HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աչքի զարնող գերժամանակակից կամուրջը` Վրաստանի կերպարի խորհրդանիշ

Վրաստանի վերաբերյալ նախագահ Սահակաշվիլու պատկերացումները, մայրաքաղաքում կառուցված նոր կամուրջի նման, ժողովրդականություն չեն վայելում:

Թբիլիսիի սրտում վեր խոյացող ժայռափոր Մեթեխի պատմական եկեղեցու շրջակայքից հիասքանչ տեսարան է բացվում ողջ Հին քաղաքի վրա:

Ձախում հինավուրց Նարիկալա ամրոցն է, որից երեւում են լեռնալանջերի վրա կառուցված բազմաթիվ խարխուլ տները եւ հանրահայտ ծծմբային բաղնիքները:  

Աջում` 5-րդ դարի վրաց Վախթանգ Գորգասալ թագավորի արձանն է եւ բաց դարչնագույն ու վարդագույն երանգներով կառուցված ափամերձ շինությունները, որոնք շրջապատված են միգապատ լեռներով:

Եւ այս ողջ գեղատեսիլ հմայքի կենտրոնում, աղեղելով արագընթաց, մռայլ Քուռ գետը, ներկայանում է 150-մետրանոց ապակուց եւ մետաղից ստեղծված գերժամանակակից մի կառույց, որը պաշտոնապես հայտնի է Խաղաղության կամուրջ անվան տակ:

Ողջ Թբիլիսիում, սակայն, կամրջի ոչ պաշտոնական անվանումը «Always Ultra» է (համեմատվում է նույնանուն ֆիրմայի միջադիրների հեմ):

Կառույցը նախագծվել է իտալացի ճարտարապետ Միշել Դե Լուչիի կողմից եւ բացվել է անցյալ տարի. հետիոտների համար նախատեսված աղեղնաձեւ այս կամուրջը, որը երեկոյան լուսավորվում է լուսադիոդ էկրաններով, ընդհանրապես ժողովրդականություն չի վայելում:

«Այն ոչ ոքի դուր չի գալիս, բացի խորհրդարանի անդամներից: Կամուրջը շատ թանկ կառույց է, սակայն ոչ ոք դրանից չի օգտվում: Ի՞նչ իմաստ ուներ այն կառուցելը», - ասում է Մանանան` մոտ հիսուն տարեկան մի կին, ով ձեռագործ գորգերի խանութ ունի Թբիլիսիի Հին քաղաքում:

Իսկապես, իմ այցի ողջ ընթացքում կամուրջը, կարծես, չէր էլ գործում: Երբ փորձեցի անցնել կամուրջի հակառակը կողմը, ինձ կանգնեցրեց թրջված դեղին անձրեւանոցով կամուրջը հսկող մռայլ ոստիկանը:

Շատերը չեն հասկանում, թե ինչու է կառավարությունը մեծ ներդրումներ կատարում նման անհեթեթ կառույցների շինարարության մեջ, մինչդեռ Թբիլիսիի փողոցներն այլանդակված են փոսերով, իսկ արեւելյան ճարտարապետության ոգով կառուցված պատմական շինությունները խարխլվում ու փուլ են գալիս:

«Չեք պատկերացնի, թե որքան մարդիկ են ատում այդ կամուրջը», - պատմում է ինձ մոտ քսան տարեկան ուսանողուհի Նինոն կամուրջի հարակից բարերից մեկում: Ընդդիմադիր կուսակցության ակտիվ ներկայացուցիչ լինելով` Նինոն ասում է, որ կամուրջի կառուցումը նախագահ Սահակաշվիլուն բնորոշ «ճչացող» ժեստ էր, ով նույն ճարտարապետին պատվիրել էր նախագծել նախագահական նստավայրի մեծ ձվաձեւ ապակե գմբեթը:

Սահակաշվիլին ժամանակին շատ մեծ ժողովրդականություն էր վայելում. 2003թ. հեղափոխությանը հաջորդած նախագահական ընտրություններին նա ստացել էր ընտրողների ձայների 96 տոկոսը:

Իհարկե, անհերքելի է, որ Էդուարդ Շեւարնաձեի վարչակարգը տապալած Վարդերի հեղափոխությանը հաջորդած 8 տարիների ընթացքում երկրում ներդրումների եւ բարեփոխումների խելահեղ գործընթաց սկսվեց, ինչի արդյունքում Վրաստանը սկսեց ներկայանալ որպես արեւմտամետ եվրոպական ֆորպոստ Կովկասում:

Նույնիսկ Նինոն է ընդունում, որ կյանքը որոշ չափով բարելավվել է Սահակաշվիլու նախագահության տարիներին. «Նախքան նրա իշխանության գալը, իմ հայրենի Քութայիսում պարզապես հնարավոր չէր գիշերը տանից դուրս գալ», - հիշում է նա:

Սահակաշվիլու վարչակարգը սկսեց հիմնավոր կառուցվածքային բարեփոխումներ իրականացնել`տնտեսական եւ գործարար ոլորտները զարգացնելու, ինչպես նաեւ Շեւարնաձեի օրոք Վրաստանում ծաղկող կոռուպցիան վերացնելու նպատակով:   

Այս բարեփոխումների խորհրդանիշներից մեկը ոստիկանության բաժանմունքների թափանցիկ պատերն են, որոնք վկայում են ոստիկանության աշխատանքի թափանցիկության մասին: Կան նաեւ էական ձեռքբերումներ թե գործնական, թե կենցաղային մակարդակով: Վարորդներին այլեւս չեն անհանգստացնում պատահական, անմիջապես տեղում գանձվող «տուգանքներով», իսկ դատավորներին պատշաճ աշխատավարձ են վճարում, որպեսզի նրանք զերծ մնան կաշառակերությունից:        

Ինչ վերաբերում է ենթակառուցվածքային ոլորտի փոփոխություններին, ապա միայն ճանապարհաշինության ոլորտում Սահակաշվիլին ծրագրում է գալիք տարի շուրջ 800 միլիոն դոլար ներդրում կատարել: 

Պետության տնտեսական առաջնային խնդիրներից է համարվում նաեւ զբոսաշրջության զարգացումը. միայն սեւծովյան Բաթումի հանգստավայրում նախատեսվում է տասը գերժամանակակից 5-աստղանի հյուրանոց կառուցել: 

«Սահակաշվիլին երազում է Վրաստանը Սինգապուր դարձնել», - ասում է Թբիլիսիում բնակվող մի լրագրող:

Սահակաշվիլին, իսկապես, բազմիցս անդրադարձել է Սինգապուրի օրինակին` հատկապես նշելով նրա լիբերալ տնտեսության մոդելը, որը պետք է օրինակ ծառայի Վրաստանի համար: Սակայն նախագահը նաեւ ընդգծել է, որ Վրաստանը չի պատրաստվում որդեգրել Սինգապուրի լիբերալ քաղաքական կողմնորոշումը:

Մինչդեռ, ոմանց այս ամենը համոզիչ չի թվում: Սահակաշվիլու վարած քաղաքականության քննադատներից շատերը մատնանշում են երկրում ազատությունների սահմանափակման դեպքերը` նշելով, որ կոռուպցիան շարունակում է արագորեն զարգանալ ավելի բարձր մակարդակում, եւ իշխանության ներկայացուցիչների կամայական գործողություններն անպատիժ են մնում: 

«Ինձ շատ է զայրացնում այն, որ Սահակաշվիլին ձեւացնում է, թե Վրաստանը ժողովրդավարական երկիր է: Դա այդպես չէ», - ասում է Նինոն:

Վրացական լրատվամիջոցներին եւս մեղադրում են քաղաքական կողմնորոշման համար. վերջերս հեռարձակման ոլորտը կանոնակարգող պետական մարմինը որոշում էր ընդունել լիցենզիաներ տրամադրելիս նախապատվությունը տալ ժամանցային, ոչ թե քաղաքական ծրագրերին, եւ շատերի կողմից այս որոշումը գնահատվում է որպես 2013 թվականի ընտրություններից առաջ տարաձայնությունները մեղմելու փորձ:   

Բացի այդ, ոչ բոլորին է դուր գալիս Վրաստանի ներկա տնտեսական քաղաքականությունը: Երկրի բնակչության մոտավորապես կեսը բնակվում է գյուղական վայրերում` զբաղվելով գյուղատնտեսությամբ: Ավելին, երկրի ողջ տարածքում գործազրկության մակարդակը շարունակում է բարձր մնալ:

Սահակաշվիլու հետ կապված հույսերն այնքան մեծ էին, որ հիասթափությունն անխուսափելի էր: 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը, որի ընթացքում Արեւմուտքին չհաջողվեց օգնության հասնել Վրաստանին, շատերը հենց Սահակաշվիլու մեծ սխալն են համարում:

Թեպետ օդանավակայանից մայրաքաղաք տանող մայրուղին կրում է Ջորջ Բուշի անունը, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Թբիլիսիի եւ Մոսկվայի հետ հարաբերություններում Արեւմուտքը եւ հատկապես ԱՄՆ-ը նախապատվությունը, միեւնույն է, տալիս են վերջինիս:

Իսկ Սահակաշվիլու հեղինակությունը վաղուց է զրկվել երբեմնի փայլից: Ութ ընդդիմադիր կուսակցությունները կոչ էին անում նախագահին մինչեւ մայիսի վերջը պատասխանել ընտրական օրենսդրության մեջ բարեփոխումներ կատարելու իրենց պահանջներին, իսկ մայիսի 21-ին նախատեսվում էր բողոքի ցույցեր կազմակերպել: Եւ սա դատարկ սպառնալիք չէ. 2009 թվականի զանգվածային բողոքի ցույցերը համարյա կաթվածահար էին արել մայրաքաղաք Թբիլիսին:

Չնայած նախագահ Սահակաշվիլու գործադրած մեծ ջանքերին, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ վերջին հաշվով նրա պատկերացրած Վրաստանը նման է մայրաքաղաքում կառուցված կամրջին` աչքի զարնող գերժամանակակից մի կաղապար, որը կարծես, այնքան էլ չի ոգեւորում հասարակությանը:

Դանիելլա Փիլեդ, Կովկաս 

18-ը մայիսի, 2011թ.  

Դանիելլա Փիլեդը IWPR-ի խմբագիրն է Լոնդոնում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter