HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Համաշխարհային հայկական կոնգրեսի համագումարին

Հոկտեմբերի 15-ին Գիտությունների ազգային ակադեմիայում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Համաշխարհային հայկական կոնգրեսի երկրորդ համագումարի բացմանը:

Ողջունելով կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին, համագումարի կազմակերպիչներին ու մասնակիցներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց նրանց: Նորին Սրբությունը բարձր գնահատեց կոնգրեսի աշխատանքները. «Այսօր, հիմնադրումից շուրջ մեկ տասնամյակ անց, գոհունակություն է Մեզ համար հաստատել, որ Կոնգրեսը նշանակալի իր աջակցությունն է բերում Հայաստանի և Արցախի տնտեսական, գիտակրթական և մշակութային զարգացմանն ու առաջընթացին, Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համազգային ջանքերին»:

Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձավ նաև աշխարհում ընթացող քաղաքական ու տնտեսական զարգացումների հետևանքով հայ ժողովրդի առջև հարուցված նոր խնդիրներին, որոնք պահանջում են համատեղ ջանքեր ու գործակցություն: «Այսօր համայն հայության հայացքը մտահոգությամբ ուղղված է դեպի Սիրիա, որտեղ շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում ծանր ու անդառնալի կորուստներ է կրում սիրիահայ պատմական համայնքը: Սիրիահայությանը հույս և ապավեն են հայրենի մեր պետության, համայն մեր ժողովրդի, ազգային կազմակերպությունների, նաև`  Համաշխարհային Հայկական Կոնգրեսի սատարումն ու զորակցությունը£ Դժվարությունների մեջ հայտնված մեր եղբայրներին ու քույրերին մատուցվող նյութական, քաղաքական ու բարոյական աջակցությունը արտահայտում է նաև հավատքն ու ազգասիրությունը մեր ժողովրդի, փորձություններն ու մարտահրավերները միասնաբար հաղթահարելու անսասան կամքը, որոնցով պայքարել ենք և կերտել մեր մեծագույն հաղթանակները», - ասաց Նորին Սրբությունը` աղոթելով, որ խաղաղությունը շուտով հաստատվի Սիրիայում և սիրիահայ կյանքում:

Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Համաշխարհային հայկական կոնգրեսի անդամներին մաղթեց աննկուն հավատքով, աննվազ եռանդով ու նախանձախնդրությամբ շարունակել իրագործել ազգօգուտ և աստվածահաճո իրենց առաքելությունը` արձանագրելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ` առավել բարեզարդելու ու պայծառացնելու հայ կյանքի օրհնյալ անդաստանը: 

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter