HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ինձ էլ առավոտից երեկո սոված-ծարավ պահել էին ոստիկանությունում»

սկիզբը

Իր 17-ամյա աղջկան` Անահիտին բռնաբարելու մեջ մեղադրվող Սաշա Դավթյանի համագյուղացիները քննիչի մեղադրանքի մասին իմացել են այն ժամանակ, երբ ոստիկանները նրան ձերբակալել են: Լուրը ցնցել է գյուղացիներին: Նրանք մի քանի ժամում Սաշա Դավթյանի մասին դրական բնութագիր են գրել, որի տակ ստորագրել է 147 մարդ: Բնութագիրն ուղարկել են գործը քննող քննիչ Ռուբեն Վարդանյանին:

Համագյուղացիների համախմբվածությունն ու նախաձեռնությունը քննիչին դուր չի եկել, եւ նա սկսել է հոգեբանական ճնշում գործադրել ինչպես Սաշա Դավթյանի փաստաբան Խանում Մկրտչյանի, այնպես էլ դրական բնութագրի տակ ստորագրած մարդկանց վրա:

Քննիչ Ռ. Վարդանյանը փաստաբան Խ. Մկրտչյանին ասել է, թե ստիպված է լինելու 147 մարդու համար էլ պաշտպանություն իրականացնել: Նա պահանջել է դրական բնութագիրը ետ վերցնել ու բերել Սաշա Դավթյանի մասին բացասական կարծիքներով բնութագիր:

Ապա ավելացրել է, որ եթե գյուղացիներն իրենց ստորագրությամբ չհերքեն բնութագիրը, նրանց հերթով հարցաքննության կկանչի: Քննիչ Վարդանյանը մասամբ է կատարել իր «խոստումը» եւ 147 մարդուց հարցաքննության է հրավիրել 5 հոգու:

Ռուբեն Վարդանյանի գործադրած բոլոր ջանքերը` վկաներին ստիպել հրաժարվել իրենց ստորագրություններից եւ Ս. Դավթյանի մասին բացասական կարծիք ստանալ, ապարդյուն են եղել: Բոլոր վկաներն էլ դրական բնութագիր են տվել եւ բացառել են, որ Սաշա Դավթյանը կարող էր բռնաբարել սեփական դստերը:

Երբ այցելեցինք Սաշա Դավթյանի բնակության վայր, կարճ ժամանակում գյուղացիներն իմացան, թե ինչի համար ենք եկել: Մի քանի րոպեում մշակույթի տան շենքում հավաքվեց մոտ 50 մարդ: Ավելի հուզիչ էր, երբ համագյուղացուն սատար կանգնելու համար մեծ դժվարությամբ, ձեռնափայտի օգնությամբ աստիճաններով բարձրանում էին 80-անց պապիկներ ու շնչակտուր պատմում, թե ինչ բարի մարդ է Սաշա Դավթյանը:

Նրանք պահանջեցին լսել իրենց եւ քննիչին, դատախազին ու դատավորին թերթի միջոցով փոխանցել, որ իրենք պատրաստ են ծայրահեղ քայլերի դիմել, միայն թե ազատության մեջ հայտնվի Սաշան, քանի որ նա անմեղ է:

«Գործը ծայրից ծայր սարքած է եղել: Իրական հանցագործներին թողած` ընկել են Սաշայի հետեւից: Ի՞նչ է` հանցագործի թիկունքը պի՞նդ է: Նրան չեն կարողանում կպնեն, Սաշայի վրա են գործ սարքու՞մ: Նման բան նույնիսկ չփորձեն, ամբողջ գյուղով ոտքի ենք կանգնելու»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Արշակ Հակոբյանը:

Նա ավելացրեց, որ ամբողջ գյուղը սպասում էր, թե Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ս. Դավթյանին ամբողջովին կարդարացնի, սակայն դատավոր Ռուզաննա Բարսեղյանը նրան դատապարտեց 4 տարվա ազատազրկման:

«Գոհ ենք, որ բռնաբարության հոդվածը Սաշայի վրայից հանվեց, բայց բավարարված չենք: Էդ մարդը հոգատար հայր է եղել իր երեխաների համար: Արդեն 4 տարի է կինը մահացել է, ու ինքն է տան ամբողջ հոգսը հոգում: Քննիչը սխալ է գրել, թե հայրը խոշտանգել է երեխաներին, դրա համար էլ դատեցին»,-ավելացրեց Ա. Հակոբյանը: Արշակ պապը փոխանցեց, որ իրենք սպասում են վերաքննիչ դատարանի որոշմանը, եթե դատարանը Ս. Դավթյանին չարդարացնի, գյուղի բնակիչները կփակեն Երեւան-Գյումրի մայրուղին:

Մեկ այլ համագյուղացի` Ասատուր Գրիգորյանն էլ նշեց, որ ճանապարհներ փակելն այսօր հերոսություն չէ, բայց այդ քայլին իրենք կգնան: «Սաշայի հետ երկար տարիներ աշխատել եմ: Նա վերջին կոպեկն իր երեխաների վրա էր ծախսում: Ամբողջ համայնքի անունից եմ ասում` մեծ ու փոքր ոտքի կկանգնենք, թող դրան չհասցնեն»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Սաշա Դավթյանին դրական բնութագիր տվողներից մեկն էլ համագյուղացի Լուսյա Մանուկյանն է: Նա եղել է այն վկաներից մեկը, որոնցից քննիչ Ռուբեն Վարդանյանը փորձել է տարբեր հնարքներով Ս. Դավթյանի մասին բացասական ցուցմունքներ կորզել:

«Սաշան քարի հանքում էր աշխատում: Քարի հետ կռիվ տալով` իր ընտանիքը պահել է: Քննիչի ու դատախազի նման կանաչ փողերը չի լցրել գրպանները, իր քրտինքով է աշխատել: Վարդանյան Ռուբոն աղջկան տարել է 4 օր սոված-ծարավ պահել է ոստիկանությունում: Քննիչը քանդեց էդ մարդկանց տունը: Եթե քննիչը ցանկություն ունենար, ապա դժվար չէր լինի անչափահաս աղջկա իրական բռնաբարողին` Տիգրանին հայտնաբերել»,- ասաց Լուսյա Մանուկյանը:

Նա պատմեց քննչական վարչությունում իր հարցաքննության մանրամասները. «Քննիչ Ռուբոն չի էլ ամաչում, ինձ հարցնում ա` դու ընդե՞ղ ես եղել, որ հայրն աղջկան բռնաբարել է: Ես էլ ասեցի` ես չեմ եղել, բայց դու ընդե՞ղ ես եղել: Առավոտվա ժամը 9-ից մինչեւ երեկոյան ժամը 7-ը քննիչն ինձ պահել էր ոստիկանությունում: Հազար ձեւով ֆռռացնում էին, որ ես իմ խոսքի մեջ սխալ բան ասեմ` կպնեն դրանից: Էնքան հոգուս հասցրին, վերջը կատաղեցի ու քննիչին ասեցի` բռնաբարելու ժամանակ ընդեղ եմ եղել` ես Սաշայի գլուխն էի բռնել, դու էլ Անահիտի ոտքերը: Էդքանից հետո ինձ ասում է` ոնց էլ չես ամաչում քո սպիտակած մազերից»:

Նա հիշում է, որ իր հարցաքննության ժամանակ քննիչի սենյակում եղել են մեծ թվով ոստիկաններ, եւ ամեն մեկն իր հերթին հարցեր է տվել իրեն:

«Սենյակում ոստիկանները կարուսել էին խաղում` մեկը մտնում էր, մյուսն էր դուրս գալիս: Իրար գլխի էին հավաքված: Չորս կողմից ինձ հարցեր էին տալիս, խառնում էին իրար: Իրանք ինձ չկարողացան խաղացնեին, բայց ես իրանց լավ խաղացրի»,- ասում է տիկին Լուսյան:

Տարեց կնոջը ոստիկանությունում են պահել մոտ 10 ժամ: Քննիչ Ռուբեն Վարդանյանը նրան ասել է, որ 4 օր կպահի ոստիկանությունում, եթե «ճիշտը» չասի:

«Քննիչի համար ճիշտն էլ այն է, որ աղջկան բռնաբարելու մեջ մեղադրեմ հորը: Ոստիկաններն իմ դիմաց նստած պիվա, կոֆե էին խմում, ինձ էլ առավոտից երեկո սոված-ծարավ պահել էին ոստիկանությունում: Ու՞մ պետքն էր, որ մի հատ էլ իմ մասին մտածեին»,- ասաց Լուսյա Մանուկյանը:

Սաշայի մորեղբոր որդին` Ռաֆիկ Տոնոյանը, կատարվածի մասին տեղեկանալով` Ռուսաստանից եկել է Հայաստան:

«30 տարի Ռուսաստանում եմ ապրել, ես իմ կյանքում նման բան չեմ տեսել: Եթե հայրն աղջկան բռնաբարել է, ով ուզում է լինի` նրան կախաղան է հասնում: Դիպլոմ առած քննիչին եմ հարցնում` դատարանով ապացուցվեց, որ Սաշան չի բռնաբարել իր աղջկան, ո՞վ է պատասխան տալու, որ նա դրա համար 6 ամիս նստեց: Հիմա էլ ծեծելու համար 4 տարի տվեցին: Ո՞վ իրա երեխուն չի ապտակում»,- ասում է Ռ. Տոնոյանը: Նրա կարծիքով` երեխուն ապտակելու համար հորը 4 տարի ազատազրկելն անարդարություն է:

«Բա ինչի՞ հիմա քննիչին չի մտահոգում, թե ով է իրական բռնաբարողը: Ստացվում է, եթե ես մուլտիմիլիոներ եմ, ուրեմն կարող եմ ցանկացած երեխու բռնաբարե՞լ: Հայաստանում դա՞ է օրենքը: Թող քննիչը լսի, որ եթե օրենք չկա, օրենքով ոչինչ չեն անում, իմ երեխուն բռնաբարողի կոկորդը ես հրապարակում կկտրեի»,- վրդովված ավելացրեց Ռաֆիկ Տոնոյանը:

Սաշա Դավթյանի համագյուղացիները սպասում են վերաքննիչ դատարանի որոշմանը: Նրանք խոստանում են զանգվածային միջոցառումներ կազմակերպել եւ ծայրահեղ քայլերի գնալ, եթե Սաշան ամբողջությամբ չարդարացվի, եւ իրական հանցագործները պատասխանատվության չենթարկվեն, այդ թվում նաեւ քննիչ Ռուբեն Վարդանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter