
Էդուարդ Շարմազանով. «Ես չեմ տեսել, որ Գալուստ Սահակյանն իմ փոխարեն քվեարկել է» (վիդեո)
Ազգային ժողովում ուրիշի փոխարեն քվեարկելը նորություն չէ եւ այդ առումով չպետք է զարմանալ, թե ինչպես են պատգամավորները ջանում քվորում ապահովել` բացակա պատգամավորների փոխարեն քվեարկելով:
Հայ պատգամավորներին արատավոր սովորության դեմ պայքարում նույնիսկ չօգնեց էլեկտրոնային քվեարկությունը, որի համար պետական բյուջեից, այսինքն` ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից զգալի ֆինանսական հատկացումներ եղան:
Ուրիշի փոխարեն քվեարկում են բացառապես կոալիցիոն պատգամավորները: Անմասն չեն մնում նույնիսկ խմբակցությունների ղեկավարները, օրինակ` ԱԺ-ում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա հաճախ է քվեարկում խմբակցության քարտուղար` Էդուարդ Շարմազանովի փոխարեն, երբ վերջինս քվեարկության պահին նիստերի դահլիճում չի լինում:
«Ես չեմ տեսել, որ Գալուստ Սահակյանն իմ փոխարեն քվեարկել է»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը: Ըստ պատգամավորի` ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանն ասել է, որ Ազգային ժողովի աշնանը մեկնարկող նստաշրջանին տեխնիկական վերազինումից հետո այլեւս հնարավոր չի լինի ուրիշի փոխարեն քվեարկել;
Հարցին, թե պատգամավորները չեն գիտակցում, որ, ուրիշի փոխարեն քվեարկելով, խախտում են թույլ տալիս, Է. Շարմազանովը պատասխանեց. «Կոռեկտ չեմ համարում իմ գործընկերների մասին հրապարակային կարծիք հայտնել` իրենց գործունեության հետ կապված: Աշնանային նստաշրջանում, հուսով եմ` նման միջադեպեր այլեւս չեն գրանցվի»:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել