
Ի՞նչ են հայտարարագրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով եւս գույքի ու եկամուտների հայտարարագիր ներկայացնող սուբյեկտ են: Ներկայացնում ենք նրանցից մի քանիսի գույքի ու եկամուտների, դրամական միջոցների վերաբերյալ տեղեկություններ:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի կազմում ՀՀ Ազգային ժողովի նախագահն առաջարկել էր Լիլիթ Պետրոսյանին, ՀՀ վարչապետը` Արմեն Խուդավերդյանին, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը` Արեգ Շուշանյանին, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը` Էմիլ Բաբայանին, իսկ գլխավոր դատախազը` Արտակ Սարգսյանին:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը Էմիլ Բաբայանն է: Մինչ այս պաշտոնը, նա արդարադատության փոխնախարար է եղել: Էմիլ Բաբայանը իր 2011 թ.-ի հայտարարագրում որպես եկամուտ նշել է միայն մեկ տարվա երեք տարբեր աշխատավարձեր` 2 մլն 741 հազար 187 դրամ, 910 հազար 333 եւ 247 հազար 300 դրամ: Նույն թվականի հարկային տարվա սկզբում Էմիլ Բաբայանն ունեցել է 1 մլն 200 հազար դրամ, իսկ տարեվեւջին գումարի չափը ավելացրել է հասցնելով 2 մլն 200 հազար դրամի:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի կնոջ` Աննա Շահնազարյանի եկամուտները դարձյալ գոյանում են միայն աշխատավարձից` 1 մլն 668 հազար 572 դրամ: Աննա Շահնազարյանը տարեսկզբին ունեցել է 1 մլն 200 հազար դրամ, իսկ տարեվերջին` 1 մլն 450 հազար:
Արեգ Շուշանյանը հանձնաժողովի նախագահի տեղակալն է: Նա պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունի երկու ավտոմեքենա` «Մերսեդես E320» եւ «Շկոդա Օկտավիա» մակնիշի: Արեգ Շուշանյանն ունի նաեւ բնակարան, ավտոտնակ եւ հողակտոր:
Պաշտոնը ստանալու օրվա դրությամբ Ա. Շուշանյանը ունեցել է 47 մլն 300 հազար դրամ, 48 հազար դոլար եւ 39 հազար եվրո:
Դարձյալ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, հանձնաժողովի անդամ Արմեն Խուդավերդյանը, հայտարարել է համատեղ սեփականություն հանդիսացող 2 բնակարան: Նա ունի նաեւ երկու փոխառություններ` 25 մլն դրամ եւ 50 հազար դոլար: Այդքան են կազմում նաեւ նրա դրամական միջոցները, որոնք հավանաբար գոյացել են ստացված փոխառություններից:
Հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը պաշտոնը ստանձնելու օրվադրությամբ ոչ բնակարան է ունեցել, ոչ հողակտոր, ոչ էլ շարժական գույք: Նրա միակ «ունեցվածքը» 15 հազար 500 դոլարն է:
Գլխավոր դատախազի առաջարկով հանձնաժողովի անդամ դարձած Արտակ Սարգսյանն ունի 2010 թ. արտադրության «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենա: Նա ունի 20 հազար դոլար արժեքով 40 տոկոս բաժնեմաս, իսկ հաշվեհամարում պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա է եղել 13 մլն դրամ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել