HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատի մարզում փոխվարչապետը ծանոթացավ իրականացվող ծրագրերի ընթացքին եւ խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է մարզային այցելությունները` տեղերում ծրագրերի իրականացմանը ծանոթանալու եւ մարզպետարաններում  խորհրդակցությունների ժամանակ ընթացիկ մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

Այսօր Արարատի մարզում փոխվարչապետը ծանոթացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման  ծրագրերով իրականացվող աշխատանքներին: Մարզպետ Է. Բարսեղյանի ուղեկցությամբ Ա. Գեւորգյանն այցն սկսեց Մասիսի տարածաշրջանից` այցելելով Այնթապ համայնքում նոր կառուցվող մանկապարտեզի շինհրապարակ: Նոր մանկապարտեզի շենքի կառուցման նպատակով  98 մլն դրամ է հատկացվել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին եւ երկրորդ ծրագրերով,  120 մլն դրամ` Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի, եւս 90 մլն դրամ` «ԳեոՊրոՄայնինգ»  ընկերության կողմից, ծրագրին համաֆինանսավորման միջոցով  մասնակցում է նաեւ համայնքը: Պատասխանատուները փոխվարչապետին զեկուցեցին, որ աշխատանքները նախատեսում են ավարտել մինչեւ տարեվերջ:

Այնթապի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցների վերանորգման հարցը նույնպես ընդգրկվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրերում: Փոխվարչապետին զեկուցվեց, որ թիվ 1 դպրոցի վերանորոգումն արդեն ավարտված է, այդ նպատակով  առաջին եւ երրորդ ծրագրերով ընդհանուր առմամբ հատկացվել էր 18 մլն դրամ, իսկ թիվ 2 դպրոցի նորոգման աշխատանքները կավարտվեն առաջիկա  շաբաթվա ընթացքում:

Մասիսում փոխվարչապետին ներկայացվեցին բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման  եւ ասֆալտապատման աշխատանքները: Երրորդ ծրագրով  շուրջ 41 մլն դրամ է հատկացվել  քաղաքի թիվ 33 եւ թիվ 35  շենքերի տանիքների նորոգման համար, որոնցից առաջինի աշխատանքներն արդեն ավարտվել են, մյուս շենքի տանիքի նորոգումը կավարտվի առաջիկա շաբաթներին:  Քաղաքի փողոցների ասֆալտապատման նպատակով  երկրորդ ծրագրով հատկացվել էր 140 մլն, երրորդ ծրագրով` 164 մլն դրամ, աշխատանքներն արդեն ավարտվել են:

Արտաշատի տարածաշրջանում  փոխվարչապետը ծանոթացավ Մրգավանի

դպրոցի վերանորոգման աշխատանքերին, որոնք արդեն ավարտման փուլում են: Դպրոցի նորոգման համար առաջնահերթ ծրագրերով հատկացվել է 45 մլն դրամ: Մրգավետ համայնում  էլ մանկապարտեզի շենքի նորոգումը նախատեսում է  ավարտել հաջորդ շաբաթ: Առաջնահերթ խնդիրների լուծման երեք ծրագրերով այդ նպատակով ընդհանուր առմամբ հատկացվել է  30,5 մլն դրամ:

Արտաշատ քաղաքում փոխվարչապետին ներկայացվեց թիվ 2 մանկապարտեզի նորոգման ընթացքը, նշվեց, որ երկրորդ եւ երրորդ ծրագրերով հատկացված շուրջ 40 մլն դրամով նախատեսված աշխատանքներն առաջիկայում կավարտվեն: Զեկուցվեց, որ ավարտվել են  քաղաքի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, որի համար երրորդ ծրագրով  հատկացվել էր  շուրջ 70 մլն դրամ:

Արարատի տարածաշրջանում փոխվարչապետը եղավ Արալեզ գյուղում, որտեղ երրորդ ծրագրով  հատկացված 19,5  մլն դրամով  առաջիկայում ավարտին կհասցվեն գազիֆիկացման աշխատանքները: Վեդի քաղաքում փոխվարչապետն այցելեց հիմնանորոգվող  մշակույթի տան  շինհրապարակ: Շենքի վերանորոգման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին ծրագրով 80 մլն դրամ էր հատկացվել, աշխատանքներն ավարտին հասցնելու համար պետբյուջեից եւս 225 մլն դրամ է տրամադրվել: Պատասխանատուները զեկուցեցին, որ աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի եւ  դրանք նախատեսում են ավարտել մինչեւ տարեվերջ:

Փոխվարչապետին տեղեկացվեց, որ երրորդ ծրագրով Շաղափ համայնքում 1,3 կմ  երկարությամբ  խմելու ջրագիծ է կառուցվել, ինչի շնորհիվ բարելավվել է համայնքի ջրամատակարարման վիճակը, իսկ Արարատ գյուղում կատարվել են   գազիֆիկացման եւ ասֆալտապատման աշխատանքներ` համապատասխանաբար 8,2 եւ 48,5 մլն դրամով:

Զեկուցվեց, որ առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով մարզում իրականացված աշխատանքների ֆիզիկական ծավալը կազմում է  շուրջ 95 տոկոս:  ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմամբ` չորրորդ ծրագրով մարզին հատկացվել է 1,3 մլրդ դրամ, որը նույնպես կուղղվի դպրոցների,  մանկապարտեզների շենքերի, ներհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, գազատարերի կառուցմանը եւ համայնքային նշանակության այլ հրատապ խնդիրների լուծմանը:

Այցի շրջանակում փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց «Արտաշատ»  ՋՕԸ-ի  գրասենյակում` ՏԿՆ ջրտնտպետկոմի ղեկավարության  եւ Արարատյան  դաշտավայրում գործող ՋՕԸ-երի ղեկավարների հետ: Քննարկվեցին ոռոգման շրջանի ավարտի,  ձեւավորված հասույթների դիմաց գանձումների ամբողջական ապահովմանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը նշեց, որ չնայած տարին սակավաջուր էր, սակայն  ՋՕԸ-երին հաջողվեց աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի գյուղացիական տնտեսությունների համար անհրաժեշտ ջրամատակարարում ապահովվի:  Խորհրդակցության ընթացքում «Մասիս», «Ակնալիճ», «Սեւջուր-Ախթամար» ՋՕԸ-երի ներկայացուցիչները բարձրացրեցին իրենց սպասարկման տարածքնեում սակավաջրության հետ կապված խնդիրները, քննարկվեցին նոր լուծումներ գտնելու հնարավորությունները:

Փոխվարչապետը  ՏԿՆ ջրտնտպետկոմի ներկայացուցիչներին հանձնարարեց սակավաջրության վերացման  եւ խնդրի լուծման  վերաբերյալ առաջիկայում  առաջարկություններ եւ ֆինանսական գնահատականներ ներկայացնել: 

Փոխվարչապետի աշխատանքային այցն ավարտվեց մարզպետարանում խորհրդակցությամբ, որին մասնակցում էին մարզպետ Է. Բարսեղյանը, համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատուներ: Այստեղ եւս օրակարգային էին համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերը:

Զեկուցվեց, որ մարզի համայնքների  բյուջեների փաստացի մուտքերը  2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ նախատեսված  3,5 մլրդ դրամի դիմաց կազմել են 3, 1 մլրդ դրամ, կատարողականը 89.8% է: Սեփական եկամուտների (հինգ հարկատեսակների գծով) հավաքագրման մասով համեմատաբար ցածր կատարողական  է արձանագրվել մարզի  97 համայնքներից 18-ում:

Ցածր ցուցանիշներ ունեցող համայնքների ղեկավարներին փոխվարչապետը հորդորեց հետեւողական լինել համայնքային բյուջեների կատարման հարցում եւ բացառել ապառքների կուտակումը: Նշվեց, որ մարզի որոշ համայնքներում ծրագրերի իրականացման նպատակահարմարության հարցը լրացուցիչ կքննարկվի` կախված վերջիններիս սեփական եկամուտների հավաքագրման մակարդակից:

Ա. Գեւորգյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաեւ մարզպետարանի եւ համայնքապետարնների ենթակայության հիմնարկների կողմից հարկային պարտավորությունները կատարելու խնդրին:  

Քննարկվեցին նաեւ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի կատարմանը վերաբերող հարցեր: Տեղեկություններ ներկայացվեցին մարզում   հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի, առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման գործընթացի վերաբերյալ: Քննարկվեցին նաեւ ընթացիկ մի շարք հարցեր: 

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter