
Գումարը պահում են նախարարների կանայք
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը այլ նախարարների համեմատ աչքի չի ընկել իր ունեցվածքով, սակայն վերջին տարում նախարարի ֆինանսական միջոցները զգալի ավելացել են:
Արմեն Երիցյանը 2009 թ.-ին, երբ ոստիկանապետի առաջին տեղակալ էր, հայտարարագրել էր ընդամենը 4 մլն 852 հազար 188 դրամ եկամուտ, իսկ 2010-ին արդեն նախարար էր եւ նշել է 12 մլն 527 հազար 855 դրամի եկամուտ:
2011-ին Արմեն Երիցյանն ունեցել է 7 մլն 248 հազար 954 դրամի եկամուտ, որից 3 մլն 444 հազար դրամը կենսաթոշակն է, իսկ 3 մլն 804 հազար 954 դրամը՝ աշխատավարձը: Նախարարն իր հաշվեհամարին ունեցել է նաեւ 34 մլն դրամ:
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի կինը՝ Մերի Երիցյանը, 2011 թվականին որեւէ եկամուտ չի ունեցել, սակայն տարեսկզբին նրա հաշվեհամարին եղել է 223 մլն դրամ, իսկ տարեվերջին գումարի չափը պակասել է հասնելով 199 մլն դրամի:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նույնպես աչքի չի ընկել «ճոխություններով», թեեւ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, նա պակաս կարողության տեր չէ: Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ նախարարը 2008-ին ուներ 3մլն 619 հազար 593 դրամի եկամուտ, 2009-ին՝ 3 մլն 152 հազար 813, իսկ 2010-ին՝ 3 մլն 636 հազար 309 դրամի եկամուտ:
Արմեն Գեւորգյանը 2011 թվականին հայտարարագրել է 3 մլն 211 հազար 887 դրամի եկամուտ: Բացի այդ՝ տարեսկզբին նրա հաշվեհամարին եղել է 0 դրամ եւ 30 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ 1 մլն 200 հազար դրամ եւ 30 հազար դոլար:
Արմեն Գեւորգյանի կինը՝ Թամարա Գեւորգյանը, 2011-ի վերջին ունեցել է 200 հազարի փոխառություն, սակայն պարզ չէ, թե փոխառությունն ինչ արտարժույթով է, քանի որ էթիկայի հանձնաժողովը «ջանասիրաբար» այն փակել է:
Ինչ վերաբերում է նախարարի տիկնոջ եկամուտներին, ապա նա ունեցել է ընդամենը 1 մլն 762 հազար դրամի եկամուտ, որն աշխատավարձն է եւ 16 հազար 641 դոլար ավանդից ստացած տոկոսագումար:
2011-ի սկզբին Թամարա Գեւորգյանն ունեցել է 215 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ 210 հազար դոլար:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել