
Ալիևի մեղադրանքը, ուղղված British-Petroleum-ին, ուղղակի դիվանագիտական խաղ է. ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի դիտարկմամբ` Ալիևի մեղադրանքը, ուղղված British-Petroleum -ին, ուղղակի դիվանագիտական խաղ է, քանի որ Ադրբեջանի նախագահը հստակ գիտակցում է, որ իրենց երկիրն Արևմուտքի համար հետաքրքրություն է ներկայացնում առաջին հերթին նավթային պաշարների առկայությամբ:
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մեղադրել է մեծբրիտանական նավթային ընկերության կողմից ղեկավարվող միջազգային կոնսորցիումին վերջինիս կողմից շահագործվող ադրբեջանական հանքահորերից նավթի արդյունահանման տեմպերը նվազեցնելու մեջ:
Ադրբեջանի կառավարության հոկտեմբերի 17-ին կայացած նիստի ժամանակ երկրի առաջին դեմքը հայտարարել է. «Կոնսորցիումի գործած բազմաթիվ սխալների հետևանքով «Ազերի» և «Չիրազ» նավթահորերից նավթի արդյունահանման տեմպերը կտրուկ նվազել են, Ադրբեջանի վնասը կազմում է 8,1 միլիարդ դոլար»:
«Նույնիսկ «եղբայր-պետություն» Թուրքիան կարող է հրաժարվել պանթուրքիզմի ամպագորգոռ կոչերից, եթե Ադրբեջանի նավթային պաշարները մի գեղեցիկ օր իրոք որոշեն սպառվել»,-ասաց ադրբեջանագետը և հավելեց, որ Ալիևի արված հայտարությունը դեռ իր համապատասխան արձագանքը կստանա Արևմուտքի կողմից, իսկ ստեղծված իրավիճակից կարող է օգտվել նաև հայկական դիվանագիտությունը:
Մեկնաբանել