HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Թե ինչպես քննիչը հորը մեղադրեց աղջկան բռնաբարելու հոդվածով

2009 թվականի դեկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, Սաշա Դավթյանին արդարացրեց` աղջկան բռնաբարելու մասով: Թեեւ քննիչների «սարքած» գործը հենց դատարանում փլուզվեց, քանի որ չկարողացան բռնաբարության մեղադրանքը բարդել Ս. Դավթյանի վրա, այնուամենայնիվ, դատավորը նրան դատապարտեց 4 տարվա ազատազրկման աղջկան` Կարինեին խոշտանգելու համար:

Դատարանում պարզվեց, որ Սաշա Դավթյանը չի բռնաբարել 17-ամյա դստերը` Անահիտին, բայց դրանից ոչինչ չփոխվեց, քանի որ իրական հանցագործներն ազատության մեջ են եւ վայելում են ոստիկանների լիակատար աջակցությունը: Ըստ շրջանառվող լուրերի` Անահիտին բռնաբարողը` Տիգրանը, բարձրաստիճան ոստիկանի եղբայր է:

Ինչպես գործը վարող ոստիկանության գլխավոր քննչական վարչության քննիչ Ռուբեն Վարդանյանը, այնպես էլ դատավոր Ռուզաննա Բարսեղյանը անտեսել են նախաքննության եւ դատաքննության ընթացքում հայտնի դարձած բազմաթիվ փաստեր: Կարինեն պատմեց, որ քրոջ անհետանալուց հետո հայրը գնացել է ոստիկանական բաժանմունք եւ հայտարարություն է տվել աղջկա անհետանալու մասին:

«Անահիտից մեկ ամսից ավելի տեղեկություն չունեինք: Պապան սկսեց նրան փնտրել, դիմեցինք Թալինի ոստիկանություն: Այդ ընթացքում նրանք ոչ մի բան չեն ձեռնարկել: 2008 թվականի սեպտեմբերի 14-ին, որ մեծ քույրս Անահիտին բերեց տուն, Թալինի ոստիկանները պապային ու Անահիտին տարան Թալին, որ ցուցմունք վերցնեն»,- պատմում է Կարինեն:

Սկզբում գործը վարում էր քննիչ Արտակ Քալաշյանը: Նա մեկ անգամ էլ Կարինեից է ցուցմունք վերցրել: Աղջկա ասելով` քննիչը «շատ մարդկային է վերաբերվել» իր հետ: Նույնիսկ հատուկ զգուշացրել է, որ ցուցմունք գրի միայն իր իմացածի մասին:

«Դրանից հետո անցավ մեկ տարի: 2009-ի մայիսին մեր տուն Թալինից ոստիկան եկավ, հորս ասեց, որ Արտակ Քալաշյանը գալիս է Թալին եւ մենք պիտի գնանք, որ Անահիտի գործը փակի: Մոտ 2 ժամ Թալինի ոստիկանությունում սպասել ենք, արդեն երեկոյան ժամը 9-ն էր, 2 անծանոթ մարդիկ եկան զենքերով, մեզ նստացրին մեքենան ու տարան Երեւան: Մեքենայից որ իջանք, պապան միայն հասցրեց ինձ ասել, որ զգույշ լինեմ, անծանոթ տեղ է: Ինձ ու պապային առանձին սենյակներ տարան»,- հիշում է Կարինեն:

Նրա ասելով` մեկ ժամից ավելի իրեն նստացրել են մի սենյակում, ու այդ ընթացքում անընդհատ քաղաքացիական հագուստով մարդիկ են մտել ու դուրս եկել: Նրանք չեն էլ իմացել, թե որտեղ են գտնվում: Ոստիկաններից մեկը խաբել է` ասելով, թե 6-րդ վարչությունում են: Հետո են իմացել, որ Կենտրոնի ոստիկանությունում են եղել: Հետո է նաեւ պարզվել, որ Արտակ Քալաշյանից գործը վերցրել են եւ հանձնել Ռուբեն Վարդանյանին:

«Քննիչ Ռուբեն Վարդանյանը 2 մարդու հետ եկավ սենյակ ու ասաց` դե սկսի պատմելը, թե ոնց ա հերդ բռնաբարել քրոջդ ու ինքն էլ դրա համար տնից փախել է: 2 օր` գիշեր-ցերեկ, էդ մարդիկ ինձ հանգիստ չէին տալիս: Ինձ այլանդակ հայհոյանքներ էին տալիս, քաշքշում էին»,- ասում է Կարինեն: Նա այդ ընթացքում տեսել է, որ ոստիկանական բաժանմունք են բերել նաեւ քրոջը՝ Անահիտին:

Անահիտն էլ «Հետքին» պատմեց, որ «Հին ամրոց»-ից փախչելուց հետո իր հետ կատարվածի պատճառով ամաչել է տուն գնալ եւ փող աշխատելու համար պարել է Երեւանի գիշերային ակումբներից մեկում:

«Մի օր կանչեցին տնօրենի սենյակ: Մի 4-5 հոգի տնօրենի սենյակում նստած էին: Նրանցից մեկին` Էրիկ Պողոսյանին հետո եմ ճանաչել: Նա ոստիկանության հետախուզության աշխատող է: Մեկն էլ Հովհաննիսյան Արթուրն էր` Երեւանի Կենտրոնի ոստիկանության աշխատակից: Գիշերվա ժամը 1-ի կողմերն էր, ասին` պիտի գաս բաժին, մի կես ժամվա գործ կա Տիգրանի մասով: Իբր պիտի թղթեր ստորագրեի ու հետ գայի: Ինձ տարան ոստիկանություն, մեկ ժամի չափ նստած էի ու ոչ մի բան չէին ասում: Հետո Արթուր Հովհաննիսյանը եկավ, գոռգոռալով ասեց, թե` աղջիկ ջան, էս ի՞նչ ես սարքում մեր գլխին: Հերդ գնացել է ոստիկանության Թալինի բաժին, ասել է, որ ինքն է քեզ բռնաբարել, դու էլ մեղքը գցում էս ուրիշ տղերքի վրա: Զարմանքից քարացել էի: Ասի` չեմ հավատում, իմ հորը բերեք իմ առաջը կանգնի, նույն բաներն ասի»,- պատմում է Անահիտը:
Երբ երկու քույրերն ու նրանց հայրը ոստիկանության բաժանմունքի տարբեր սենյակներում են եղել, Կարինեն լսել է, թե ինչպես են հորը ծեծում: Աղջկա պատմելով` բացի ֆիզիկական բռնությունից, քննիչ Ռ. Վարդանյանն իրեն նաեւ հոգեբանական ճնշման է ենթարկել: Քննիչն ասել է, թե իբր գյուղից իմացել է, որ հենց Սաշան է սպանել աղջիկների մորը եւ դրանից հետո հարբեցող է դարձել ու անընդհատ ծեծել է նրանց: Նշենք, որ Սաշա Դավթյանի կինը մահացել է քաղցկեղից:

«Ռուբեն Վարդանյանն ասում էր, որ ես իրավունք չունեմ ապրելու, որովհետեւ հայրս հանցագործ է: Էրիկ Պողոսյանն էլ ասում էր, որ եթե գրեմ, որ հայրս է բռնաբարել քրոջս, խիղճս կհանգստանա»,- հիշում է Կարինեն: Նրա ասելով` ոստիկանությունում իրեն ծեծել են, հարվածել գլխին ու բազմաթիվ սպառնալիքներ հնչեցրել:

Սենյակներից մեկում նույն վիճակում են պահել նաեւ Անահիտին: Աղջկա պատմելով` Ռուբեն Վարդանյանը ծեծել ու խոշտանգել է իրեն: «Ինձ ոչ հաց էին տալիս, ոչ ջուր: Զուգարան էլ չէին թողնում գնալ: Արթուր Հովհաննիսյանը, Էրիկ Պողոսյանն ու Ռուբեն Վարդանյանը չէին թողնում նույնիսկ քնեի: 4 օր ինձ այդ վիճակում են պահել: 4-րդ կամ 5-րդ օրը ուշաթափ վիճակում գրել եմ, որ հայրս է ինձ բռնաբարել: Նրանց ուզածը դա էր, ես էլ չէի ուզում հորս զրպարտեի»,- ասում է Անահիտը: Աղջկա պատմելով` երբ իր եւ հոր միջեւ առերեսում են կազմակերպել, նույն սենյակում 10-ից ավելի մարդ է գտնվել:

«5-6 հոգի իմ առաջն էին կանգնել, 7-8 հոգի էլ պապայիս մոտ, որ չկարողանայինք իրար տեսնել: Հենց ըտեղ Վարդանյան Ռուբենը ոտքով խփեց պապային ու գցեց գետնին, ես դա տեսա: Այնքան մարդ կար առերեսման ժամանակ, որ համոզված եմ, եթե իրանց ասածները չանեինք, ինձ էլ կվնասեին, հորս էլ: Ինչ որ թղթեր ստորագրեցի ու դրանից հետո ինձ բաց թողեցին»,- նշում է Անահիտը:

Ոստիկանությունից դուրս գալով` Անահիտը հասկացել է, որ իրեն բռնաբարելու մեջ մեղադրել է հորը, կտրելով երակները` փորձել է այդ կերպ ինքնասպան լինել:

Քննիչը առերեսման նույն մեթոդն էլ կիրառել է Կարինեի ու Սաշա Դավթյանի առերեսման ժամանակ: Կարինեի ասելով` այդ ժամանակ ինքը ոչ մի ցուցմունք իր ձեռքով չի գրել. «Վարդանյան Ռուբենն է գրել, ես էլ ստորագրել եմ»: Նշենք, որ առերեսումների ժամանակ ոչ հայրն է աղջիկներին հարցեր տվել, ոչ էլ աղջիկները` հորը: Պարզապես քննիչը աղջիկների մոտ հորը ծեծելով` վախեցրել է նրանց եւ կորզել իր ուզած ցուցմունքները:

Քննիչը մի քանի ոստիկանների հետ աղջիկներին բերել է տուն, որպեսզի տնից վերցնեին այն սավանը, որի վրա իբր Սաշա Դավթյանը բռնաբարել է դստերը եւ Անահիտի ներքնազգեստը:

«Մինչեւ մեր տուն հասնելը Ռուբեն Վարդանյանն ինձ ասաց, որ մեր տնից ադիալ կամ պրոստին վերցնեմ ու մեկ էլ իմ ներքնաշորերից մեկը ու ասեմ, որ այդ շորի վրա է ամեն ինչ եղել: Ինձ սպառնաց, որ իրենց ձեռքից չեմ պրծնի, եթե ասածը չանեմ ու ավելի վատ բաներ կանեն իմ հետ: Ես էլ իրենց ասածն արեցի»,- պատմեց Անահիտը:

Դրանից հետո աղջիկներին նորից տարել են ոստիկանական բաժանմունք: Կարինեի ասելով` 4-5 ոստիկան իրեն թելադրել է, որ ցուցմունք գրի հոր դեմ: «Գրեցի, որ իբր սպանության փորձ եմ արել, որ իմացել եմ հայրս Անահիտին բռնաբարել է եւ իբր հայրս ինձ խոշտանգել է»,- ավելացրեց Կարինեն: Նշենք, որ դատակենսաբանական փորձաքննության ժամանակ պարզվել է, որ Անահիտի մատնանշած ներքնազգեստի եւ ծածկոցի վրա (որի վրա իբր կատարվել է բռնաբարությունը) չեն հայտնաբերվել արյան եւ սերմնահեղուկի հետքեր: Սաշայի կողմից խոշտանգելու մասով էլ Կարինեի մարմնի վրա հետքեր չեն հայտնաբերվել:

Կարինեն 2 անգամ գնացել է ոստիկանություն, որպեսզի հոր դեմ տված ցուցմունքը փոխի, սակայն Ռ. Վարդանյանը նրան թույլ չի տվել: Քննիչը նրան թույլ չի տվել նաեւ փաստաբան ունենալ:

«Ինքն ինձ ասում էր` դա անհնար է, ես փաստաբան չպիտի ունենամ: 3-րդ անգամ արդեն փաստաբանի հետ եմ մտել ոստիկանություն ու ցուցմունքս փոխել»:

Աղջիկը դիմումներ է գրել դատախազություն, Մարդու իրավունքների պաշտպանին` ներկայացնելով իրենց հետ կատարվածը: Անահիտը նույնպես գլխավոր դատախազին դիմում է գրել, որ իրեն ստիպել են կեղծ ցուցմունքներ գրել:

Այստեղ քննիչը թույլ է տվել եւս մեկ կոպիտ խախտում, որը «վրիպել» է մեղադրող դատախազի եւ դատավորի ուշադրությունից: ՀՀ Սահմանադրության հոդված 22-ի համաձայն` «Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ…Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը»: Քննիչ Ռ. Վարդանյանը ոչ միայն Անահիտին ու Կարինեին չի բացատրել օրենքի այս դրույթը, այլ ընդհակառակը` սպառնալիքով նրանցից հոր դեմ ցուցմունքներ է վերցրել:

Ցանկալի ցուցմունքը ստանալուց հետո քննիչը Անահիտին բաց է թողել: Նա մեկ օր մնացել է Երեւանում ու ընկերուհու հետ վախից մեկնել Ջերմուկ: Անահիտը մոտ 2 ամիս մնացել է Ջերմուկում, հետո` Չարենցավան քաղաքում, որտեղից էլ հարազատների օգնությամբ ետ է եկել տուն: Երբ գործն արդեն դատարանում էր, եւ Սաշա Դավթյանի երկու աղջիկներն էլ հայտարարել էին, որ քննիչն իրենց ճնշել է, այդ պատճառով են կեղծ ցուցմունքներ տվել, իրավապահ մարմինները սկսել են այլ քայլեր ձեռնարկել, քանի որ իրենց սարքած գործը փլուզվում էր:

Ռուբեն Վարդանյանը սկսել է որոնել Անահիտին: Հարազատներն աղջկա անվտանգությունից ելնելով նրան պահել են իրավապահ մարմինների ուշադրությունից հեռու: 2009-ի սեպտեմբերի 1-ի դատաքննության ժամանակ պետք է լուծվեր նաեւ Անահիտի պաշտպանի հարցը: Քանի որ նրա անձնագիրը քննիչի մոտ է եղել, դատաքննությունը հետաձգվել է: Մի քանի րոպե անց Ռուբեն Վարդանյանը դատարան է եկել մի ամբողջ շքախմբով եւ քաշքշելով փորձել առեւանգել Անահիտին: Նրան շփոթել են քրոջ հետ եւ ամուսնացած քրոջն են տարել ոստիկանական բաժանմունք: Մեկ ժամ հետո քրոջը ետ են բերում ու փորձում են Անահիտին տանել` իբր հարցաքննության: Քանի որ նրա ներկայացուցչի հարցը լուծված չի եղել, Ս. Դավթյանի փաստաբան Խանում Մկրտչյանն ու աղջիկների հարազատները կարողացել են հարցաքննությունը տեղափոխել հաջորդ օրը: Ոստիկանները Աշտարակից մինչեւ Թալին հետապնդել են Անահիտին: Այդ գիշեր ոստիկանների մեքենաները մի քանի ժամ շարունակ պտտվել են նրանց տան շուրջը:

Ստեղծված իրավիճակից ելնելով` Սաշա Դավթյանի փաստաբանը ամբողջ գիշեր հեռախոսազանգերի միջոցով կապ է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, նրանք էլ կատարվածի մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության ղեկավարությանը: Դրանից հետո գործը քննող քննիչն իր շքախմբով փոխել է «մարտավարությունը»:

Աղջիկների պատմելով` այս անգամ նրանք փոխել են հագուստները, կեղծամ են դրել եւ «կերպարանափոխված» շարունակել են հետապնդել իրենց: Մի քանի ոստիկաններ էլ, կասկածից հեռու մնալու համար, տաքսու նշան են ամրացրել իրենց ավտոմեքենաներին: Անահիտին ու Կարինեին պաշտպանելու համար ամբողջ գիշեր աղջիկների հորեղբայրը նրանց պահել է տնից հեռու` ավտոմեքենայի մեջ:
Հաջորդ օրը Անահիտը գնացել է հարցաքննության, այս անգամ` իր փաստաբանի հետ, բայց նրան չեն հարցաքննել: Աղջկան դատարանից առեւանգելն ունեցել է մեկ նպատակ` եւս մեկ անգամ վախեցնել նրան, որ դատարանում ցուցմունքները չփոխի: Մինչդեռ դատարանում Անահիտն ամբողջովին փոխել է քննիչների կողմից թելադրված կեղծ ցուցմունքները:

«Շատ ուրախ ենք, որ հորս վրայից այդ հոդվածը հանեցին, բայց դատավորն այդ 4 տարին էլ իզուր տվեց, որովհետեւ ոչ մի բողոք մենք չենք ներկայացրել, որ հայրս մեզ ծեծել կամ խոշտանգել է: Ո՞ր մի ծնողն իր երեխային չի ապտակում, դե թող բոլոր ծնողներին էլ ձերբակալեն»,- ասաց Կարինեն:
Ինչպես քույրերը, այնպես էլ Սաշա Դավթյանի փաստաբան Խանում Մկրտչյանը վերաքննիչ բողոք են ներկայացնելու, որպեսզի Ս. Դավթյանի վրայից հանվի նաեւ աղջկան խոշտանգելու մեղադրանքը:

Քննիչը հետապնդումների մի շարք էլ սկսել է Սաշա Դավթյանի մասին դրական բնութագիր տվող համագյուղացիների դեմ: Այդ մասին` «Հետքի» հաջորդ համարում: Սաշա Դավթյանի եւ նրա 2 աղջիկների նկատմամբ քննիչ Ռուբեն Վարդանյանի եւ ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի եւ խոշտանգումների մասին Անահիտն ու Կարինեն գրավոր բողոքներ են ներկայացրել Գլխավոր դատախազին: Այդ մասին հրապարակումներ են եղել նաեւ մամուլում: Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Հետքին» փոխանցեց, որ գործը դատական փուլում է, եւ այդ մասով դատախազությունն իր դիրքորոշումը կհայտնի դատական ատյանների դատավճիռներից հետո: «Այժմ գործը վերաքննիչ դատարանում է: Դատավճռից հետո, եթե դատարանը այդ հարցերին չանդրադառնա, այդ ժամանակ դատախազությունն իր դիրքորոշումը կհայտնի»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Հ.Գ. Նյութում աղջիկների անունները փոխված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter