HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Բլոգեր Փղի փաստաբանը՝ «ՉԻ»-ի արտահայտությունների մասին

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ա. Սուքոյանի նախագահությամբ կայացավ Տիգրան Քոչարյանն ընդդեմ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի նախնական դատական նիստը:

Նիստում նախքան հայցադիմումի հիմքը և առարկան դատարանին ներկայացնելը հայցվորի ներկայացուցիչ Անահիտ Սարդարյանը դատարանին ներկայացրեց հայցի հիմքի փոփոխություն, այն է՝ հայցվորը փաստաբանական ծախսերի համար պահանջում է 500 հազար ՀՀ դրամ: Հիշեցնենք, որ զրպարտության համար հայցվորը պատասխանողից պահանջում է 2 մլն դրամ, իսկ վիրավորանքի համար՝ 1 մլն դրամ:

Ա.Սարդարյանը դատարանին ներկայացրեց 2012թ. հուլիսի 13-ի թիվ 616 համարում հրապարակված «Ֆաշիստն ու փիղը» վերտառությամբ վիճահարույց հոդվածում առկա վիրավորական և զրպարտիչ արտահայտությունները:

Հոդվածի նախաբանում գրված է. «Ախր դասական իմաստով ֆաշիստ էլ չէ այս պատվիրված, պատվիրովի խամաճիկը: Ախր էս անասունին, էս կենդանուն ներշնչել են, թե ինքը պետականամետ, հզոր, անդրկուլիսյան մուտիտի մասնագետ է, կրեատիվ կերպար է ու օգտագործում-գործածում են»: Այս նախադասությունը փաստաբանը համարում է վիրավորանք ընդհանուր բովանդակային իմաստով, մասնավորապես «պատվիրովի խամաճիկը», «էս անասունին», «էս կենդանուն» արտահայտությունները:

«Հայտնի իմաստով ֆալոսի վրա քաշված ռեզինն էլ ֆալոսի ֆորման է ստանում ու նրա գործառույթները ստանձնում զուգահեռաբար...»: Այս նախադասությունը պարունակող պարբերությունն ավարտվում է հետևյալ արտահայտություններով. «Կնճիթ: Փիղ: Փիղ: Կնճիթ: Կասեք էլի փղին եկանք: Կասենք էլի Փղին ես դարձել: Փղից, կասեք, ի՞նչ ես ուզում»: Ըստ փաստաբանի՝ այս արտահայտություններն ուղղված են կամ վերաբերվում են մեկին, ում ծածկանունն է «Փիղ»:

Պատասխանողի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանի հարցին, թե ի՞նչն է հայցվորը վերոնշյալ արտահայտությունների մեջ համարել վիրավորանք, Ա.Սարդարյանը պատասխանեց, որ պարբերությունն ամբողջ իմաստային բովանդակությամբ վիրավորանք է:

Վ.Հովսեփյանը դիմեց հայցվորին, թե արդյոք բացառու՞մ է, որ այլ անձինք կարող են ունենալ «Փիղ» մականուն: Ա.Սարդարյանը պատասխանեց, որ չի բացառում, սակայն «Փիղ» ծածկանունով անձնավորությունը հայտնի է այդ անվամբ ոչ միայն իր ընկերական շրջապատին, այլև ընդհանրապես հասարակությանը:

Հոդվածի շարունակության մեջ գործածվում են «ՀԱՅՎԱՆԸ», «կոնդոմ» արտահայտությունները, որոնք, ըստ հայցվորի, նախորդ նախադասության շարունակությունն են և վիրավորում են հայցվորին:

Վիճահարույց հոդվածի հրապարակումից օրեր առաջ՝ 2012թ. մայիսի 26-ին, «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթում հրապարակվել էր մեկ այլ հոդված՝ «Ֆաշիստիկ-Ֆաշուլյա-Ֆաշյա-3 փղերի մասին» վերտառությամբ, որը տպագրվել է նույն ծածկանվամբ՝ Մ.Մ.:

Հոդվածում նշված է. «Եվ բազմազանության շքերթի վրա հարձակվողներին, տեսանյութով դա հստակ է երևում, համակարգում էին երկու «փիղ»: Մեկը՝ մորուքով, պնդոտ, «ինտելեկտուալ» երիտասարդ՝ արիներից թե արիացիներից /վայը տանի արիացիներին, թե դա է արի լինելը/, բայց այս կնճիթավոր կաթնասունի անձնագրային անունը չեմ ասի՝ չգիտեմ, մյուսը՝ դարձյալ փիղ, ինքը Փիղն էր՝ Հայաստանի մերձքաղաքական շրջանակներում հայտնի կնճիթավոր անասունը, որ ՌՔ-ի ու ՍՍ-ի թիմի կերակրատաշտի լափողներից է ՊԱՇՏՈՆԱՊԵՍ: Սրան անվանապես արժե մոռանալ դեռ կենդանության օրոք: Անունը՝ Քոչարյան Տիգրան: Սա նաև օրեր առաջ Կենտրոնով հյուր էր եղել Պետրոսին»:

Ըստ Ա.Սարդարյանի՝ այս երկու հոդվածի ուսումնասիրությունից և վերլուծությունից պարզ է դառնում, որ հոդվածների հեղինակը նույն անձն է, որ «Փիղը» «ուղղորդել կամ ղեկավարել է» բազմազանության շքերթի վրա հարձակումը, ինչպես նաև այն, որ «Փիղ» ծածկանունով անձնավորության անունն է Քոչարյան Տիգրան:

Հայցվորն առաջին հոդվածի հրապարակվելուց հետո իր բլոգում տեղադրել է մի հոդված, որով դիմում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի լրագրողներին՝ պահանջելով հանել այդ հոդվածը և ներողություն խնդրել իրենից: Եվ նախադասույթունը վերջացնում է «բեզ աբիդ» արտահայտությամբ: Ա.Սարդարյանը տեղեկացրեց դատարանին, որ հենց այդ բառերով էլ վերջանում է նաև վիճահարույց հոդվածը:

Հայցվորը զրպարտություն է համարում հետևյալ արտահայտությունները. «...բազմազանության շքերթի մասնակիցների վրա հարձակվելու, նրանց հալածելու և ֆաշիստական վարքագծի և արտահայտությունների համար...», «Այսպես ասեմ՝ ընդունել է այս ՀԱՅՎԱՆԸ այն փաստը, որ ինքն է ուղղորդել, ղեկավարել բազմազանության երթի վրա հարձակումը»: Փաստաբանը այս արտահայտությունների՝ զրպարտություն լինելը հիմնավորում է նրանով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, քանի որ հայցվորը ֆաշիստ կամ ֆաշիզմի հետևորդ չէ:

Այսպիսով, նիստն ավարտվեց, և պատասխանողին տրվեց երկշաբաթյա ժամանկետ, որ դատարանին ներկայացնի իր դիրքորոշումը: Հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին:

Լուսանկարը՝ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter