HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԲԸՄ-ի շենքի մի մասը կկառուցվի Երեւանի Դումայի քարերով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել են Երևանում կառուցվող Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքի շինարարական աշխատանքների ընթացքին:

Միության վարչական շենքի ճակատային հատվածը կկառուցվի 20-րդ դարասկզբի Երևանի Դումայի շենքի համարակալված և պահպանված քարերով: Միության անդամները տեղում` պաստառների վրա, հյուրերին ներկայացնելով շենքի ավարտական տեսքը, նշել են, որ ժամանակակից շինարարական լուծումների կիրառման ու հին ճարտարապետության պատմամշակութային առանձնահատկությունների պահպանման զուգորդմամբ վերականգնվում է այն շենքի հորինվածքը, որը գոյություն է ունեցել անցյալում: Շենքի նախագծային ու շինարարական աշխատանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում նաև քաղաքաշինական այնպիսի պահանջների, որով կպահպանվեն Երևանի հին կենտրոնի միջավայրին հատուկ տարրերը: Միության պատասխանատուները, օգտվելով առիթից, հատուկ շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մշտական ուշադրության և քաղաքային իշխանությունների լիազորությունների շրջանակում ցուցաբերվող աջակցության համար:

Ողջունելով ներկաներին քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ ՀԲԸՄ-ի հետ համագործակցությունը լինելու է շարունակական. «Երևանի քաղաքապետարանն իր պատրաստակամությունն է հայտնում միշտ լինել միության կողքին և իր լիազորությունների շրջանակում աջակցել բոլոր այն  նախաձեռնություններին, որոնք ուղղված են ի բարօրություն մեր ժողովրդի ու համայն հայության մայրաքաղաքի: Ժամանակակից լուծումներին զուգահեռ քաղաքի պատմական դիմագծի պահպանումը, ըստ էության, հենց այն հիմնական պահանջն է, որը մեր կողմից առաջադրվում է քաղաքաշինական խոշոր ծրագրերի իրականացման հարցում: Եվ այդ տեսանկյունից այս կառույցը որպես այդ մոտեցման արդյունք կարելի է դիտարկել»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի կենտրոնում կառուցվող միության շենքը, պատասխանատուների հավաստմամբ, կդառնա Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հզորացման ու ՀԲԸ միության գործունեության ընդլայնման խորհրդանիշ և մշակութային միջոցառումների նոր օջախ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter