
«Ես նկարիչ չեմ, ուղղակի մարդ եմ, ով սիրում է նկարել». Նանա Մինասյան
Նարեկացի արվեստի միությունում ընթանում է Նանա Մինասյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը:
Առաջին հայացքից այդ աշխատանքները գուաշի ու ջրաներկի տեխնիկայով արված գործեր են հիշեցնում, սակայն ուշադիր դիտելիս տեսնում ես՝ աշխատանքները անթիվ անհամար գծերով են արված, վրձնի ծայրով են նկարված:
Ի տարբերություն Նանա Մինասյանի նախկին աշխատանքների, այս գծերը զուգահեռ չեն, դրանք երբեմն հատվում են, աստիճանավորվում, տարածվում:
Ինքը՝ Ն. Մինասյանը, իրեն նկարչուհի չի համարում. «Կարծում եմ՝ մի մարդ, ով ընդհանրապես յուղաներկով չի նկարել, չի կարող նկարիչ լինել: Ես յուղաներկով չեմ նկարել: Ես ճարտարապետ եմ, ուղղակի սիրում եմ նկարել: Բոլոր նկարողները չէ, որ նկարիչ են»,- կարծում է Ն. Մինասյանը:
Հանգիստ, նուրբ գունային գամմայով արված աշխատանքները կարծես հիշողություններ լինեն, տպավորություններ ծանոթ բնավայրերի. «Սիրում եմ նկարել այն վայրերը, որտեղ կուզեի լինել: Նատյուրմորդ չեմ նկարել, միշտ նկարում եմ այն, ուր կուզեի լինել… Գուցե եթե նոր տպավորություններ լինեն, գուցե նոր բաներ փորձեմ»:
Երբ դիտում ես Նանա Մինասյանի աշխատանքները, զգում դրանք, արդեն նույնիսկ կարեւոր էլ չէ, որ, օրինակ, գծերով են պատկերված, թեեւ նույնիսկ կարելի է զարմանալ՝ ինչպես է անթերի մաքրությամբ գծերով ստեղծում ակվարելի տեխնիկայով արված մի բնապատկեր:
«Իմ ձեռքերն անընդհատ մի բան պետք է անեն, միշտ պետք է զբաղված լինեն»,- բացատրում է նա:
Ն. Մինասյանի ստեղծած աշխատանքները գեղեցիկի մասին են: Այդպիսի սուբյեկտիվ զգացում ամեն դեպքում կարելի է ունենալ, երբ դիտում ես դրանք:
Նա ինքն էլ համարում է, որ արվեստը գեղեցիկի մասին պետք է լինի. «Ես չեմ հասկանում այն, ինչ որ կոչվում է կոնցեպտուալ արվեստ, իսկապես արդեն կասկածում եմ՝ գուցե ես չեմ հասկանում… Ուրիշ բան չունե՞ն անելու այդ մարդիկ: Ես ոչ մի հավակնություն չունեմ, բայց էն, ինչ որ նրանք են կոչում կոնցեպտուալ արվեստ, գեղեցիկի մասին չէ»,- կարծում է Ն. Մինասյանը:
Աշխատանքներում հիմնականում բնապատկերներ են, դրանք քչախոս են, չկա ոչ մի ավելորդ շտրիխ, ոչ մի ավելորդ գիծ, դիպուկ ու մեղմ, վերհուշի պատկերներ թերեւս: Քաղաքային տեսարաններ չկան:
«Ես քաղաքը չեմ սիրում, ուրախ եմ, որ քաղաքից հեռու եմ ապրում, ես խռովել եմ քաղաքից…
…Չգիտեմ՝ ինձ ինչպես պաշտպանեմ ռաբիսից, էստրադայից»,- բացատրում է Ն. Մինասյանը, ու սկսում եմ պատկերացնել Ն. Մինասյանին նկարելիս՝ քաղաքից հեռու՝ բնապատկերներ նկարելիս, ուր շատ նուրբ կարելի է զգալ անգամ գուաշի հոտը:
Ցուցասրահում մարդիկ դիտում են, շատերը՝ զարմանում անթիվ-անհամար գծերի միջոցով ստացված բնապատկերներից, որոնք հետո մի տեսակ ներսդ են լցվում, շարունակվում, ու գնում-դառնում հիշողություն…
Մեկնաբանել