HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թումոյում» տեղի կունենա «Շուշի արթ փրոջեքթի» պրեզենտացիան

Հոկտեմբերի 21-ին Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա «Շուշի արթ փրոջեքթի» (ՇԱՓ) ընծայումը (պրեզենտացիան), տեղում կցուցադրվեն Շուշիից տեղափոխված գործերը, իսկ այն գործերը, որոնք նվիրաբերվել են Շուշիին, կցուցադրվեն ֆոտոշարքի միջոցով, կներկայացվեն նաև արվեստագետների՝ տեղում արված պերֆորմանսների վիդեոները:

Հոկտեմբերի 22-ից 27-ը ՇԱՓ մասնակից արվեստագետներից մի քանիսը «Թումո» կենտրոնի սաների համար դասախոսություն-ընծայումներ կանցկացնեն՝ պատմելով իրենց ստեղծագործական փորձառության և ժամանակակից արվեստի խնդիրների մասին:

Հոկտեմբերի 1-ից 14-ը Շուշիում անկացվեց «Շուշի արթ փրոջեքթ» ժամանակակից արվեստի նախագիծը: Հոկտեմբերի 1-ից 4-ը արվեստագետները տեղում աշխատեցին իրենց ստեղծագործությունների պատրաստման վրա, հոկտեմբերի 3-ին Շուշիի քաղաքային տարբեր տարածքներում տեղի ունեցան արվեստագետների բացօթյա պերֆորմանսները, որոնց արդյունքում ստեղծված գործերը, նկարահանված տեսաշարերի հետ մեկտեղ, ցուցադրվեցին էքսպոզիցիայում:

Շուշիի հողի վրա ստեղծված ինստալացիաներից հատկապես ուշագրավ են Հերրի Որբերյանի հայելիներով «Ինքնադիմանկարը» Շուշիի նշանավոր պատմական վայր Ճդրդյուզում, Աշոտ Ավագյանի մեգալիթյան շարվածքն ու իր գործերից մեկի այրման արարողությունը նույն տեղում, Համլետ Հովսեփյանի կարմիրով ներկած ժայռաբեկորը նույն վայրում, Սահակ Պողոսյանի «Ականապատված դաշտեր և պեչենու բաղեր» ինստալացիան Շուշիի պարիսպի տարածքում, Չառլի Խաչատուրյանի հսկայական հողե օբյեկտը, որ նա իբրև հանվածք դուրս բերեց Շուշիի հողից, Արա Օշականի ֆոտոինստալացիան Ղազանչեցոց փողոցում գտնվող պատմական շենքերից մեկի ճակատին և այլն:

Պերֆորմատիվ գործերից հատկապես ուշագրավ էին Սամվել Սաղաթելյանի՝ տեղացի կանանց օգնությամբ կարված չորսմետրանոց գունագեղ վերմակը՝ երեսին Արցախի քարտեզով, Ալեքսեյ Մանուկյանի «Տասը մետրը», որում նա Շուշիի գետնից մի հատված դաջեց թղթին, Քիքիի գործողության նկարչությունը, որը ծնվում է հանդիսատեսի աչքի առաջ, ինչպես նաև նույն սկզբունքվ կերտվող Սէվ-ի «Դեկոլաժ» օբյեկտը:

Կամերային գործերից նշենք Ճալա և Եվա Սարգսյան զույգի ստեղծած «Խնձոր» երկնկարը, Գագիկ Ղազանչյանի «0-ական կետ», Մերի Մունի «Քաղաք», Հարություն Զուլումյանի «Մելանխոլիա» քանդակն-օբյեկտները, Վաչագ Տեր-Սարգսյանի վերադարձի ինստալացիան, որոնք բոլորն էլ ստեղծվեցին և կամ մոնտաժվեցին տեղում՝ ներառելով տեղում ստեղծված արտիստական մթնոլորտը, իրավիճակը, հանդիսատեսին և հանրությանը:

Փառատոնի ընթացքում Շվեդիայում բնակվող նշանավոր դոկումենտալիստ Սյուզան Խարդալյանը տեղի ուսանողների հետ անցկացրեց մաստեր-կլասներ, «Նարեկացի» արվեստի կենտրոնում ցուցադրվեց նրա «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը:

ՇԱՓ-ն աննախադեպ մշակութային իրադարձություն էր Արցախում: Նախագծի բացման օրը՝ հոկտեմբերի 5-ին, Շուշի արվեստի ցուցասրահում տեղի ունեցավ «Նարեկացի» արվեստի կենտրոնի ժող. գործիքների համույթի ելույթը, Շուշիի մշակույթի և երիտասարդության պալատում բացվեց արցախցի արվեստագետների ցուցահանդեսը:

«Շուշի արթ փրոջեքթի» «Հող և տեխնոլոգիա» հայեցակարգի ներքո անցկացվող անդրանիկ նախագիծը համընկավ նաև «Շուշի արվեստի պատկերասրահի» բացմանը, որտեղ էլ այն կայացավ: Պատկերասրահի շենքը, որը պատմամշակությաին հուշարձան է և 19-րդ դարում եղել է Անդրկովկասի առաջին տպագրատներից մեկը, ավերված վիճակից վերականգնվել և պատկերասրահի է վերածվել բարերար Կարո Սարգսյանի միջոցներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter