Հարուցվել է քրեական գործ՝ արգելանքի տակ գտնվող հաստոցները թաքցնելու դեպքի առթիվ
Պաշտոնական հայտարարություն ՀՀ դատախազությունից՝
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ արգելանքի տակ գտնվող, բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ քաղաքացի Բ. Մանուկյանի կողմից ապօրինի գործողություններ կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ԱԱԾ քննչական վարչությունում Բ. Մանուկյանի վերաբերյալ քննվել և մեղադրական եզրակացությամբ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 215-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար 2011թ. օգոստոսի 2-ին որոշում է կայացվել՝ գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ: Այդ որոշման հիման վրա Բ. Մանուկյանին արձանագրությամբ ի պահ է հանձնվել ոսկերչական իրեր արտադրելու համար նախատեսված 5 հաստոց, որոնք Բ. Մանուկյանը թաքցրել է:
Արդյունքում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012թ. հունվարի 24-ի դատավճռով նշանակված գույքի բռնագրավումը կատարելու նպատակով իրականացված կատարողական գործողությունների ընթացքում նշված հաստոցները չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել