HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգություն» կուսակցության անդամի բաց նամակը նախագահ Սերժ Սարգսյանին

Ես` Գառնիկ Սահակյանս, 1993թ.-ից ՀՀ դեղերի շուկայում գործող մի ընկերության` «Սզնի» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենն եմ: 2009-10թթ. ընթացքում տարբեր ատյաններին ուղղված դիմումներով, բողոքներով (նաեւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների աջակցությամբ) մեզ հաջողվեց հասնել ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից առողջապահության ոլորտում պետական գնումների լայնամասշտաբ ուսումնասիրության, ինչի արդյունքում բացահայտվեցին պետբյուջեից ապշեցուցիչ ֆինանսական յուրացումներ:

Մասնավորապես պարզվեց. 2009-11թթ. ընթացքում ՀՀ-ում գործող 134 բուժհաստատություններից 109-ը դեղերի գնման մրցույթներ չեն հայտարարել: Մրցութային գործընթացների խափանումը դրսևորվել է երեք ուղղություններով` դեղի ինքնարժեքից ցածր գնային առաջարկի ներկայացում, դեղի նվիրատվության կարգով տրամադրում բուժհաստատությանը, մրցույթ հայտարարած բուժհաստատության կողմից օրինական պարտավորությունների չկատարում: Արդյունքում 109 բուժհաստատությունների կողմից արտամրցութային կարգով  դեղերի ձեռքբերման վրա ծախսվել է շուրջ 9,4 մլրդ ՀՀ դրամ, որից 3,45 մլրդ-ը ՏՄՊՀՀ-ի կողմից գնահատվեց որպես «պետական բյուջեից ոչ արդյունավետ ծախսված միջոցներ»:

Պետբյուջեի հանցավոր վատնում լինելուց զատ, դեղերի շուկայի նման խեղումը սնանկացման եզրին է հասցրել փոքր ընկերություններին: Մասնավորապես, ՏՄՊՀՀ-ի կողմից արձանագրվեց, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն չհիմնավորված ցածր գին կիրառելու ճանապարհով երկու բուժհիմնարկների հայտարարած դեղի (ցեֆտրիաքսոն) գնման մրցույթներում պարտության է մատնել «Սզնի» ՍՊԸ-ին: Կուտակված ապրանքային պաշարներն իրացնել չկարողանալու արդյունքում «Սզնին» կանգնել է սնանկացման առջեւ: Դա այն դեպքում, երբ «Նատալի ֆարմը» նույն դեղը 2009-11թթ. ողջ ընթացքում իրացրել է 2,5-4 անգամ ավելի բարձր գնով, քան մենք: Երեք այլ մրցույթներում «Նատալի ֆարմը» նվիրատվություն է կատարել բուժհաստատություններին, ինչի արդյունքում մրցույթներում հաղթելուց հետո մեզ հետ պայմանագրեր չեն կնքվել:

Փաստերի ուսումնասիրությունից ՀՀ ՏՄՊՀՀ եզրակացրել է. ««Նատալի ֆարմ» ՍՊԸ գործողությունները միտված են չհիմնավորված գներ կիրառելու և մրցակցի վաճառքի հնարավորությունները սահմանափակելու միջոցով «Սզնի» ՍՊԸ-ին շուկայից դուրս մղելուն»: ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ  «Նատալի ֆարմ»  ընկերության կողմից 2009-10 թթ. ընթացքում «Սզնի»  ընկերության դեմ կիրառված գործողությունները որակվել են «գերիշխող դիրքի չարաշահում» եւ նշանակվել է տուգանք քսան միլիոն դրամի չափով:

Փաստացի, չնչին մի գումար գանձելուց բացի «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն այլ պատժի չենթարկվեց միտումնավոր եւ հետեւողական կերպով ՀՀ դեղերի շուկան խեղելու, մենաշնորհելու եւ ՀՀ պետբյուջեին միլիարդավոր դրամների վնաս հասցնելու համար: Նման մեղմությունը չունի արդարացում, եւ այժմ, երբ ինչ-ինչ նկատառումներով դեղերի շուկայում տիրող բացարձակ օրինազանցության վիճակը հայտնվել է Ձեր, դրա արդյունքում նաեւ իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում, ճիշտ ժամանակն է խոսքերից անցնելու քայլերի:

Իբրեւ «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի հակաօրինական գործությունների արդյունքում  սնանկացման հասցված եւ շուկայից դուրս մղվող կողմ, ես` «Սզնի» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Գառնիկ Սահակյանս, պահանջում եմ, որ «Նատալի ֆարմը» փոխհատուցի ՀՀ պետբյուջեին եւ ինձ հասցված վնասները ողջ ծավալով եւ «Գնումների մասին» ՀՀ օրենքի սահմանած կարգով, առավելագույն` երեք տարի  ժամանակով զրկվի դեղերի շուկայում պետգնումների մասնակցելու իրավունքից: Նման հակազդեցությունը թույլ կտա մտածել, որ  դեղերի շուկայով Ձեր մտահոգությունը նախընտրական ակցիա չէ, այլ ոլորտը կարգավորելու եւ հետագա ապօրինությունները կանխելու հանձնառություն: 

Գառնիկ Սահակյան

«Սզնի» ՍՊԸ տնօրեն, Վանաձոր

Մեկնաբանություններ (2)

ԳԱԼՈՒՍՏ
ԱԽՊԵՐ ՋԱՆ Ս.ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՄԵՐ ԳԻՏՈՒՆԻԿՆ Է,,ՉԿԱ ՈԼՈՐՏ ՈՐ ԲԻԶՆԵՍ ՉՈՒՆԵՆԱ ,ԻՀԱՐԿԵ ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆՆ ԷԼ Է ՏԵՐ ԿԱՆԳՆՈՒՄ,ՈՎ ԳԻՏԻ ԴՈՒՔ ՄԻ ԵՐԿՈՒ ԲՈՒՀ ԷԼ ԱՎԱՐՏԱԾ ԿԼԻՆԵՔ....ԲԱ ՔԵԶ ՊԵՏՔ ԷՐ ? ՄԻ ԲԱՆ ՊԱՐԶ ՉԵՐ,,ԷԴ ԲՅՈՒՋԵՆ ՈՒՄՆ ԷՐ ՈՐ ՍԱՄՈՆ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՐԵԼ ?
Խորհրդատու
Իմ տեղեկություններով` Սզնիի սեփականատերը 1993-2012թ. ընդամենը մեկ դեղատուն ունի: Այսօր էլ ցանկացած մեկը կարող է մեկ դեղատուն ունենալ: «Նատալի Ֆարմ»-ը հիմնադրվելուց` 1998-ից հետո` ավելի քան 40 դեղատուն ունի և տարաբնույթ այլ գործունեություններ է ծավալում: Իսկ ապրանքաշրջանառությամբ կարծում եմ, որ ավելի քան 200 անգամ գերազանցում է Սզնիին: Արդյոք, նրանք շուկայում մրցակից են: Իհարկե` ոչ: Լրատվական միջոցների հրապարակումներից պարզվում է, որ որ Գառնիկ Սահակյանը ձեռի հետ և' քաղաքականությամբ է զբաղվում, և' ձեռնարկատիրական գործունեությամբ: Այդ հրապարակումներից հետևյալն է պարզվում. ա/ պարոն Սահակյանը անդադար աղմկում է,որ, հենց իր խոսքերով. օտարերկրյա դեսպանների ուշադրությունը գրավի և միամտորեն փափագում է, որ Ֆրանսիայի դեսպանը մի գեղեցիկ օր նրան պետք խնդրի, որ ֆրանսիա տեղափոխի 200.000 ԱՄՆ դոլարանոց/ըստ Սահակյանի/ իր «ահռելի կապիտալը» և իր բեղուն գործունեությամբ Ֆրանսիայի պետական բյուջեն հարստացնի: Բայց Սահակյանի ունեցվածքն էլ չի ծախվում և նրա կողմից նշված 200.000 ԱՄՆ դոլարանոց գումարն էլ իրական չէ: բ/ Սզնիի տերը բարձրաձայնում է իր կորուստների, սնանկացման մասին, բայց երբևէ չի նշել թե որքան է կազմում իր վնասները: Այսինքն` փուչիկ է: գ/ Սզնիի տիրոջը սատարող ժառանգության հարգարժան պատգամավորներն էլ են Սզնիի տիրոջ ձեռը կրակն ընկել: Նրանք տեղեկացված չեն Սզնիի տիրոջ շահույթի մասին, բայց խոսում են ենթադրյալ վնասի մասին, քանի որ բիզնեսից հեռու մաքուր մարդիկ են: Տպավորություն է ստեղծվում, որ Սզնիի տերն իր վարքագծով ցանկանում է հասնել նրան, որ Ալեքսանյանը գլխացավանքից պրծնելու համար Սահակյանի ունեցած անշարժ գույքը գնի: Աղմուկի քողի տակ Սզնիի տերը 290.000 հատ ցեֆտրիաքսոն դեղը ծախեց, հիմա էլ անշարժ գույքն է ցանկանում իր ուզած գնով ծախել: Բիզնեսի տեսակետից ճարպկություն է, բայց ամոթ է, հերիք է երկրի 2-3-րդ խոշոր հարկատու Ալեքսանյանի ստվերի տակ զոհի կեցվածք ընդունել, բոլորից դժգոհել: Պարոն Սահակյան փորձիր ժառանգության նախկին և ներկայիս պատգամավորների նման մեր երկրի համար մի գործ անել, թե չէ այդ մեթոդներով Ֆրանսիա չէ, Վրաստան էլ չես հասնի…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter