HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը հանդիպել է ռուսական բալետի աշխարհահռչակ պարուհի Անաստասիա Վոլոչկովային

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով ՌԴ վաստակավոր արտիստուհի, ռուսական բալետի աշխարհահռչակ պարուհի Անաստասիա Վոլոչկովան հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում:

Ողջունելով հյուրին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերը ընդունելու համար և նկատել, որ աշխարհահռչակ պարուհու երևանյան ելույթը, ըստ էության, դիտարկվում է «Էրեբունի - Երևան 2794» տոնակատարության տրամաբանության շրջանակում ու այդպիսով նաև դառնում տոնական տրամադրության շարունակություն:

«Մեզ համար իսկապես հաճելի է մայրաքաղաքի օրվա տոնական միջոցառումներից անմիջապես հետո հյուրընկալել Ձեզ մեր հնամենի քաղաքում, ինչը, վստահ եմ, նաև Ձեզ համար է լավ առիթ զգալու տոնական Երևանի շունչը: Կարծում եմ` արդեն հասցրել եք հմայվել Երևանի գեղեցկությամբ և հավաստիանալ, որ Դուք մեր հյուրընկալ քաղաքում սպասված ու գնահատված հյուր եք»,- նշել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ բալետի աշխարահռչակ ռուս պարուհու երևանյան ելույթն իր ուրույն տեղը կգտնի մայրաքաղաքի մշակութային կյանքի այս տարվա առատության մեջ:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հրավերի և ջերմ ընդունելության համար, Անաստասիա Վոլոչկովան իր հերթին նկատել է, որ իսկապես ջերմ ընդունելության է արժանացել հայ հանդիսատեսի կողմից: Պարուհին նաև նշել է, որ իր առաջին այցից ավելի քան վեց տարի անց գալով Երևան` նախ և առաջ հաճելիորեն հիացել է քաղաքի ներկայիս անճանաչելիորեն գեղեցկացած արտաքին տեսքով:

«Կարող եմ վստահեցնել Ձեզ, պարոն քաղաքապետ, որ ես իսկապես հիացած եմ: Երևանը շատ է գեղեցկացել, ինչի համար ի սրտե ուրախ եմ, քանի որ ինձ համարում եմ հայ ժողովրդի լավ բարեկամ: Ավելին, ունենալով շատ հայ ընկերներ, ես այստեղ ինձ բնավ օտար չեմ զգում և հնարավորության դեպքում կկամենայի ավելի հաճախ այցելել Ձեր հրաշալի երկիր», - նշել է Անաստասիա Վոլոչկովան և հավելել, որ կցանկանար ավելի շատ ներգրավված լինել հայկական մշակութային ծրագրերում:

Օգտվելով առիթից` բալետի աշխարհահռչակ ռուս պարուհին քաղաքապետի հետ քննարկել է նաև մոտ ապագայում Երևանի խորեոգրաֆիկ ուսումնարանի պատանիների համար վարպետաց դաս կազմակերպելու հնարավորությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով առաջարկը, քաղաքապետարանի պատասխանատուներին հանձնարարել է քննարկել հարցն ու հնարավորին կարճ ժամկետում կազմակերպել վարպետաց դասի անցկացումը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter