HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խաչաղբյուր-2»-ը կառուցվում է պետական երկու արգելավայրի տարածքում՝ խախտելով օրենքները

ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին 

Հարցում

«Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցումն իրականացվում է երկու պետական արգելավայրերի՝ «Իջևանի» և «Արջատխլենու» տարածքում, սակայն «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի բնապահպանական մասի 27-րդ էջում գրված է. «ՀԷԿ-ի կառուցման տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքներ չկան»:

Արգելավայրերի գոյության և նրանց վրա հնարավոր ազդեցության մասին նշված չէ նաև «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից «Մեգաէներջի» ՍՊԸ-ին տրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության մեջ, ինչը, մեր կարծիքով, հակասում է «ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին, որով սահմանվում է. «ՀՀ-ում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը»:

Նախագծում գրված է նաև, որ «Շինարարության ժամանակ ծառահատումների անհրաժեշտություն չկա, քանի որ խողովակաշարն անցնում է ավտոճանապարհին զուգահեռ»: Սա ակնհայտ սուտ տեղեկատվություն է, քանի որ հովիտի այն մասը, որտեղով անցնելու է խողովակաշարը, անտառապատ է և դժվարանցանելի նույնիսկ մարդու համար, ոչ մի ավտոճանապարհ այնտեղ չկա, իսկ 2,8 կմ երկարությամբ խողովակաշարը անցկացնելու ընթացքում անխուսափելի են խոշորամասշտաբ ծառահատումները, որոնց արդեն բնապահպանները ականատես են եղել և տեսանկարահանել:

Փաստորեն, բնապանպանական փորձաքննությունն, ըստ էության, չի անցկացվել, և բացահայտ խախտվել է նաև «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջները, համաձայն որի՝  «Փորձաքննությունն առնվազն պետք է ընդգրկի.

ա) նախատեսվող գործունեության հնարավոր ուղղակի եւ անուղղակի ազդեցության կանխորոշում, նկարագրում և գնահատում, մասնավորապես՝ կլիմակայան պայմանների, բուսական ու կենդանական աշխարհի, էկոհամակարգերի առանձին տարրերի, նրանց փոխհարաբերության ու կայունության, բնության հատուկ պահպանվող տարածքների, լանդշաֆտի, երկրաձևաբանական կառույցների, օդի, մակերեսային եւ ստորերկրյա ջրերի, ընդերքի, հողի»:

Ելնելով հարցի կարևորությունից՝ խնդրում ենք մեզ տրամադրել պարզաբանում հետևյալ հարցերի վերաբերյալ.

1. Ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը թույլատրել մասնավոր ընկերությանը պետական արգելավայրի տարածքում տնտեսական գործունեություն ծավալել` առանց գնահատելու դրա վտանգները էկոհամակարգերի վրա:

2. Ինչո՞ւ դուք՝ որպես պետական լիազոր մարմնի ղեկավար, պատասխանատվության չեք ենթարկում «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ի տնօրենին և այն փորձագետներին, ովքեր սուտ և կեղծ տեղեկություններ են ամրագրել ընկերությանը տրված բնապահպանական փորձաքննության մեջ:

3. Ո՞վ և ո՞ր կառույցն է ստանձնելու և հատուցելու շրջակա միջավայրին արդեն իսկ հասցված վնասները, արդյո՞ք ՀՀ բնապահպանության նախարարությունն իրեն մեղավոր չի զգում այս հարցում:

4. Ներկայում ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ձեր կողմից «Մեգաէներջի» ՍՊԸ կողմից Գետահովիտ համայնքին հասցված վնասը գնահատելու և փոխհատուցելու ուղղությամբ:

Ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ Ձեր պատասխանը:

Կից ներկայացվում է` «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի ջրառի և ջրահեռացման կոորդինատների դիրքը քարտեզի վրա, որից ակնհայտ երևում է, որ շինարարությունը կատարվում է մեր կողմից մատնանշված արգելավայրերի տարածքում:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն
E-mail - [email protected]
16.10.2012

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter