
Մարզպետները միանգամից «հարստացան»
Նախորդ տարիներին ՀՀ մարզպետները չափազանց զուսպ էին հայտարարագրում իրենց ունեցվածքը, ասենք՝ որոշները սահմանափակվում էին միայն աշխատավարձի գումարը նշելով, սակայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո վիճակը շատ թե քիչ փոխվեց: Այժմ պաշտոնյայի հետ հայտարարագիր են ներկայացնում նաև նրանց հետ փոխկապակցված անձինք՝ ամուսինը, իրենց հետ ապրող ծնողները, չամուսնացած երեխաները: Այս առումով մարզպետների 2011 թվականի հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզվում է, որ նրանք այնքան էլ համեստ եկամուտներ չունեն:
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը 2010 թ. հայտարարագրել էր 5 մլն 661 հազար 420 դրամ, 12 մլն դրամ էլ՝ գույքային եկամուտ: 2011 թ. հայտարարագրել է 5 մլն 391 հազար 63 դրամ եկամուտ, որից 2 մլն 307 հազար 63 դրամը աշխատավարձն է, 3 մլն 84 հազարը՝ թոշակը: Նախորդ տարի Արարատի մարզպետը իր հաշվեհամարին ունեցել է 4 մլն 350 հազար դրամ:
Էդիկ Բարսեղյանի կինը՝ Ռոզա Հայրապետյանը, նախորդ տարի ունեցել է ընդամենը 1 մլն 200 հազար դրամի եկամուտ, որը աշխատավարձի գումարն է: Պարզվում է՝ Ռոզա Հայրապետյանը իր դրամական միջոցներով ամուսնուց ավելի հարուստ է: Նրա հաշվին առկա է եղել 18 մլն դրամ:
2010 թ. Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ունեցել է ընդամենը 3 մլն 966 հազար դրամի եկամուտ: 2011-ին մարզպետի եկամուտներն այնքան էլ չեն ավելացել՝ 4 մլն 440 հազար դրամ, որից 2 մլն 760 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 1 մլն 680 հազարը՝ կենսաթոշակը: Աշոտ Ղահրամանյանը 2011թ. սկզբին իր հաշվեհամարին ունեցել է 12 մլն 700 հազար դրա, իսկ տարեվերջին գումարն ավելացրել է՝ հասցնելով 15 մլն 628 հազար դրամի:
Աշոտ Ղահրամանյանի կինը՝ Արփիկ Ղահրամանյանն, իր դրամական ունեցվածքով չի զիջում պաշտոնյա ամուսնուն: Նրա 2011թ. միակ եկամուտը 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձն է: Տարվա սկզբին նա ունեցել է 17 մլն 500 հազար դրամ, իսկ տարեվերջին՝18 մլն 700 հազար:
Արթուր Նալբանդյանը Լոռու մարզպետի պաշտոնը զբաղեցնում է 2011-ի հուլիսի 28-ից: Մինչ այդ Ալավերդու քաղաքապետն էր: 2010թ. քաղաքապետ Նալբանդյանը հայտարարագրել էր 17 մլն 739 հազար 735 դրամ և ձեռք էր բերել մեկ շենք-շինություն:
Վերը նշված մարզպետներից նախորդ տարին ֆինանսական առումով ամենից արդյունավետ եղել է հենց Արթուր Նալբանդյանի համար: Նա 2011-ին հայտարարագրել է 52 մլն 718 հազար 634 դրամ, որից 1 մլն 458 հազար 634 դրամ և 1 մլն 260 հազար դրամը երկու տարբեր աշխատավարձերն են: Արթուր Նալբանդյանը ստացել է նաև երկու նվիրատվություն՝ 50 մլն դրամ և 80 հազար դոլար:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա 2011-ի սկզբին Ա. Նալբանդյանն ունեցել է 3 մլն դրամ և 2 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ 53 մլն դրամ և 82 մլն դոլար:
Մարզպետի կինը՝ Նաթելա Մաթոսյանը, 2011-ին ունեցել է ընդամենը 600 հազար դրամի եկամուտ, որը աշխատավարձն է, 5 մլն 850 հազար դրամ էլ ունեցել է իր հաշվեհամարին:
Լուսանկարը՝ armenianow.com-ից
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել