Հայտարարվում է «Ֆիլմ + H2О» կինո- մրցույթ
Ցանկանո՞ւմ եք, որ Ձեր ֆիլմը ցուցադրվի Միացյալ Թագավորությունում և Հայաստանում, ցանկանո՞ւմ եք բարձրաձայնել երկրագնդին հուզող խնդիրների մասին և ներկայացնել Ձեր տեսակետը: Եթե այո, ապա Բրիտանական խորհրդի «Ֆիլմ + H2О» մրցույթը Ձեզ համար է:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 2013 թվականը հռչակել է Ջրային համագործակցության միջազգային տարի: 2013 թվականի մարտի 22-ը՝ Ջրի համաշխարհային օրը, որն ամեն տարի նշվում է 1993 թվականից ի վեր, նույնպես նվիրված կլինի ջրային համագործակցությանը:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի շրջանակում միանում է երկրագնդի համար այս կարևորագույն տոնին և հայտարարում «Ֆիլմ + H2О» կինո-մրցույթը:
Այսօր երկրագնդում ապրում է 7մլրդ մարդ, և մինչև 2050 թվականը բնակչության թիվը կավելանա ևս 2 մլրդ-ով: Ջրի սակավության ազդեցությունն արդեն իսկ ակնհայտ է երկրագնդի բնակչության գրեթե կեսի՝ շուրջ 40 տոկոսի վրա: 2025 թվականին 1.8 մլրդ մարդ կապրի ջրի սակավության լուրջ խնդիր ունեցող երկրներում: Ջրի սակավությունն այլևս «ինչ-որ վայրում տեղի ունեցող ինչ-որ խնդիր չէ»: Այն իր ազդեցությունը կունենա յուրաքանչյուրիս վրա:
«Ֆիլմ + H2O» մրցույթի նպատակն է ֆիլմի միջոցով բարձրաձայնել հասարակությունում առկա ջրի հետ կապված խնդիրներն ու մտահոգությունները:
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական կինոարտադրողները: Աշխատանքները կարող են ներկայացվել ինչպես անհատ, այնպես էլ ստեղծագործական կազմի կողմից: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
- մրցույթի թեմային համահունչ նկարահանել մինչև 3 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմ
- DVD կրիչով ներկայացնել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ մինչև 2013 թվականի հունվարի 31-ը: Ներկայացնել նաև մասնակցության ձևը:
Մրցույթի հայ-բրիտանական հեղինակավոր ժյուրին կընտրի լավագույն երեք ֆիլմը: Մեկ մրցանակ էլ կտրվի Բրիտանական խորհրդի YouTube-ի էջում առավելագույն քանակությամբ դիտում արձանագրած ֆիլմի հեղինակ/ներին:
- Առաջին մրցանակին արժանացած ֆիլմը կցուցադրվի Միացյալ Թագավորությունում և Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնին Հայաստանում: Հեղինակը/ները կպարգևատրվեն տեսախցիկով:
- Երկրորդ մրցանակին արժանացած ֆլիմը կցուցադրվի Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնին, իսկ հեղինակը/ները կպարգևատրվեն Apple iPad-ով:
- Երրորդ մրցանակին արժանացած ֆլիմը կցուցադրվի Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնին, իսկ հեղինակը/ները կպարգևատրվեն լուսանկարչական ապարատով:
- «YouTube Winner» մրցանակը կտրվի Բրիտանական խորհրդի YouTube-ի էջում հունվարի 31-ին՝ ժամը 24.00-ի դրությամբ առավելագույն դիտում ապահոված ֆիլմին: Հաղթողը կստանա բրիտանական լավագույն և էքսկլյուզիվ ֆիլմերի DVD հավաքածու:
Ֆիլմերը կտեղադրվեն Բրիտանական խորհրդի Բրիտանական ֆիլմեր փառատոնի կայքում և YouTube-ի էջում: Չեն դիտարկվի այն ֆիլմերը, որոնք կտարածեն ատելության կամ վիրավորական մտքեր և չեն համապատասխանի մրցույթի գաղափարին:
Մանրամասն տեղեկությունների համար գրել [email protected] կամ զանգահարել 010 55 29 45:
Բրիտանական խորհուրդ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել