HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քննիչն աղջկան խոշտանգելով է ցուցմունք վերցրել

Արագածոտնի մարզի բնակիչ Սաշա Դավթյանը մեղադրվել է իր 17-ամյա աղջկան` Անահիտին բռնաբարելու եւ մյուս աղջկան` Կարինեին խոշտանգելու մեջ: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ) եւ 119 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետով (խոշտանգում): Դեկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, արդարացրեց Սաշային եւ ապացուցվեց, որ հայրը չի բռնաբարել հարազատ աղջկան (այս մասին մանրամասն կանդրադառնանք առաջիկայում-Գ. Բ.):

Խոշտանգելու համար դատարանը Սաշային դատապարտեց 4 տարվա ազատազրկման: Նրա փաստաբան Խանում Մկրտչյանը, ինչպես նաեւ գործով տուժողներ ճանաչված Անահիտն ու Կարինեն պատրաստվում են դատավճիռը բողոքարկել Վերաքննիչ դատարանում:

Նշենք, որ Սաշան, ինչպես նաեւ նրա 2 աղջիկները նախաքննության ընթացքում պաշտպան չեն ունեցել: Ավելի ճիշտ ունեցել են, բայց այն ժամանակ, երբ քննչական գործողությունները գրեթե ավարտվել էին եւ պաշտպանը ոչինչ չէր կարող անել:

«Գործով մասնակցել եմ նախաքննության ավարտին: Երբ գործին ներգրավվեցի` քննչական գործողություններն արդեն ավարտվել էին: Նախաքննությունն իրականացնողները  փորձում էին ինձ համոզել, որ հրաժարվեմ Սաշա Դավթյանին պաշտպանելուց: Քննիչների նպատակն այն էր, որ Սաշան փաստաբան չունենա: Իմ համառության շնորհիվ եմ մասնակցել գործին»,- «Հետքին» պատմեց Ս. Դավթյանի դատապաշտպան Խանում Մկրտչյանը:

Փաստաբանի պատմելով իր եւ Սաշայի հետ հանդիպումը մեծ դժվարությամբ է տեղի ունեցել: «Մոտ մեկ ամիս քննիչն ինձ տարավ-բերեց մեկուսարանում իմ պաշտպանյալի հետ տեսակցություն թույլ տալու համար, քանի որ վարույթն իրականացնող մարմինը պետք է առաջին անգամվա համար թույլտվություն տար: Գործը քննող քննիչ Ռուբեն Վարդանյանը դժվարություններ էր ստեղծում»,- ասաց Խ. Մկրտչյանը:

Գործում պաշտպանի մասնակցության համար մեծ դեր է ունեցել Սաշայի աղջիկը` Կարինեն: Նա է մոտեցել Խ. Մկրտչյանին եւ ներկայացրել է գործը: «Աղջիկն ինձ ասաց, որ սրտին մեծ բեռ է ծանրացել, որ չգործած հանցանքի համար մեղադրել է հորը, քանի որ իրեն քննիչներն են հարկադրել: Այդ ընթացքում աղջիկը մի քանի անգամ փորձել է փոխել ցուցմունքը, բայց նրան արգելել են»,- նշեց փաստաբանը:

Կարինեն մեզ պատմեց, որ ոստիկանության գլխավոր քննչական վարչության քննիչ Ռուբեն Վարդանյանն է իրեն հարկադրել հոր դեմ կեղծ ցուցմունք տալ, թե իբր հայրն իրեն խոշտանգել է եւ բռնաբարել քրոջը:

Նախ, քննիչը աղջկան չի բացատրել, որ նա կարող է պաշտպան ունենալ եւ ամենակարեւորը` չի ասել, որ նա իրավունք ունի ցուցմունք չտալ հոր դեմ, քանի որ նույնիսկ ՀՀ Սահմանադրության մեջ է ամրագրված այդ դրույթը:

Խ. Մկրտչյանի ասելով` Կարինեին հարցաքննության են հրավիրել առանց պատշաճ ծանուցելու` հեռախոսով են կանչել:

«Քանի որ փաստաբան չուներ, ստիպված աղջկա հետ ես գնացի: Որպես փաստաբան իրավունք չունեի, քանի որ շահերի հակասություն կար: Ես ներկայացնում եմ մեղադրյալի շահերը եւ միեւնույն ժամանակ չէի կարող տուժողին պաշտպանել: Այդ քայլին գնացել ենք ժամանակ շահելու համար, որպեսզի մինչեւ քննիչը որոշում կայացնի ինձ վարույթից հեռացնելու համար, այդ ժամանակահատվածում աղջկա փաստաբանի հարցը լուծենք: Կարինեն հանրային պաշտպանից չէր կարող օգտվել, քանի որ դրա իրավունքը չուներ, բայց գումար էլ չուներ, որ փաստաբան վարձեր: Քննիչն էլ ասաց, որ փաստաբան գտնի 15 րոպեի ընթացքում, այլապես աղջկան կհարցաքննի առանց պաշտպանի: Կես ժամվա ընթացքում մի կերպ կարողացել եմ փաստաբանի հարցը լուծել: Այդ ժամանակ աղջիկը ազատ կամքով գրում է այն` ինչ ուզում է, եւ հերքում է քննիչի ճնշմամբ գրած իր բոլոր ցուցմունքները»,- պատմեց պաշտպանը:

Կարինեն իր հետ կատարվածի մասին նամակներ է գրել տարբեր պաշտոնյաների, այդ թվում նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին, իսկ Անահիտը` գլխավոր դատախազին:

Փաստաբանի ասելով, երբ Կարինեն հրաժարվել է նախկինում տված իր ցուցմունքներից, քննիչին հետաքրքրել է, ոչ թե այն փաստը, թե ինչու է Կարինեն ցուցմունքներից հրաժարվում, այլ այն, թե ով է օգնել նրան դիմումը գրելիս: Սպառնացել է, թե կգտնի դիմում գրողին, նույնիսկ տպողին:

Կարինեն էլ պատմեց, որ մինչեւ պաշտպան ունենալը Կենտրոնի քննչական բաժնում ոստիկաններն իրեն խոշտանգել են:

«Արդեն գիշերվա ժամը 1:00-ն էր, աննդհատ ինձ հսկում էին ու չէի կարողանում զանգել մեր բարեկամներին ինչ-որ լուր հաղորդելու համար: Այդ պահին չգիտեի էլ, թե որտեղ ենք: Ինչ-որ մարդիկ էին մտնում սենյակ ու դուրս գալիս, սովորական հագուստով էին, չեմ էլ իմացել ոստիկան են եղել, թե սովորական մարդիկ: Մի տղա ինձ անընդհատ ասում էր, որ 6-րդ վարչությունում ենք գտնվում, բայց հետո եմ իմացել, որ ինձ խաբում էին»,- ասում է Կարինեն:

Նրա պատմելով 2-3 տղամարդու հետ սենյակ է մտել քննիչ Ռուբեն Վարդանյանն ու իր հետ սկսել է վատ վերաբերվել: 22-ամյա աղջկա ասելով իրեն կոպտել են, հարվածել, սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, որպեսզի նա գրի այն ամենն, ինչ իրեն կթելադրեն:

«Իմ հետ շատ վատ էին վարվում, այլանդակ հայհոյանքներ էին տալիս: Մեկն էլ անընդհատ գլխիս էր խփում, թե ասա էն ինչը գիտես, թե չէ` կխփեմ կմտնես սեյֆի հետեւը»,- ավելացրեց Կարինեն:

«Քննիչն ասում էր ինձ, եթե քո ձեռքով չգրես` ես կգրեմ` դու էլ կստորագրես, ու որ մեռնես էլ ստորագրելու ես: Հետո եկանք մեր տուն, Ռուբեն Վարդանյանը եկավ նորից տարավ Երեւան: Մի կես ժամ ինձ սենյակում մենակ թողեցին ու առիթից օգտվելով հաղորդագրություն եմ ուղարկել հորողբորս տղուն, որ ինձ այդ վիճակի մեջ են դրել: Նա հետ զանգեց: Չհասցրեցի խոսքս ավարտել, հետախուզության աշխատակից Էրիկ Պողոսյանը եկավ, հեռախոսս վերցրեց ու շպրտեց, թե իրավունք չունես հեռախոսով խոսես կամ ինչ որ մեկին զանգես: Ինձ տարել են ուրիշ սենյակ: Ռուբեն Վարդանյանը թելադրել է, ես էլ գրել եմ` իբր տեսել եմ, որ հայրս բռնաբարել է քրոջս ու ինձ էլ խոշտանգել է»,-շարունակեց Կարինեն:

Նշենք, որ երբ այս գործին ներգրավել են փաստաբաններ, նախաքննության ավարտը շատ հապճեպ է կատարվել եւ գործն անմիջապես ուղղարկվել է դատարան: «Քանի որ գործին փաստաբան էր մասնակցում, կարող է ավելի շատ բան բացահայտվեր, այդ պատճառով արագացվեց ընթացքը»,- համոզված է Խանում Մկրտչյանը:

Նշենք, որ գործի նախաքննությունը սկսվել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի ոստիկանությունում, այնուհետև փոխադրվել է Երևան քաղաք:

Հ. Գ.Աղջիկների անունները փոխված են: Այս պատմության մանրամասներին կանդրադառնանք «Հետքի» առաջիկա համարներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter