական է, որ օրատորիայի ողջ լիբրետոն կազմված է Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ավետիք Իսահակյանի և Վահագն Դավթյանի արևելահայերեն և արևմտահայերեն բանաստեղծություններից: Այս հանգամանքով էլ պայմանավորված է, իր ելույթում մասնավորեցրեց կոմպոզիտորը, 2 ասմունքողի առկայությունը օրատորիայում, քանզի նա նախատեսել է, որ արևմտահայերեն և արևելահայերեն տեքստերից յուրաքանչյուրը պետք է ընթերցվեն լեզուներից յուրաքանչյուրին փայլուն տիրապետող վարպետների կողմից:
Օրատորիայի առաջին մասը վերնագրված է «Հայրենի հողի երգեր» և կազմված է Դանիել Վարուժանի բնագրերի հիման վրա ստեղծված 5 առանձին դրվագներից՝ «հայկական լեռների երգ», «հերքի երգ», «ձնի երգ», «ցորենի երգ», «հունձքի երգ»: «Ցասումի ու վշտի երգեր» վերնագրով երկրորդ մասում զետեղված են հատվածներ Դ. Վարուժանի «Ջարդը», Սիամանթոյի «Մահվան տեսիլք» և Վ. Դավթյանի «Ռեքվիեմ» նշանավոր բանաստեղծական ստեղծագործություններից: Երրորդ մասը՝ «Վերածնունդ, և հույսի երգեր», կազմված է երեք դրվագից. «Հայկական լեռների երգը», «Վերածնվող հայրենիքի գովերգ» (Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա), «Հրավերք պայքարի» (Դ. Վարուժանի «Ձոն» բանաստեղծության հիման վրա):
Ողջ դասախոսությունն Ալեքսանդր Բրինկենը վարեց հայերենով, որին կոմպոզիտորը փայլուն է տիրապետում և որը նա սկսել է ուսումնասիրել 1975թ., երբ, Սանկտ Պետերբուրգից այցելելով Հայաստան՝ մասնակցելու համամիութենական երաժշտագիտական համաժողովի, սիրահարվել է հայ ժողովրդին և մշակույթին: Վերջնականապես է սիրահարվել` ավելի տեղին կլիներ ասել, քանզի իր խոսքում նա հավելեց.
«Դեռ ուսանողական տարիներին, երբ ուսանում էի Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, մենք անցնում էինք «Խորհրդային Միության ժողովուրդների երաժշտություն» առարկան, և միակ կոմպոզիտորը, որն ինձ ամենից տպավորեց ու մեծ հարգանք առաջացրեց ինձ մոտ` Կոմիտասն էր, ու մասնավորապես նրա դաշնամուրի համար գրված «Չինար ես»-ը»:
Կոմպոզիտորի բացման խոսքին հաջորդեց օրատորիայի համակարգչային պարտիտուրայի ձայնագրության ունկդրումը, որն անցավ էլեկտրական մթնոլորտում: Ավարտին, Նարեկացի արվեստի միությունում ողջունելով կոպոզիտորին, կենտրոնի հիմնադիր Նարեկ Հարթունյանը նրան հանձնեց Միության ավանդական նուռը և Նարեկացի արվեստի միության հրատարակած` Վահան Արծրունու և Հասմիկ Բաղդասարյանի «Մաշտոց. սրբազան մարգարիտներ» երաժշտական ալբոմը: Հաջորդեց ջերմ հարցուպատասխան, որի ժամանակ, խոսելով նորաստեղծ օրատորիայի գեղարվեստական արժեքի մասին, բոլորը նաև փաստում էին մեծակտավ երաժշտական ստեղծագործության խորհրդանշային կարևորությունը, քանզի այն ոչ հայազգի կոմպոզիտորի հեղինակած երաժշտական պատում է Հայոց Մեծ Եղեռնի շուրջ` հրեշավոր այդ արհավիրքի զոհը դարձած պոետների ստեղծագործության հիման վրա:
Շվեյցարացի երգահան, դաշնակահար, երգեհոնահար և հայագետ Ալեքսանդր Բրինկենը (ծն. 1955 թ.) նաև հեղինակել է երեք սիմֆոնիա, «Ձնե թագուհի» բալետը, լատինական պատարագ եւ մի շարք այլ երաժշտական ստեղծագործություններ:
Նարեկացի արվեստի միություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել