HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Ռոզա Մխիթարյան. «Բոլոր դերերս էլ սիրում եմ, էդ միևնույնն է թե ասեք` ո՞ր երեխայիդ ես ավելի շատ սիրում»

Հարցազրույց դերասանուհի Ռոզա Մխիթարյանի հետ:

-Բեմը, դերասանուհու կարիերան Ձեզ համար մանկության երազա՞նք էր, թե՞ միգուցե այն տարիների մոդայական թելադրանք:

-Հայրս երգող, նվագող, պարող մարդ էր և ինձ միշտ հետը թատրոն էր տանում` ներկայացման: Ես Շամշադինի Արծվաբերդ գյուղից եմ: Հետո` հենց  որ պատերազմը սկսվեց, էլ ինձ տանող չկար: Գնում էի կանգնում-կանգնում, հետ էի դառնում: Պապայիս ընկերները ներս էին տանում, որ տեսնում էին: Մի օր էլ գնացի ցերեկային կինո, բեմի տակ մտա քնեցի, որպեսզի իրիկունը ներկայացում նայեմ. դե փող չունեի, որ տոմս առնեմ: Հետո գիշերը վեր կացա տեսա, որ մութ է, և քնել եմ մնացել, մամաս էլ կողքս եկել ման է գալիս, չի գտնում: Հարևաններին հարցրել էր, թե` թատրո՞ն է եղել, թե` հա, վայ, ուրեմն գնացած կլինի:  Գալիս են տեսնում` լաց եմ լինում: Կանչում են, մեխանիկը դուռը բացում է:

Հայրս զոհվեց, վերջին նամակում մայրիկիս գրել էր` Ռոզան դերասանուհի է դառնալու, չխանգարես:

Հետո դպրոցը դարձավ 8-ամյա. երևի պատերազմից հետո ուսուցիչներ չկային: Պետք է գնայինք շրջկենտրոն` սովորելու: Ծնողները իրենց երեխաներին չէին թողնում շարունակեն, հանում էին տանում կոլխոզի դաշտ` աշխատելու: Մայրս ափսոսաց. լավ սովորող էի. ինձ ուղարկեց Բաքու` պատերազմից վերադարձած հորեղբորս մոտ: Այնտեղ վերջացրել եմ միջնակարգ դպրոցը` գերազանց գնահատականներով, հետո եկել ընդունվել եմ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Դիպլոմային ներկայացումից հետո Վաղարշ Վաղարշյանը մոտեցավ ինձ, շնորհավորեց, ասաց` քեզ լավ լուր ունեմ հաղորդելու. քեզ ուզում ենք պահենք Երևանում, ռեժիսորները հավանել են: Ինձ թվաց` հանրակացարանից հանեցին, մտածեցի` ոնց կապրեմ, ասացի` վայ չէ, էստեղի օդը չեմ վերցնում. ես ճիշտ չասացի իհարկե, բայց հետո փոշմանեցի: Ինքն էլ շատ ափսոսաց: Հետո եկել հասել  էր Կիրովական, ինձ շատ ուշ են պատմել այդ մասին, իմ մասին բարեխոսել էր, որ շնորհալի է, բայց շատ խելոք է, ասել էր` հանկարծ չնեղացնեք: Լավ բաներ էր ասել:

Ես գնացել էի գյուղ ինստիտուտից հետո: Էնտեղ` Շամշադինում, հրահանգիչ էի աշխատում և միաժամանակ էլ խումբ էի պահում, արդեն ներկայացումներ էինք խաղում: Էդ օրերին էլ Կիրովականի Աբելյանի թատրոնը եկել էր Շամշադին: Սոկրատ Վռամիչը ինձ շրջկենտրոնում տեսավ, ասաց` արի Կիրովական, մենք քեզ տեղ կտանք: Եվ եկա: Դե փառք Աստծո, ոչինչ, մի քիչ մնացի վարձով տանը, հետո կոմունալ սենյակ եղավ, հետո բնակարան ստացա:

-Ի՞նչ ժանրի դերասանուհի է Ռոզա Մխիթարյանը:

-Ռուբեն Վարոսիչը` Զարյանը, որ իմ դասախոսն է եղել ինստիտուտում, որ գալիս էր նայում ներկայացումները, ասում էր` հիմա չգիտեմ Ռոզայի ժանրը որն է. բոլոր ժանրերում էլ լավ է խաղում: Իմ կարծիքով` ես միայն «խարակտեր» դերեր պիտի խաղայի. ինստիտուտում քանի դեր խաղացել եմ` էդպիսին են եղել, չեմ իմացել, որ դրամատիկ դերեր էլ կստացվեն: Պարզվեց, որ բազմաժանր դերերի դերասանուհի եմ: Դա բացահայտեց Սոկրատ Աքմաքչյանը: Նա ինձ դրամատիկ դերերում էլ զբաղեցրեց: Իսկ ես սկզբից մտածում էի` կարո՞ղ է հանկարծ  ծիծաղեն, որովհետև հենց  բեմ էի գնում, ծիծաղում էին էլի. դե կոմեդիա էի խաղում:

Հիմա դրամատիկ դերերը շատ-շատ եմ սիրում: «Նամուսում» խաղացել եմ Սուսամբար: Ես այնքան շատ էի սիրում այդ դերը, ինձ թվում է` հիմա էլ կարող եմ խաղալ էն երիտասարդ աղջկան. ճարպիկ աղջիկ էր: «Աշխարհն, այո, շուռ է եկել» ներկայացման մեջ խաղացել եմ Նուբար և խաղացել եմ Գուրգեն Ջանիբեկյանի հետ: Շատ մեծ տպավորություն էի թողել իր վրա, ասաց` կոչում ունե՞ս, ասացի` չէ, անպայման կունենաս: «Պեպոյում» խաղացել եմ Շուշան, խաղացել եմ Բաբկեն Ներսիսյանի, Խորեն Աբրահամյանի, Գուրգեն Ջանիբեկյանի հետ:

-Ձեր ամենասիրելի դերերը:

-Բոլոր դերերս էլ սիրում եմ: Միևնույնն է թե ասեք` ո՞ր երեխայիդ ես ավելի շատ սիրում: Սմերալդինան, Յուլինկան, Պեգոտտին, բայց ո՞ր մեկը թողնեմ, իմ Սուսամբարը, Անուշը, կներեք, բայց չեմ կարող առանձնացնել: Բոլոր դերերս էլ ես սիրում եմ, որովհետև օրգանապես մտել եմ յուրաքանչյուր կերպարի, հոգեվիճակի մեջ: Կարծես իմ և կերպարի միաձուլումից ստեղծվում է նոր կերպար, ու ես էլ Ռոզան չեմ, ես ուրիշ մարդ եմ: Օրինակ` «Վաճառքի ենթակա չէ» պիեսում Սաթենիկի 2 տղաները գալիս են նրա մոտ. հո ես չեմ ընդունում, որ նրանք իմ տղաներն են. ես արդեն Ռոզան չեմ. ես Սաթենիկն եմ ու նրա տղաներին եմ ընդունում: Ես ինձ թողնում եմ տանը ու գնում եմ թատրոն:

Եթե սովորական մարդիկ ապրում են իրենց առօրյա կյանքով, դերասանը 2 կյանք ունի` արտաքին և ներքին: Կարող է շատ հուզված լինես, տխուր, շատ վատ բան պատահած լինի, բայց այդ օրը դու կոմեդիա պիտի խաղաս, ուրեմն պիտի մտնես դերիդ մեջ: Իրավունք չուենս քո հույզերը բեմ բարձրացնել:

Խաղացել եմ 150  դեր` գլխավոր և կենտրոնական: Չեմ հրաժարվել նաև փոքր դերերից, որոնք կերպար եմ դարձրել.  էդպես էլ է պատահել: Հուզվել եմ, վիրավորվել, բայց ասել եմ` ես այն դեր պիտի դարձնեմ: Օրինակ «Հորովել» ներկայացման մեջ 2 նախադասությամբ էպիզոդիկ դեր էի խաղում, որ անուն էլ չուներ, կոլխոզի, դաշտի աշխատողներ էինք:  Անունը դրեցի Աշխեն, տեքստեր ավելացրի, իմպրովիզացիա արեցի: Խաղընկերներս բողոքեցին Վահե Շահվերդյանին, թե Ռոզան խանգարում է: Նայեց, ասաց` ոչ, թողեք խաղա` ինչպես ուզում է: Էպիզոդը դարձրի ներկայացման կենտրոնական դերերից մեկը:

-Ձեր ամենաերկարակյաց դերը:

-Ամենաերկարակյաց դերը «Ա~խ այդ ծնողները» կոմեդիայում Աննա Կիրիլովնան է: Այդ դերը խաղացել եմ առանց փորձի: Ինձ դուբլյոր էին տվել, վիրավորված էի: Էդ դերասանուհին թույլ չէր տվել, որ ինձ փորձ տան. դե թատրոն է, էդպես է, էլի: Մի շաբաթ գնացի փորձի, տեսա` փորձ չեն տալիս, Միրոնի բեմադրությունն էր, ասաց` Ռոզա ջան, լավ էլի, դեռ էնքան դերեր կխաղաս, ինքը ուզում է, որ մենակ խաղա, ասացի` լավ չեմ գա, բայց ջղայնացել եմ. դերասանուհի եմ, չէ՞, դերն էլ  լավ դեր էր: Ասացի` դե չէ` չէ, ոչինչ: Բայց զանգում է Վահե Շահվերդյանը, թե դերասանուհին հիվանդացել է, բայց չենք կարող ներկայացումը հանել. պետք է պրեմիերա խաղաս: Մտածեցի, ասացի` դե  լավ: Դերը սովորեցի, մենակ ասացի` թող միզանսցենան ես դնեմ` ոնց ուզում եմ շարժվեմ: Միրոնը թույլ տվեց: Պրեմիերայից հետո քննարկում եղավ, պարզվեց, որ չեն զգացել, որ ներմուծված եմ: Ականջներիս չէի հավատում, մանավանդ` քրտնած սպասում եմ, որ հիմա պիտի քննադատեն, բայց շատ լավ խոսեցին: Եվ այդ դերը ես խաղացի 600 անգամ: Նուբարը խաղացել եմ 560 անգամ, Սմերալդինան` «Երկու տիրոջ ծառայում», դարձյալ երկար եմ խաղացել, «Վաճառքի ենթակա չէ»` էլի երկար տարիներ ենք խաղացել, «Աշնան արևը» խաղում ենք արդեն 15 տարի:

-Ունեցե՞լ եք ներկայացումներ, որտեղ հանդիպեն Ձեր կերպարանավորած տարբեր տարիքներ:

-Երիտասարդը մեկ էլ որ պիտի տարեց խաղա, մի քիչ դժվարանում է, բայց ինձ մոտ դա չի եղել, որովհետև մի օր երեխա էի խաղում, մի օր` խուժան տղա, էն մյուս օրն էլ` 75 տարեկան կին` էն էլ խուլ օշականցի. դա առաջին տարեց  կնոջ կերպարս էր` «Սոս և Վարդիթերում»: Նույն ներկայացման մեջ 2 դերակատարում ունեի. իրար չէին հանդիպում: Ջահել էի շատ և խաղում էի Անուշ. դերասանուհին հիվանդացել էր, չէր եկել, խաղում էի նրա փոխարեն: Արագ փոխում էի շորս, և գնում էի հիմա էլ ծեր օշականցուն խաղալու. խուլ կին է, էդ աղջկա հարսանիքին է գնացել: Սոկրատ Վռամիչը ասաց` պարի:  Պարեցի, հիմի զուռնան դադարել է, ասում  է` դուրս արի  է, ա՛յ Ռոզա, ասացի` բայց չէ՞ որ ես խուլ եմ, ի՞նչ գիտեմ` վերջացե՞լ է նվագը: Ծիծաղեց, ասաց` էդպես էլ կշարունակես: Քննարկում եղավ, ասացին` էդ ով էր էդ կինը, ես իրանց մոտ նստած էի, թե` ինքն է, ասացին` չէ, ինքը Անուշն էր. դե ջահել եմ: Ասացին` էդ էլ է ինքը: Չէին հավատում. բա էդ ո՞նց էր էդպես պարում` ձեռքերը, շարժումները. դե մեծ կնոջինն ուրիշ է, չէ՞:

-Որպես դերասանուհի` գնահատվա՞ծ եք:

 -Դերասաններին միշտ էլ ցածր են վարձատրել, սովետական տարիներին էլ: Ինձ հարցնում են` բա ձեր եկամուտը ո՞րն է: Ասում  եմ` ծափերը և ծաղիկները: Մեզ ուրախացնողը հանդիսատեսի վերաբերմունքն է, որովհետև սիրում ենք մեր մասնագիտությունը: Միշտ երիտասարդներին խորհուրդ եմ տալիս` ընտրեք այն մասնագիտությունը, որը սիրում եք, որովհետև ընդհանրապես ամեն տեղ` նաև արվեստի աշխարհում, շատ անարդարություններ են լինում, բայց հանուն սիրած մասնագիտության դիմանում ես ամեն ինչի: Ես որ երեկոյան մտածում եմ` վաղը պիտի խաղամ, ամեն ինչ մոռանում եմ: Իսկ հանդիսատեսը մեր աշխատանքի գերագույն քննադատն է: Նա է ընդունում կամ մերժում  մեր աշխատանքը: Կարծես անտեսանելի  թելերով  ղեկավարում, կյանք է տալիս ներկայացմանը, խաղացնում է մեզ` իր ընդունելությամբ, իր ծափերով: Նրա շնորհիվ շատ իմպրովիզացիաներ եմ արել իմ դերերում, կերպարներս եմ հարստացրել: Շատ-շատ եմ սիրում նրան, նա էլ առաջին օրվանից  որ եկել եմ Կիրովական,  իմ առաջին դերով` Սոֆիկի («Սոֆիկի սխալը»), սիրել է ինձ մինչև հիմա, որի համար շատ շնորհակալ եմ: Գիտեք` հանդիսատեսի սերը` և դահլիճում, և դրսում, ինչքան է ոգևորում, դրա համար էլ տարիքս չեմ հիշում: Թատրոնում բոլորից մեծը ես եմ, բայց երբ մարդ ապրում է` մտածելով, գիտակցելով, ծրագրեր, նպատակներ կազմելով, երազելով, մոռանում է, որ իր կյանքի մայրամուտն է, և սպասում է նոր դերի, նոր խաղի: Երբ բեմ եմ մտնում, ինձ թվում է` խաղընկերս ինչքան ջահել է, ես էլ եմ այդ տարիքի: Իմ տարիքը ես մենակ հայելում եմ զգում, հայելում չեմ ուզում նայեմ:

-Հաջողությամբ համատեղել եք բեմը ընտանեկան կյանքի հետ: Դերասանուհու Ձեր մասնագիտությունը երբևէ կոնֆլիկտի առիթ չի՞ տվել ամուսնու հետ հարաբերություններում:

-Ամուսինս ինձ շատ է օգնել, երբեք դեմ չի եղել իմ մասնագիտությանը. նա էլ էր արվեստասեր մարդ: Հետո ինձ շատ էին հարցնում` խանդո՞ւմ է: Ինքը մեր գյուղից էր: Երբ որ գնում էի Երևան` սովորելու, նա արդեն 2 կուրսում էր սովորում Պոլիտեխնիկի: Մամաս ասաց` Արշակ ջան, կնայես էլի, աղջիկ երեխա է, թե` հա, անպայման: Ու ինձ հետ վարվել է ինչպես քրոջ: Դա է ինձ շատ դուր եկել, որ շատ ազնիվ, մաքուր մտքերով էր: Երկար տարիներ իմ նկարը ինստիտուտում կար` որպես խելոք, լավ սովորող: Երբեք իմ մասին վատ բան չի լսել` թատրոնում էլ.  դե դա այնպիսի բան է, որ իմացվում է, չէ՞: Ճանաչել է. դրա համար է վստահել: Ընդհակառակը, ամեն փակ դիտումների նվեր էր առնում ինձ համար, գալիս էր ուրախանում էր: Ասում էի` ներկայացումից հետո բանկետ ունենք` շատ-շատ է եղել, հա բա դե գնա, բա ոնց. էդպես էր ինքը:  Դե իմ ամուսինն էլ ինձ համար ավելի լավն է եղել, ես  ուրիշին չեմ նայել:

-Ժողովրդական արտիստուհի եք, էլ  ի՞նչ կոչումների ու մրցանակաների եք արժանացել:

-2  խիզախության մեդալ եմ ստացել, «Մովսես Խորենացի» մեդալ, «Արտիստ» մրցանակ, 2 անգամ պարգևատրվել եմ իմ կանացի լավ դերակատարումների համար, իմ գյուղը ինձ տվել է Արծվաբերդի պատվավոր քաղաքացու կոչում: Ուրախ եմ, որ լավ ավանդույթներ կան` փառատոններ, որոնց ժամանակ դերասանի աշխատանքը երևում է: Յուրաքանչյուր արտիստի համար կարևոր է իր աշխատանքի գնահատականը, որովհետև մեր արվեստը մեռնող արվեստ է: Չենք կարող այն փոխանցել հաջորդ սերունդներին, այն մնում է միայն մեզ հետ ապրող սերնդի կարճ հիշողության մեջ: Դրա համար էլ լավ է, որ ոչ միայն հանդիսատեսը տեսնի, գնահատի, այլև թերթերում, հեռուստացույցով ասվի, խոսվի:

Ֆրունզիկ Մկրտչյանի մասին

Ֆրունզիկ Մկրտչյանը` Մհերը, մեր կուրսից էր: Նրա հետ խաղացել եմ «Պաղտասար աղբարում» Սողոմե` շատ երկար  ժամանակ: Գալիս էր, գնում էինք հյուրախաղերի: Ծովափում էինք, պիտի գնայինք մի գյուղում խաղալու: Դե դեկորների մեջ է մեր հագուստը, մեր ամեն ինչը, ծովափի շորերով գնացել ենք, որ փոխվենք: Մեկ էլ ասացին` մեքենան փչացել է, դեկորները չեն հասցնի բերեն: Հանդիսատեսը` լիքը-լիքը, դե Ֆրունզիկին էլ սիրում են, գիտեն արդեն, եկել են լցվել են: Ակումբի վարիչը բարձրացավ բեմ, հայտատարեց` հետաձգվում է ներկայացումը: Ֆրունզիկը եկավ, չթողեց` մենք հենց էսպես էլ կխաղանք: Առանց ֆեսի, չէ՞, Պաղտասար աղբարը ֆես ունի, էդ բարակ շորերով, վառված մարմնով, դեկորներն էլ չկան, մի հատ սեղան դրեց մեջտեղը, ու ներկայացումը խաղացինք: Շատ լավ ընդունվեց:

Ֆրունզիկի հետ հանրակացարանում մի 4 հոգով թոշակով էինք ապրում: Էն ժամանակ նկարիչ, քանդակագործները մեզ հետ էին: Նրանք իրենց շշերը որ խմում էին` լիմոնադ-բան, էդ շշերը վերցնում էինք, տանում մի հատ խավիար առնում բադրիջանի, մեկ էլ մի հատ հաց: Գնացի, վաճառողուհուն ասացի` վերցրեք շշերը, մի հատ խավիար տվեք, մի հատ հաց: Ասաց` աղջիկ ջան, դե վերցրու, արկղն էդտեղ դրված է: Ես էլ լավ նայեցի, թիթեղյա տուփեր էին, որը մեծացած էր, դա վերցրի: Մտածեցի` լիքն է, դրա համար է ուռած, շատը վերցնեմ, որ շատ ուտենք: Հացն էլ վերցրի, եկա վազելով: Ֆրունզիկը հենց դանակը գցեց, սաղ դուրս թափեց, դու մի ասի` փչացած է, դրա համար է ուռած: Նորից գնացինք, ասացինք` փչացած է, ի՞նչ անենք, թե` ծակել եք արդեն, քեզ չասացի՞, որ դու ընտրես: Հիմի էդ կինը չի փոխում: Էս Ֆրունզիկը, անեկդոտ է պատմում ու ինձ բրդում, որ փոխեմ, էլի: Ես էլ գլխի չեմ ընկնում, չեմ կարողանում: Ճարը կտրած`էս կնոջն ասաց` չես տեսնու՞մ՝ էն ինչ մանդիլ է էնտեղ, գնա մի ավելդ բեր: Գնաց որ բերի, բայց մանդիլ-բան չկար: Ասում է` փոխի, է, փոխի, է, զբաղեցնում եմ: Եկավ, թե՝ այ Ֆրունզիկ ջան չի երևում, թե` տուր ես կմաքրեմ: Էդ ընթացքում փոխեցի: Դողդողում էի, վախենում էի փոխեմ. դե դա գողություն է: Տարանք հանրակացարան` ուրախացած, որ պիտի ուտենք, տեսանք` էդ ծակածը: Վայ, ասեց` այ տնաշեն, դե հիմի կեր: Դե էլ չէինք կարող ուտել: Բայց հետո ինքն էլ մտածեց, որ պետք չէր փոխել, հետո փոխածը կտեսներ, կիմանար, որ մենք են արել: Երկուսս էլ խամություն էինք էլի արել. փոխել էինք:

Մեկնաբանություններ (1)

Arayik
Այսիպիսի մաքուր հոգով, պարզ ու անմիջական մարդիկ քիչ կան: Ձեզ առողջություն, սիրելի արտիստուհի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter