Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է «Իսպանական շաբաթ» մշակութային միջոցառումների շարք
Օրերս Սերվանտեսի, Պաբլո Պիկասոյի, Անտոնիո Գաուդիի, Գաբրիել Գարսիա Մարկեսի, Լորկայի և նույնիսկ հայտնի հեղափոխական Չե Գևարայի հայրենիքը մի քանի օրով կարծես տեղափոխվել էր Երևան ու հաստատվել «Նարեկացի» արվեստի միությունում:
Հոկտեմբերի 17-ին «Նարեկացի» արվեստի միությունում իսպանական կրակոտ ռիթմերի ներքո, մատեի, գասպաչոյի հյուրասիրությամբ, լատինոամերիկյան ֆլամենկոյի հնչյունների ուղեկցությամբ նշվեց «Իսպանական շաբաթ Երևանում» միջոցառման փակումը: Այն մեկնարկել էր հոկտեմբերի 12-ին, անդրադառնում էր ոչ միայն Իսպանիայի, այլև իսպանախոս երկրների արվեստն ու գրականությունը և ընդգրկում էր տարատեսակ միջոցառումների շարք` բանախոսություններ` արգենտինահայ ճարտարապետ Արի Հաճեանի, գրականագետ Պաոլա Գեւարարայի եւ այլոց մասնակցությամբ, ֆիլմերի ցուցադրություն, կիթառի, լատինոամերիկյան, իսպանական պարերի և երգի երեկոներ:
Ծրագրի պատասխանատու և կազմակերպիչ Մերի Զոհրաբյանը կարևորում է նմանատիպ միջոցառումների դերը, որոնց շնորհիվ հնարավորություն է ընձեռվում ներկայացնելու իսպանական հարուստ մշակույթը: «Մարտ ամսին ես մասնակցում էի քաղաքացիական մի նախաձեռնության, որի շրջանակներում էլ որոշեցի իրականացնել այս միջոցառումը, այն, ի դեպ, Երևանում անցկացվեց առաջին անգամ»:
«Իսպանական շաբաթը» մեծ արձագանքներ ունեցավ հասարակության լայն շրջանակներում, ինչը մեկ անգամ ևս փաստում է այն, որ տարբեր մշակույթների ներկայացման, երկխոսության հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է մեզանում և այս ոլորտը դեռևս կարիք ունի լուրջ ներկայացման: Միջոցառումների շարքն անդրադառնում էր իսպանական հարուստ ժառանգության տարբեր շերտերին և ուղղություններին` ազգային ավանդույթներ, տոներ` Տոմատինա, Սան Ֆերմին, ցլամարտ (corrida), իսպանական գրականության երեկո` Բորխես, Լորկա, Ներուդա, Լոպե դե Վեգա, Խոսե Սելա և այլ իսպանալեզու գրողներ և պոետներ, իսպանական երաժշտության և ճարտարապետության ներկայացում և մեկնաբանում և այլն: Մասնակցում էին հայաստանյան և արգենտինահայ հայտնի երգիչ-երաժիշտներ, գրողներ, արվեստաբաներ` Հակոբ Ջաղացպանյան, Վալերիա Չերեկյան, Գրեգի Ավագյան, Վենեդիկտ Վի և Արշավիր Ասրյան, “LOS LOCOS” խումբը և ուրիշներ:
Բոլոր միջոցառուներն անցկացվեցին «Նարեկացի» արվեստի միության հյուրընկալ հարկի ներքո:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել