HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ երգի ուժը, կամ սոչիահայության կյանքում մի ակնթարթ Հայաստան

2012 թվական: Աշուն: Հոկտեմբեր: Սոչիի «Էվելինա» ռեստորանը, որտեղ այդ երեկո որոշեցինք ընթրել, այդ շաբաթ օրը նույնպես մարդաշատ էր: Մարդիկ հավաքվել, զվարճանում էին: Սովորականից տարբերվողը երևի աղջիկների առատությունն էր, որն ընդգծվում էր գրեթե բոլոր սեղաններում: Ռուսերեն բացականչություններ, զվարճանք, ծխախոտի անխնա գործածում, ռիթմիկ երաժշտության տակ սեփական բարեմասնությունների ցուցադրում, մի խոսքով՝ այն սովորականը, ինչը մեր օրերում կարելի է անվանել զվարճանք: Զվարճանք, որի մեջ ամբողջովին արտացոլված էր Ռուսաստանն՝ իր թեթև, իսկ շատ դեպքերում՝ թեթևաբարո ապրելակերպով, այդ ապրելաձևի բոլոր արտահայտչամիջոցներով: Որոշ նշաններից կարելի էր եզրակացնել, որ զվարճացողների մեջ քիչ չեն նաև հայերը. դա հիմնավորվում էր նաև «ռաբիս» տեսակին պատկանող որոշ հայկական երգերի պատվիրման փաստով:
 
Քրքիջների անվերջ այս շղթան մի պահ ընդհատվեց և ամեն ինչ կերպարանափոխվեց, երբ բոլորիս համար անսպասելիորեն, չգիտես ում պատվերով, հնչեց Կոմիտասի հռչակավոր զուգերգը՝ «Ալ այլուղը»: Ասես մի գերբնական ձգողությամբ, բոլոր սեղաններից մեկտեղվեցին գրեթե բոլոր աղջիկները. դրանից պարզվեց, որ ներկաների մեծագույն մասը հայուհիներ էին: Մնացյալ հատուկենտ ռուսները և հայազգի երիտասարդները մնացին տեղերում: Հավաքվելով պարահրապարակում՝ աղջիկները կազմեցին մի մեծ շրջան և սկսվեց պարը:
 
Մի կախարդական, մի ապշեցուցիչ տեսարան. Կոմիտասի անմահական հնչյունների տակ քարացել էր ողջ ռեստորանը, անգամ ռուս մատուցողներն էին մի պահ թողել ամեն ինչ, շարվել և դեմքերը զարմանքախառն բավականություն դարձրած՝ նայում էին: Իսկ աղջիկների պարն ուղղակի ցնցող էր. մի քանի քայլ առաջ, որոշ քայլ հետ, այնուհետև՝ կենտրոնում կիպ մոտենալ իրար՝ վեր պարզած ձեռքերով: Հուզմունքի, հպարտության, ափսոսանքի զգացումն էր համակել ինձ ու ընկերոջս: Ավելի ստույգ՝ կորսնցվածի ահռելիության գիտակցումն էր, որ կատաղության չափ ազդեց մեր վրա. Հայաստա՞նն էր բոլորին նետել այս օտար ափը, հավերժորեն բաժանել իրենից ու իրարից, թե՞ այս աղջիկների նախնիներն էին Հայաստանը նետել, հանել իրենց մտքից և հոգուց, դժվար էր ասել:  
 
Պարզորոշ էր, որ աղջիկները պարուհիներ չէին, իրենց ընկեր-հարազատների հետ նստած լինելով տարբեր սեղանների մոտ, վերջիններս ծագմամբ նույնպես տարբեր էին. փոքր հարցախույզը կարող էր նրանց մեջ հայտնաբերել և՛ համշենահայուհիներ, բնականաբար՝ Աբխազիայի ափերում ապրողներ ևս, և՛ Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից գաղթականների սերունդներ… Իր սքանչելիությամբ հատկապես առանձնանում էր սպիտակ շորեր հագած մի օրիորդ, հազիվ 20 տարեկան: Իհարկե, հազիվ թե նա գիտակցեր, որ նրա զգեստը կոմիտասյան զուգերգում տղայի խնդրանքի, այն է՝ «Սևու՛կ աղջիկ, սիպտակ հագիր», արձագանքն էր: Բարձրահասակ, սևահեր, սևաչյա այդ գեղեցկուհին շատ էր նման վանեցի հայուհու այն կերպարին, որն ռուսական զորքի՝ 1915 թ. Վան մտնելու օրերին իր հուշերում նկարագրել էր ռուս կազակական սպա Ֆ. Ելիսեևը:   
 
Կոմիտասյան երգը մի պահ վերջիններիս մեկտեղեց՝ արթնացնելով բոլորի մեջ Հայաստանը: Հոգեբան պետք չէր լինել՝ հասկանալու համար, որ աղջիկների պարը մեխանիկական էր. պարում էին՝ չհասկանալով, թե ինչ են պարում, չհասկանալով, թե ով են իրենք, չըմբռնելով, թե համաշխարհային քաղաքակրթությանը պատկանող ինչ զարմանահրաշ երգ է իրենց պարեցնում: Բնազդն էր դա, ավելի ճիշտ՝ հայոց գենի ուժը, որը մի պահ շողաց, միայն մի պահ պոռթկաց՝ լուսավորելով Սոչիի այդ անկյունը, ապշեցնելով, քարացնելով ներկաներին: Այսպես մի պահ երևաց Հայաստանը, երևաց հայոց մշակույթի ուժը, երևաց՝ խորացնելու իմ և ընկերոջս՝ Իշխանի այն ափսոսանքի չափը, որ մենք զգում էինք այդ քաղաքում ամեն քայլափոխի, ամեն րոպե, երբ ամեն անգամ տեսնում էինք միլիոնավոր դոլարների, շքեղ հյուրանոցների, հանրախանութների, ավտոմեքենաների և հայրենիքի հանդեպ տիտանական անտարբերության տեր մեր հայրենակիցներին:
 
Մի քանի րոպե էր այս ամենը. երգն, ինչպես անապատում մի քրտնաչափ ջուր, ինչպես խավարի մեջ ցոլացող ասուպի մի բեկոր, դադարեց: Ապշած և հուզված ներկաների առաջ աղջիկներն ուրախ ծափահարեցին և ցրվեցին տարբեր սեղանների մոտ: Սկսվեց հաջորդ երգը. ռուսերեն ձայնարձակումների ներքո աղջիկները նորից հավաքվեցին պարելու, բայց այս անգամ Հայաստանը չկար և այդպես էլ չերևաց… Աղջիկներն, ինչպես Մեծ Հայաստանի մի-մի մասնիկ՝ հեռացան իրարից, օտար հնչյունների տակ՝ յուրաքանչյուրն իր տարերքի մեջ էր, իր վայելքների և հեշտանք հիշեցնող ուրախության մեջ՝ հաստատորեն բռնած ինքնաոչնչացման ուղին: Երևի հայրենի հողի բացակայությունից էր, թե այլ պատճառներ կային՝ չգիտեմ, մի բան փաստ էր, որ մի պահ հաղթանակած հայոց գենը նորից տեղի էր տվել նրանց մեջ, պարտվել, հետ քաշվել՝ ասպարեզը թողնելով ոչ թե ռուսականին, այլ՝ դատարկությանն ու ամայությանը, քանզի գենը երբեք չի մեռնում, երբեք չի փոխարինվում, այլ՝ խեղվում, հիվանդանում է՝ երկարատև, երբեմն հավերժական հիվանդությամբ:
 
Հայաստանն այլևս մասնատված էր նաև Սոչիի «Էվելինա» ռեստորանում, վերջինիս բզկտված մասնիկներն ընկած էին օտար տիրապետության տակ, իսկ նրանց միավորող կոմիտասյան երգը վաղուց արդեն լսվում էր միայն իմ և ընկերոջս ականջներին. իսկ մենք՝ հայոց ճակատագրի, պատմական այս ծաղրալի ընթացքի մասին մտորումներով, արդեն դուրս էինք եկել ռեստորանից՝ այնտեղ կորցրած Հայաստանն այլ անկյուններում դարձյալ մի քանի ակնթարթով վերագտնելու հույսով…    
 
Վահե Սարգսյան
հոկտեմբեր, 2012 թ.
Սոչի-Երևան

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅ
Մի պահ Չարենց հնչեց ներսս----Խնդալու կամ լալու պատճառ չիք----իսկ հաջորդ պահին----Վշտի ծիծաղ--Վշտի ծիծաղ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter