«Հայաստանում սեյսմիկ ռիսկի գնահատման և կառավարման պլանավորման» ծրագրի արդյունքները
Հոկտեմբերի 16-ին Երևանում ամփոփվեց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) «Հայաստանում սեյսմիկ ռիսկի գնահատման և կառավարման պլանավորման» երկամյա համատեղ ծրագիրը:
2010-2012 թթ. ընթացքում ճապոնացիների աջակցությամբ գնահատվել է Երևանի սեյսմիկ վտանգը, և մշակվել մայրաքաղաքում հնարավոր ուժեղ երկրաշարժի սցենարը, վերլուծվել է Երևանի շենք-շինությունների խոցելիությունը, պատրաստվել է սեյսմիկ աղետի կառավարման պլան, ներդրվել է Երևանում սեյսմիկ ինտենսիվության բաշխման նոր համակարգ՝ հիմնված ժամանակակից թվային 5 սեյսմոգրաֆի վրա:
««Հայաստանում սեյսմիկ ռիսկի գնահատման և կառավարման պլանավորման» երկամյա ծրագիրը լուծելու է մի քանի խնդիր միաժամանակ: Այս ծրագրի առաջին փուլում Երևանի քաղաքապետի կողմից հաստատվեց տարհանման պլանը: Ամենակարևորը մեր բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումն է և ինքնատիրապետումն աղետի պայմաններում»,- ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
«Այս ծրագրի հիմնական նպատակը Երևանի սեյսմիկ ռիսկի քարտեզի ստեղծումն էր ու սեյսմիկ աղետի կառավարման պլանի մշակումը, ինչը հետագայում կօգտագործվի նաև Հայաստանի այլ քաղաքների համար»,- ասաց Ճապոնական գործակալության հետազոտական խմբի փորձագետ Ֆումիո Կանեկոն:
Ճապոնական գործակալության հետ ՀՀ ԱԻՆ համագործակցությունը շարունակվելու է։ Արդեն առաջարկություններ են մշակվել փոխգործակցության հետագա ուղղությունների և նոր ծրագրերի վերաբերյալ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել