
Թալեբ Ռիֆայ. լողափերն այլևս գրավիչ չեն, բայց աշխարհում ոչ ամեն երկիր ունի Հայաստանի լեռները
Վաղը հայաստանյան զբոսաշրջության ոլորտի մասնավոր սեկտորի մի շարք կազմակերպություններ ստորագրելու են Զբոսաշրջության էթիկայի համաշխարհային կանոնագիրը: Այս մասին այսօր՝ Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայը:
Վերջին 6 ամսում Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը լոբբինգ է իրականացրել, որպեսզի Հայաստանի զբոսաշրջային ասոցիացիաները, հյուրանոցների ասոցիացիները, տուր օպերատորները, ավիաընկերությունները ստորագրեն Զբոսաշրջության էթիկայի համաշխարհային կանոնագիրը:
«Մենք կարիք ունեն վստահ լինելու, որ ոլորտում գործող կազմակերպությունները պահպանում են իրենց պատասխանատվությունը՝ շրջակա միջավայրի, մշակույթի, հասարակության ու մարդկանց նկատմամբ»,- ասաց Թալեբ Ռիֆայը:
Հայաստանը կլինի 4-րդ երկիրը, որտեղ կստորագրվի այս փաստաթուղթը: Մինչ այժմ կանոնագիրը ստորագրել են Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում (Իսպանիայի ողջ մասնավոր հատվածը, ինչպես նաև երկրի թագավորը): Եկող շաբաթ կանոնագիրը կստորագրեն Գերմանիայի տուր օպերատորները:
«Այսօր զբոսաշրջիկները շատ պահանջկոտ են դառնում: Մենք հանդիպում ենք մարդկանց, ովքեր ասում են՝ «մենք չենք մնա հյուրանոցներում, որոնք չեն պահպանում շրջակա միջավայրի հետ վարվեցողության կանոնները»: Սա հիմնախնդիր է դառնում»,- ասաց Թալեբ Ռիֆայը:
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանն անդամակցում է 155 երկիր, այդ թվում նաև Հայաստանը:
Կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով՝ զբոսաշրջության ոլորտում Հայաստանի իրական ուժը մշակույթի խորությունն ու հարստությունն է, որոնցից շատ մեծ օգուտ կարելի է ստանալ: Երբ Թալեբ Ռիֆայի կինն իմացել է, որ ամուսինը Հայաստան է գնում, ասել է. «Դու պետք է փորձես հայկական խոհանոցը, ծանոթանաս երաժշտությանը, պարերին, ճարտարապետությանը»:
«Այս բաները շատ հայտնի և գնահատված են ամբողջ աշխարհում: Սա է ձեր իրական առավելությունը և այն, ինչ հարստացնում է զբոսաշրջիկների փորձը: Լողափերն այլևս գրավիչ չեն: Լողափեր կան ամբողջ աշխարհում, աշխարհում ամեն երկիր էլ կարող է ասել՝ «մենք ավելի լավ լողափեր ունենք»: Բայց աշխարհում ոչ ամեն երկիր ունի այն լեռները, երաժշտությունը, խոհանոցը և մշակույթը, որը դուք ունեք: Դրանք եզակի են»,- ասաց Թալեբ Ռիֆայը:
Ուսանողներից մեկը հարցրեց, թե ինչ պետք է անել, որ զբոսաշրջությունը զարգանա հակամարտություններով հարուստ այնպիսի տարածաշրջանում, որտեղ Հայաստանն է: Թալեբ Ռիֆայը պատասխանեց, որ աշխարհում չկա հակամարտություններ չունեցող երկիր, կամ միայն երկրներ, որոնք ավելի շատ հակամարտություններ ունեն, քան մյուսները: Նա որպես հաջողված օրինակ նշեց Կիպրոսը և Խորվաթիան:
Կիպրոսը 1974թ. դարձավ կիսված կղզի. թուրքական բանակը Կիպրոսի հյուսիսն առանձնացրեց հարավից: Զբոսաշրջության տեսանկյունից գրավիչ վայրերի մեծ մասը Կիպրոսի հյուսիսում էր: Հարավային Կիպրոսը որոշեց, որ չի սպասելու մինչև հակամարտության հանգուցալուծումը և զարգանալու է՝ անկախ հակամարտություններից:
«Այսօր Կիպրոսի հարավային մասը, որը Կիպրոսի Հանրապետությունն է, աշխարհում ամենից շատ այցելություններ գրանցող վայրերից է, պարզապես որովհետև նրանք որոշեցին, որ չեն սպասելու մինչև հակամարտության ավարտը: Եթե նրանք սպասեին, 30 տարի պետք է սպասեին, և այսօր էլ հակամարտությունը դեռ չի ավարտվել»,- ասաց Թալեբ Ռիֆայը:
Խորվաթիան ևս, թեև ապրել է պատերազմի ու սպանությունների 12 տարի, չսպասեց, մինչև հակամարտությունը լուծվի, այլ որոշեց, որ արդյունաբերություն է կառուցելու այն տարածքում, որին տիրապետում է, և այն հնարավորություններով, որոնք ունի: Խորվաթիան այժմ աշխարհի առաջնակարգ զբոսաշրջային վայրերից է:
«Ուստի, իմ հասարակ խորհուրդը ձեզ այն է, որ մի սպասեք, մինչև հակամարտությունները հանգուցալուծվեն: Դուք պետք է նպաստեք, որ քաղաքական գործիչները շարժվեն ճիշտ ուղղություններով: Բայց կյանքը չի կարող սպասել»,- ասաց Թալեբ Ռիֆայը:
Նրա համոզմամբ՝ մասնավորապես Հայաստանի համար զբոսաշրջությունը վճռորոշ նշանակություն ունի: Հայաստանի նման շատ երկրներ, որոնք չունեն հարուստ բնական ռեսուրսներ, պետք է հույսը դնեն զբոսաշրջության արդյունաբերության վրա:
«Այն նույնիսկ ավելի շահավետ արդյունաբերություն է, քան այն արդյունաբերություններից շատերը, որոնք հիմնված են չվերականգնող ռեսուրսների վրա: Չվերականգնվող ասելով՝ նկատի ունեմ այնպիսի արդյունաբերություններ, ինչպիսիք են նավթարդյունաբերությունը, հանքարդյունաբերությանը»,- ասաց Թալեբ Ռիֆայը:
Նա հավելեց, որ որքան ավելի շատ ես վերցնում չվերականգնող ռեսուրսներից, այնքան ավելի քիչ է մնում ապագա սերունդներին: Մյուս կողմից, որքան ավելի շատ ես հոգ տանում զբոսաշրջության ոլորտի մասին, այնքան այն աճում է:
Մեկնաբանել