HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թատերագետ Լեւոն Մութաֆյանը պարզաբանում է

Արդեն տևական ժամանակ հետևում եմ թերթի օնլայն տարբերակում հոկտեմբերի 12-ին տեղադրված լրագրող Ադրինե Թորոսյանի «Նախարարը նույնիսկ նվերի չարժանացրեց  80-ամյա արտիստուհուն, թատրոնի տնօրենն էլ իրականությունից այլ բան է ասում հոբելյարի վերաբերյալ» վերտառությամբ հոդվածի շուրջ ծավալվող բանավեճին և այսպես կոչված մտքերի փոխանակությանը:

Օրավուր տխուր է դառնում ընթացքը, օրավուր խոսակցությանը խառնվում են կամ անիրազեկ,  ճշմարտությունից հեռու կանգնած, կամ էլ անձնական նեղվածությունից, մանրախնդիր հարցերից չարացած ու շփոթահար մարդիկ: Եվ այս ամենի խորապատկերին հարված է հասցվում հիրավի մեծ վաստակի ու մեծ ծառայության տեր, Լոռիում շատ վաղուց համընդհանուր սիրո արժանացած դերասանուհի Ռոզա Մխիթարյանի հեղինակությանն ու վաստակին: Որոշ բամբառակներ անգամներ սկսել են  «կշեռքի նժարին» դնել նրա տաղանդը: Այս ամենն այլևս անհանդուրժելի է: Անտարակույս, լրագրող Ադրինե Թորոսյանն ունի մեղքի իր բաժինը, որովհետև առանց խորամուխ լինելու կատարվածի մեջ, չստուգելով փաստերը, հենց մշակույթի նախարարությունից և Լոռու մարզպետարանից իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու փոխարեն՝ ձգտել է միանգամից «սկանդալային բացահայտումներ» մատուցել՝ չիմանալով, որ կա նաև ճշմարտությունը, որից անհնար է փախչել:

Ես ուզում եմ ներկայացնել այն ամենը, ինչ կապված է ՀՀ ժողովրդական արտիստուհու հոբելյանի կազմակերպմանն ու իրականացմանը, որպեսզի վերջապես մեր ընթերցողը ստանա օբյեկտիվ և համակողմանի գնահատականը: 2011 թվականին լրացավ Հ. Աբելյանի անվան թատրոնի հիմնադրման 80-ամյակը: Տակավին 2010 թվականին հրավիրվեց թատրոնի գեղարվեստական խորհրդի նիստ, ուր քննարկվեց հոբելյանական միջոցառումների ծրագիրը: Այդ ծրագիրը կազմել էի ես և ներկայացրել քննարկման: Այնտեղ, ի թիվս այլ միջոցառումների նշված էին նաև երեք հոբելյան. ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանը 85, ՀՀ ժողովրդական արտիստուհի Լենա Փաշինյանի 80 և Ռոզա Մխիթարյանի 80-ամյակների հանդիսությունները: Ծրագիրն արժանացավ գեղարվեստական խորհրդի անդամների հավանությանը և ներկայացվեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Ես նախարարի մոտ կայացած քննարկմանը չեմ մասնակցել, սակայն տեղյակ եմ, որ ծրագրից նախարարը պարտադրել է հանել թատրոնի պատվերով իմ գրած գիրքը՝ նվիրված թատրոնի պատմությանը, քանի որ նախարարի և իմ հարաբերությունները տվյալ ժամանակամիջոցում սրված էին…

Նախարարն առաջարկել էր անհապաղ պատրաստել ալբոմ և ներկայացնել տպագրության: Մինչև այժմ այդ ալբոմը գտնվում է տպագրության ընթացքի մեջ, ես նրա բովանդակությանը ծանոթ չեմ, չնայած գիտեմ, որ բազմաթիվ հղումներ կան իմ գրքին: 2011 թվականին նշվեց թատրոնի հոբելյանը, սակայն մի շարք միջոցառումներ դուրս մնացին ծրագրից՝ ֆինանսավորման բացակայության պատճառով:

Ծրագրում ընդգրկված միջոցառումներից իրականություն դարձան միայն թատրոնին նվիրված հոբելյանական երեկոն, տեղադրվեցին հուշատախտակներ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոկրատ Աքմաքչյանի և ՀՀ ժողովրդական արտիստ Լենա Փաշինյանի ապրած տների պատերին: Այդ հուշատախտակները տեղադրվեցին թատրոնի գեղարվեստական խորհրդի և Վանաձորի ավագանու անդամներ Կարեն Ավագյանի և Սեյրան Ղամբարյանի ֆինանսական ներդրումների հաշվին: Քաղաքապետ Սամվել Դարբինյանը ֆինանսավորել էր հոբելյանական բուկլետի և հրավիրատոմսի տպագրությունը: Մշակույթի նախարարության տրամադրած գումարի չափին տեղյակ չեմ, սակայն գիտեմ, որ կատարվել են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, կազմակերպվել է հոբելյանական ճոխ հյուրասիրություն:  Ծրագրում տեղ գտած այլ հոբելանական հանդիսություններ, հիշատակի երեկոներ, հյուրախաղեր չէին ֆինանսավորվել: Չգիտեմ, որևէ մեկը վճարվե՞լ է, արդյոք, հոբելյանական երեկոյի կազմակերպման համար… Ռոզա Մխիթարյանի հոբելյանի համար նախարարությունը գումարներ չէր տրամադրել: Տեղյակ եմ և գիտեմ, որ ՀՀ ժողովրդական արտիստների հոբելյանների կազմակերպման համար միշտ էլ մշակույթի նախարարությունը որոշակի գումար տրամադրում է: Սա նախարար Հասմիկ Պողոսյանի հաստատած սկզբունքն է: Թե ինչու՞ Ռոզա Մխիթարյանի հոբելյանի համար գումար չէր հատկացվել, կարծում եմ, կարող է պատասխանել միայն նախարարության աշխատակազմի ղեկավարը: Ավելացնեմ նաև, որ ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանը հրաժարվեց հոբելյանական հանդիսությունից, բնականաբար նրա նկատմամբ ևս որևէ ֆինանսական դրսևորում չցուցաբերվեց:

Ռոզա Մխիթարյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն տեղի ունեցավ 2012 թվականի սեպտեմբերի 29-ին: Ես մի քանի առիթով հիշեցրել եմ թատրոնի գեղարվեստական ղեկավարին այդ երեկոն կազմակերպելու անհրաժեշտության մասին, նա չի առարկել, սակայն առաջարկել է նշել աշնանը, քանի որ աշունը միշտ համարվել է հոբելյանական: Սեպտեմբերի 29-ը ևս պատահական չէր ընտրված, դա «Թատերական Լոռի» փառատոնի նախադուռն էր… Հոբելյանական երեկոյի սցենարը գրել եմ ես, սցենարը հղացված էր որպես գիրք-հանդես, այսինքն ողջ երեկոյի ընթացքում ներկայացվում էին գրավոր կարծիքներ դերասանուհու ստեղծագործության մասին, որոնք միջարկվում էին ելույթներով: Այսպես ես փորձել էի լոկ հանդիսությունից անցում կատարել դեպի դերասանուհու ստեղծագործության գնահատությունը:

Անտարակույս, իրավացի է լրագրողը գրելով, որ չէին մասնակցում պաշտոնատար շատ անձեր: Մշակույթի նախարարության կողմից Վանաձոր էր եկել ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալը, ով ծանոթ չէր դերասանուհու ստեղծագործությանը, խոսեց մշակութաբանական ինչ-որ խնդիրների մասին՝ անգամ իր ելույթում չհիշելով դերասանուհու անուն-ազգանունը: Ինչու՞… Նախարարությունից կարող էին գալ նախարարի տեղակալներից, նույն վարչության պետը, քանի որ գործ ունենք ժողովրդական արտիստի հոբելյանի հետ: Լավ կլիներ, որ լրագրողը հետաքրքրվեր նախարարությունից, թե ինչու՞ էին նման գավառական վերաբերմունք դրսևորել:

Սցենարում նախատեսված էր նախարար Հասմիկ Պողոսյանի ողջույնի ուղերձը, որը, լավագույն դեպքում, կարող էր ներկայացնել նույն վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը, ով պատասխանատու է թատրոնների համար:

Սցենարում նախատեսված էին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի ելույթները: Մարզպետն այդ օրը գտնվում էր Երևանում, իսկ քաղաքապետը բացակայում էր հանրապետությունից: Հարկ էր, որ մարզպետի և քաղաքապետի ողջույնի ուղերձները ներկայացվեին փոխմարզպետի և փոխքաղաքապետի կողմից, սակայն այս փոխ-երն իրենց ավելի բարձր էին դասել, արհամարհել վաստակաշատ դերասանուհուն և պատվիրակել մշակույթի բաժինների վարիչներին:

Մի՞թե թատրոնը որևէ մեղք ունի, մի՞թե թատրոնն է պատասխանատու այն բանի համար, որ Վանաձորի քաղաքապետարանը և ավագանին չեն կամեցել քաղաքի ամենավաստակաշատ մարդու հոբելյանին ներկայանալ ըստ պատշաճի, գուցեև նրան շնորհել Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչում, որն այս քաղաքում տրվել է իսկապես կասկածելի վաստակի ու համբավի անձանց…

Ինչ վերաբերում է ՀԹԳՄ վարչության նախագահ Հակոբ Ղազանչյանի բացակայությանն ու լրագրողի կողմից հիշատակված մեդալին, ապա ճշմարտությունն այս է. ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը պարտադրված էր մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ կազմակերպելու ԱՐՄՄՈՆՈ թատերական ավանդական փառատոնը: Պայմանավորվածություն ԼՂՀ նախագահի հետ ձեռք էր բերվել վաղուց, նշանակվել էր հանդիպում:

Ինձ՝ որպես ՀԹԳՄ քարտուղարի և Ռոզա Մխիթարյանի ստեղծագործությանը նվիրված գրքի հեղինակի, Հակոբ Ղազանչյանը հանձնարարեց խոսել նաև միության և հանրապետության թատերական հանրության անունից, ինչը ես արել եմ: ՀԹԳՄ հասարակական կազմակերպություն է, սահմանել է իր պարգևները, որոնցից մեկն էլ վաստակի և ծառայության համար մեդալն է, որը տրվում է հոբելյանների առթիվ՝ Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, հանդիսավոր պայմաններում: Առաջարկվեց Ռոզա Մխիթարյանին մեկ անգամ ևս պարգևատրել այդ մեդալով: Ես, շտապելով հասնել Վանաձոր, մոռացա ինձ հետ վերցնել այդ մեդալը: Եվ հեռախոսազրույց ունենալով Հակոբ Ղազանչյանի հետ՝ պայմանավորվեցինք այդ մեդալը Ռոզա Մխիթարյանին հանձնել հոկտեմբերի 5-ին, Ալավերդիում, «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակներում: Սակայն հետագայում պարզեցինք, որ Ռոզա Մխիթարյանն իր ծննդյան 70-ամյակի առթիվ արդեն արժանացել է այդ մեդալին, որը նրան է հանձնել հոբելյանական երեկոյի ընթացքում Երվանդ Ղազանչյանը:

Եվ որոշվեց Թատրոնի միջազգային օրը ըստ պատշաճի գնահատել դերասանուհուն և մեծարել… Ի դեպ,  «Թատերական Լոռի» փառատոնում, իհարկե, կարելի էր «Իմ ծաղկած դեղձենի»  ներկայացումից առաջ խոսք ասել դերասանուհու մասին, առանձնացնել նրան, շնորհավորել հոբելյանի առթիվ, սակայն դա արդեն ոչ թե թատրոնի, այլ փառատոնի տնօրինության խնդիրն էր: Իսկ փառատոնի տնօրինությունը զբաղված էր սեփական դափնիներով և սեփական մեծարանքով՝ փառատոնի փակումը վերածելով տնօրենի մեծարման հանդեսի: Այնքան էր տնօրինությունը զբաղված սեփական անձի մեծարմամբ, որ փակման օրը չուզեց անգամ բեմից շնորհավորել ժյուրիի անդամներից մեկին, ում ծննդյան օրն էր և գոնե մի ծաղիկ նվիրել…

Երեկոյի ընթացքում Ռոզա Մխիթարյանին ողջունել են Վանաձորում ճանաչված մարդիկ, մանկավարժական ինստիտուտի ռեկտորը, գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, ներկայացվել են հատվածներ ներկայացումներից… Այսինքն, սցենարի սկզբունքը պահպանվել է: Հրաշալի շնորհակալական խոսք է ասել Ռոզա Մխիթարյանը… Թատրոնի տնօրինությունը տպագրել է գեղեցիկ հրավիրատոմսեր, նվեր մատուցել, թատրոնի բոլոր դերասան-դերասանուհիները սիրով մասնակցել են հոբելյանական հանդիսության փորձերին: Ես չեմ ակնկալել որևէ ֆինանսական հատուցում գրված սցենարի համար, չնայած Երևանում իմ աշխատանքը միշտ գնահատվել է: Ես ամեն ինչ արել եմ սիրով, պատրաստակամորեն՝ Ռոզա Մխիթարյանի հանդեպ ունեցած մեծ հարգանքից դրդված և նրան ուրախություն պարգևելու ցանկությամբ…

Երեկոյից հետո ճոխ հյուրասիրություն չի կազմակերպվել: Այո: Սակայն բեմում դրվել են սեղաններ՝ մրգերով, անուշեղեններով, խմիչքներով, որոնք բաժանվել են նաև դահլիճում գտնվողներին: Իսկ Ռոզա Մխիթարյանի պատվիրած տորթից բաժին է հասել նաև հանդիսատեսներին: Այսինքն, վերացվել է բեմ-դահլիճ տարածությունը: Ինչու՞ ճոխ ճաշկերույթ չի եղել: Որովհետև դրա համար չեն եղել անհրաժեշտ ֆինանսական միջոցները: Ինչպես արդեն նշեցինք, չեն հատկացվել միջոցներ: Սովորաբար մայրաքաղաքում նման ճաշկերույթները կազմակերպվում են հովանավորների և բարերարների ներդրումներով, մինչդեռ վանաձորյան իշխանությունները և հարուստները չէին կամեցել բացել իրենց քսակները…

Ահա ամբողջը: Կարծում եմ, որ լրագրողը պարտավոր էր հարցերի պատասխաններ որոնել ոչ թե թատրոնում, որը մեծ սիրով կազմակերպել է իր դերասանուոհու մեծարումը, այլ  «ուրիշ տեղերում»: Այդ դեպքում գուցե հոդվածն ունենար ճիշտ նպատակակետեր: 

Լեւոն Մութաֆյան

Թատերագետ, ՀԹԳՄ վարչության քարտուղար,

Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի գրական մասի վարիչ

Մեկնաբանություններ (10)

ՍԵԴԱ
Թատերականցի, ճիշտ ես, էս ,,մարդը,, էլի ջրից չոր դուս եկավ, մեռավ թե չէ դատարանի առաջ պատասխան էր տալու ուսանողին հոգեբուժարան գցելու համար
Թատերականցի
ես չեմ կարծում թե իմ նախկին դասախոս դասախոս, տղաներին միշտ ձեռ քցող մութաֆյանը մի միլիոն դրամ շտրաֆ տված լինի, նա ամեն անգամ ջրից չորա դուս գալիս
Ա. Գյուրջինյան
Մութաֆյան, տեսար, որ մեկուկես միլիոն դրամի տուգանք տվեցիր, դատարանը վրադ քրեական դատ հարուցեց 6 ճարտարապետների հեղինակությանը կպչելու համար: Բա:
Մարտիկ
Լևոն Մութաֆյան, հերիք չի՞ խոսես։ Քեզ ամեն տեղից խայտառակ ձևով հեռացնում են, քեզ ծեծում են, տանում են անտառ, տկլորացնում են ու բաց են թողում, մի փալասի չափ հեղինակություն ունես ու դու դեռ պռթկերեսավարի խոսում ես ամեն ինչի մասին ու ամենքի վրա։ Դու ավելի լավ է գնա Ռուսաստանից քո չունեցած դիպլոմը բեր ապացուցի, որ իսկապես թատերագետի դիպլոմ ունես, նոր մեծ-մեծ բրդի։ Ու հիշի, որ վրեդ քրեական գործ կա, որ մի օր բացվելու ա
u tenc
Հոդվածը կարդալով հիշում ենք, թե քեզ Վահեն Շահվերդյան ոնց հեռացրեց թատրոնից: Դուրս գալիս էլ ասում էիր տես թե քեզ ինչ կանեմ, տեսար, որ չկարողացար անել?
Ա.
Ինչպես Շահվերդյանն է ասում, այս մարդու ասացների և գրածների մեծ մասը սուտ ա: փոփոխություն կկատարվի...
ՍԵԴԱ
Էդ մարզպետն ավելի կարևոր գործի է եղել, որ չի բարեհաճել գալ հոբելյանին, բայց գնացել է Երևան? Բա դրա տեղակալներն ուր էին, էդ սկսնակ մարզպետն ինչ դառավ, որ ներողություն չի խնդրում բացակայելու համար?? Էդպես էլ մեր ղեկավարները չմոտեցան մշակույթին, կմանան հոգով միշտ գեղցի:
Լեւոն Մութաֆյան
Այս հոդվածում ,,Թատերական Լոռի,, փառատոնին վերաբերող հատվածում տնօրենի փոխարեն կարդալ՝ գեղարվեստական ղեկավար
husharar
mersi hopar jan...
ՀԱՅՈՒՀԻ
Իսկապես այս անգամ արդարադատությունը գործեց և այս սրիկան մեկուկես միլիոն դրամ վճարե՞ց։ Հարգելի Հետք, դուք որ հետևողականորեն գրում եք մեր հասարակության արատների մասին, խնդրեմ նաև պարզեք, թե ինչ ղալաթներ է արել այս իբրև թե մտավորականը Վանաձորի թատերական ինստիտուտում իր մի ուսանողի հանդեպ, որ հիմա այդ պատճառով գտնվում է հոգեբուժարանում։ Ինքս վանաձորցի եմ և հիշում եմ այդ խայտառակ պատմությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter