HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազությունն արձագանքում է

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` 2009թ. նոյեմբերի 25-ին «Իրավունք» շաբաթաթերթի  «Հետաքննություն» հավելվածում հարապարակվել է «Բռնաբարության մեջ մեղադրյալը կալանքի տակ է գտնվել ընդամենը…13 օր» վերնագրով հոդված, որտեղ միակողմանի ներկայացված են  2 տարբեր քրեական գործեր:

Նախ քրեական գործերից առաջինում հոդվածագիրը նշում է, որ ամբաստանյալ Է. Մեխակյանի գործով նախաքննությունն ու դատաքննությունը տևել է շուրջ 1 տարի, որի ընթացքում մեղադրյալը գտնվել է կալանքի տակ ընդամենը 13 օր: Դատախազությունը տեղեկացնում է, որ իրենց հետևողականության շնորհիվ  Է. Մեխակյանը ներկայումս էլ կրում է իր պատիժը ազատազրկման վայրում:

«Եվ հոդվածագիրը կարող էր խուսափել ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց, եթե ծանոթանար  իր գործընկերների նախկին հրապարակումներին:

Հոդվածում տեղ գտած երկրորդ քրեական գործը վերաբերում է անչափահաս Շուշան Դավթյանին  խոշտանգելու և բռնաբարելու  փաստին: Հոդվածի հեղինակ,  տուժողի ներկայացուցիչ  Ա. Աբգարյանը, դուրս գալով տուժողի ներկայացուցչին վերապահված  դատավարական գործառույթների շրջանակներից, իրականացնում է ըստ էության ամբաստանյալի պաշտպանին  բնորոշ գործողություններ: Բացի այդ` խախտելով լրագրողական էթիկայի կանոնները` Ա. Աբգարյանը զանգվածային լրատվական միջոցներով  հրապարակում է  դռնփակ դատաքննության  ընթացքում  ձեռք բերված անձի մասնավոր կյանքին վերաբերող  տեղեկություններ` խիստ միակողմանի մեկնաբանություններով»,- փոխանցում է դատախազության մամուլի ծառայությունը:

Օգտվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ  հոդվածով ընձեռված  պատասխանի իրավունքից` կից ներկայացնում է  տեղեկանքներ` երկու քրեական գործերի վերաբերյալ:

Տեղեկանք`  անչափահասին բռնաբարելու եւ խոշտանգելու  փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին

Սաշա Դավթյանի կողմից 2008թ. օգոստոսի լույս 12-ի գիշերը անչափահաս դստերը` Շ. Դ-ին բռնաբարելու եւ խոշտանգելու վերաբերյալ քրեական գործով սույն թվականի հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին «Իրավունք» թերթում հրապարակվեցին մի շարք հոդվածներ, որտեղ ներկայացվում են, թե իբրև քննչական մարմինները, պարտակելով իրական հանցագործին,  գործը  «շուռ են տվել» Սաշա Դավթյանի վրա եւ դատավարության ընթացքում  թույլ են տվել մի շարք դատավարական էական խախտումներ:

Սույն հրապարակումների կապակցությամբ հայտնվում է, որ 2008թ. օգոստոսի 11-ին ոմն Տիգրանի կողմից Շ. Դ.-ին բռնաբարելու փաստի  առթիվ 08.10.2008թ. հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվել են օրենքով նախատեսված միջոցառումներ ոմն Տիգրանի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ: Հաշվի առնելով, որ քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել հանցագործություն կատարած անձին բացահայտել,  ուստի 06.02.2009թ. քրեական գործով վարույթը կասեցվել է: Միեւնույն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության կողմից վարույթն իրականացնող մարմնին հանձնարարություն է տրվել քրեական գործով շարունակել քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումները` հանցագործություն կատարած անձին պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

2009թ. մայիսի 7-ին ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել քրեական գործով տուժող Շ. Դ.-ն եւ ցուցմունք է տվել այն մասին, որ մինչեւ ոմն Տիգրանի կողմից իրեն բռնաբարելը, 2008թ. օգոստոսի 11-ին` ժամը 23:30-ի սահմաններում, իրենց` Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում գտնվող տան հյուրասենյակում, իր հայրը` Սաշա Հրանտի Դավթյանը, բռնի ուժով, իր կամքին հակառակ  սեռական հարաբերություն է ունեցել  իր հետ եւ ինքը տանից փախել է:

Բացի այդ` Շ. Դ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ իր մոր` Սուսաննա Սարգսյանի մահից հետո` 2007թ. հունիս ամսից սկսած, իր հայրը  պարբերաբար  տարբեր առարկաներով, ձեռքերով եւ ոտքերով ծեծի է ենթարկել իրեն ու քրոջը` Թեհմինե Դավթյանին` պատճառելով իրենց հոգեկան եւ մարմնական տառապանքներ:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ թիվ 69107008 քրեական գործի  նախաքննության ընթացքում  պարզվել է, որ  Սաշա Հրանտի Դավթյանը  Շ. Դ.-ին եւ Թ.   Դ.-ին խոշտանգումների է ենթարկել, ինչպես նաեւ  այն, որ  Շ. Դ.-ին բռնաբարել է, ուստի նշված դեպքերի առթիվ  08.05.2009թ.  հարուցվել է քրեական գործ, այն առանձնացվել է առանձին վարույթում, իսկ ոմն Տիգրանի կողմից  Շ.Դ.-ին բռնաբարելու  փաստի առթիվ հարուցված  քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Պարզվել է նաեւ, որ  բռնաբարության օրը Շ. Դ.-ի քույրը`  Թ. Դ.-ն,  իմանալով դեպքի մասին, նույն օրն ինքնասպանության փորձ է կատարել: Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է Սաշա Դավթյանի կողմից  անչափահաս Շ. Դ.-ին  խոշտանգելու եւ բռնաբարելու փաստերը: Հաշվի առնելով, որ  քրեական գործով իրականացվում է դռնփակ դատաքննություն` դատախազությունն այս փուլում չի ներկայացնի նախաքննության եւ դատաքննության ընթացքում ձեռք բերված ամբաստանյալ Սաշա Դավթյանի մեղքը հիմնավորող ապացույցները, իսկ դատաքննության ընթացքում` տուժող Շ. Դ.-ի  ցուցմունքների արժանահավատությունը հիմնավորող հանգամանքները: Դրանք մանրամասն կվերլուծվեն  մեղադրողների մեղադրական ճառում:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` ինչ վերաբերում է հոդվածագրի այն հայտարարությանը, որ մեղադրողները մեղադրանքը փրկելու նպատակով դատարան են հրավիրել լրացուցիչ վկաներ եւ քննիչներ, ապա այս կապակցությամբ խորհուրդ է տրվում հոդվածագրին ուսումնասիրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի պահանջները, որտեղ սահմանվում է, որ քրեական գործը դատարանում քննելիս մեղադրողը լիազորված է ներկայացնել նոր ապացույցներ: Այս առումով մեղադրողները դատաքննության ընթացքում  լրացուցիչ վկաներ հարցաքննելու միջնորդություն ներկայացնելիս օգտվել են իրենց դատավարական լիազորություններից: Իսկ դատարան քննիչին հրավիրելու  անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատաքննության ընթացքում ամբաստանյալը եւ տուժողը հայտարարել են վարույթն իրականացնող  քննիչի կողմից իրենց խոշտանգելու մասին:

«Խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձեւերի դեմ ՄԱԿ-ի Կոնվենցիայի» 12-րդ հոդվածի եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ուժով պետությունը պոզիտիվ պարտականություն է կրում խոշտանգումների մասին  հայտարարությունների կապակցությամբ իրականացնել պատշաճ քննություն: Այս նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածը հնարավորություն է տալիս քննիչին հարցաքննել որպես վկա`  իր կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների կապակցությամբ:

Ելնելով վերոգրյալից` գլխավոր դատախազությունը հարկ է համարում ընդգծել,  որ տուժողի ներկայացուցիչ Ա. Աբգարյանը, դուրս գալով տուժողի ներկայացուցչին վերապահված դատավարական գործառույթների շրջանակներից, իրականացրել է  ամբաստանյալի պաշտպանին հատուկ գործողություններ: Բացի այդ`  Ա. Աբգարյանը հրապարակել է դռնփակ դատաքննության ընթացքում ձեռք բերված  անձի մասնավոր կյանքին վերաբերող տեղեկատվություն:

Տեղեկանք`  Հասմիկ Մաթևոսյանին բռնաբարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին

Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ Էդգար Գագիկի Մեխակյանը, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, 2008թ. փետրվարի 16-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ գյուղի «Թիկնոց» արտադրական կոոպերատիվի թիվ 4 սենյակ համարում դիմադրություն ցույց տալու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ համագյուղացի Հասմիկ Համբարձումի Մաթևոսյանի սուրճի բաժակի մեջ լցրել է քրեական գործով չպարզված քնաբեր նյութ, ապա օգտագործելով նրա անօգնական վիճակը` մահճակալին անգիտակից քնած լինելու հանգամանքը, բռնաբարել է նրան, վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:

Նույն օրը, բռնաբարությունից տևական ժամանակ անց, ժամը 20:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում, անտեսելով Հասմիկ Մաթևոսյանի հորեղբոր որդի Ռուդիկ Մաթևոսյանի ներկայությունը` նրան մի կողմ է հրել, ապտակել, Հասմիկ Մաթևոսյանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, մազերից քաշելով, ծեծի ենթարկելով` նրա առողջությանը պատճառել է թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, նրան և նրա հարազատներին վնասելու, վառելու սպառնալիքով բացահայտ առևանգել է Հասմիկ Մաթևոսյանին. նրա կամքին հակառակ նստեցրել է իր անձնական օգտագործման «ՎԱԶ-2121» մակնիշի 21 ՏՍ 153 պետհամարանիշի ավտոմեքենան ու տեղափոխել իր բնակավայրից, տարել Արմավիրի մարզի Խորոնք գյուղից դեպի Գրիբոյեդով գյուղ տանող ճանապարհի ձախակողմյան մասում գտնվող դաշտամիջյան ճանապարհ, Հասմիկ Մաթևոսյանի նկատմամբ բռնություն գործադրելով` կոտրված ապակյա շշով պարանոցի և ձախ նախաբազուկ-դաստակային հոդի շրջանը վնասելով, ծեծի ենթարկելով, նրա կամքին հակառակ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ դարձյալ բռնաբարել է Հ. Մաթևոսյանին, ապա նույն կերպ վերջինիս կամքին հակառակ հարկադրել է նրան կատարել սեքսուալ բնույթի գործողություններ:

Կատարած հանցավոր արարքների համար 07.04.2008թ. Է.Մեխակյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քր. օր-ի 131 հոդվածի 2-րդ  մասի 2-րդ կետով, 138 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 139 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և նույն օրը միջնորդություն է ներկայացվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը, սակայն, դատարանի որոշմամբ մերժվել է: Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերվել, որը նույնպես վերաքննիչ դատարանի կողմից մերժվել է: 28.06.2008թ. քրեական գործն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Հարավային քրեական դատարան:

Երբ նշված քրեական գործը գտնվել է  դատաքննության փուլում, Է.Մեխակյանը,  հանդիսանալով 2008թ. փետրվարի 16-ին Հասմիկ Մաթևոսյանին առևանգելու, բռնաբարելու և նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ հարուցված քրեական գործով ամբաստանյալ, 2008թ. հուլիս-օգոստոս ամիսներին Էջմիածին քաղաքում և Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում նշված քրեական գործով տուժող Հասմիկ Մաթևոսյանին և նրա մայր` վկա Մարգարիտ Մաթևոսյանին հարկադրել է, որպեսզի վերջիններս քրեական գործի դատաքննության ընթացքում տան կեղծ ցուցմունքներ կամ խուսափեն իր դեմ ցուցմունքներ տալուց` սպառնալով հակառակ դեպքում սպանել նրանց և տան անդամներին, ինչպես նաև հրկիզել վերջիններիս տունը:

Բացի այդ` 2008թ. հուլիս ամսին Էդգար Մեխակյանը, հեռախոսային խոսակցության ընթացքում հայհոյանքներ տալով, վիրավորանք է հասցրել Հասմիկ Մաթևոսյանի եղբայր Գագիկ Մաթևոսյանին, անպարկեշտ ձևով ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը:

Անուհետև 2008թ. օգոստոս ամսին Էդգար Մեխակյանը կրկին հայհոյանքներ է տվել Գագիկ Մաթևոսյանի հասցեին, նրան նաև անվանել «թուլա», ցուցադրաբար իր անչափահաս որդի Արման Մեխակյանին պահանջել թքել Գ.Մաթևոսյանի վրա, որով և վիրավորանք է հասցրել վերջինիս, անպարկեշտ ձևով ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար 07.11.2008թ.  Է.Մեխակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 340 հոդվածի 2-րդ և 136 հոդվածի 2-րդ մասերով և նույն օրը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Է.Մեխակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 02.03.2009թ. քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

20.02.2009թ. ՀՀ Հարավային քրեական դատարանը Է.Մեխակյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քր. օր-ի 131 հոդվածի 2-րդ  մասի 2-րդ կետով, 138 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 139 հոդվածի  2-րդ  մասի 5-րդ կետով նախատեսված հանցանքների կատարման մեջ և դատապարտել է ազատազրկման 7 տարի ժամկետով: Նշված դատավճռի դեմ ամբաստանյալը և նրա շահերի պաշտպանը վերաքննիչը բողոք են ներկայացրել, և ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 14.07.2009թ.  որոշմամբ ՀՀ հարավային քրեական դատարանի 20.02.09թ. դատավճիռը թողել է ուժի մեջ և մերժել ամբաստանյալի վերաքննիչ բողոքը:

12.08.2009թ. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը  Է.Մեխակյանին  մեղավոր է ճանաչել ՀՀ քր. օր-ի 340 հոդվածի 2-րդ  և 136 հոդվածի 2-րդ մասերով նախատեսված  հանցանքների կատարման մեջ և դատապարտել  ազատազրկման 1 տարի ժամկետով և տուգանքի` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով(200.000 դրամ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter