HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Իշխանությունը «խրտնում» է բանակցություններից ու արտահերթ ընտրություններից. ինչու՞

«Հայաստանում ձեւավորվել է մի քաղաքական մթնոլորտ, երբ կողմերն, ըստ էության, առարկայական երկխոսություն չեն վարում իրար հետ: Եղածը հեռակա երկխոսություն է, որը կողմերին մանրեւրելու տեղ է թողնում,- ասում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:- Սա դեռեւս ուժերի հեռակա մրցակցություն, մտքերի փոխանակություն է, որը հասարակության համար առայժմ իրական արդյունք չի տվել, որովհետեւ անորոշ է ապագան»:

ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բեդայանն էլ նշում է, որ ՀԱԿ-ի եւ Հանրապետականի միջեւ շփումներ միջեւ կան, բայց գլխավորն այն է, որ գնում է ավելի խորքային պրոցես. «Բոլոր ներքաղաքական ուժերը, եւ ամենից առաջ ՀԱԿ-ը, ստիպված են լսել հասարակության մեջ տիրող պահանջները: Առաջին հերթին` դա կոնսոլիդացիայի պահանջն է, հասարակությունը հոգնել է պառակտումից, իրար միս ուտելուց, քաղաքական մանեւրներից եւ խաղերից: Ու դա է պատճառը, որ ՀԱԿ-ի որդեգրած ծայրահեղական լոզունգները փոարինվեցին որոշ կոնստրուկտիվ մոտեցումներով»:

Ինչու՞ է իշխանությունը «խրտնում» «բանակցություն» բառից

Բադեյանն ասում է, թե իշխանություն-ՀԱԿ բանակցային պրոցեսի մասին խոսելը, այդ հարաբերությունները պաշտոնականացնելը պարզապես հնարավոր չէ: Բադեյանի համար ընդունելի չեն կոնկրետ ուժի կոնկրետ պատվիրակության հետ բանակցելու ձեւաչափն ու բանակցությունների թեման. «Ես իմ իրավասությունները չեմ պատվիրակի ինչ-որ պատվիրակի, ինչի՞ պիտի 5 հոգի գնան իմ տեղը խոսեն»: Ըստ նրա` առաջացած հարցերը կարելի է քննարկել միջկուսակցական քննարկումների միջոցով, ինչպես ՀՀԿ-ն անում է, ասենք, ՀՅԴ-ի, «Ժառանգության» հետ:  

«Ես չեմ հասկանում իշխանության վերաբերմունքը «բանակցություն» բառի նկատմամբ, որովհետեւ վերջին հաշվով այսօրվա կոլացիան էլ է բանակցության արդյունքում ձեւավորվել: Բանակցությունը մի ձեւ է, երբ կողմերի միջեւ հարցերը քննարկվում են. կամ համաձայնության են գալիս, կամ անհամաձայնությունը պահպանվում է: Բանակցությունները պարտադրող են կողմերի համար: «Բանակցություն» բառը դրանով է խրտնեցնում,- շեշտում է Ա. Մելիքյանը:- Իշխանությունը չի ուզում պարտավորություն ստանձնել, նա ուզում է ամեն բան անել` դա ներկայացնելով որպես իր բարի կամքի դրսեւորում, ինչը սուտ է, որովհետեւ իշխանությունը գնում է այնպիսի քայլերի, որոնք մերժվում էին մեկ-երկու տարի առաջ, բայց հասկանալի դարձավ, որ այդպես շարունակել չի կարելի, ուստի հասարակության ճնշումը բերեց դա հասկանալուն»:

Մ. Բադեյանն էլ համաձայնում է, որ իշխանությունն արձագանքել է հասարակության, սակայն ոչ ՀԱԿ-ի ճնշմանը. «ՀԱԿ-ը հասարակության չնչին հատվածն է»:

Ըստ Մելիքյանի` ցանկացած իշխող կուսակցության, այդ թվում` ՀՀԿ-ի համար պաշտոնական բանակցություններ վարելը նպատակահարմար չէ, քանի որ հակառակ կողմը ձեւավորել է իր օրակարգը, իր պատվիրակության կազմը եւ փորձում է պարտադրել: Սակայն քանի որ խնդիրը նեղ կուսակցական հարց չէ, բանախոսի կարծիքով, անհրաժեշտ է չեզոք ուժերի ներգրավում եւս. «Երկու կողմի միջեւ անշուշտ կլինեն տարաձայնություններ, եւ երկուսն էլ կարիք կունենան, չասեմ արբիտրի, բայց անկողմնակալ մոտեցման: Եթե ինձ նման առաջարկ լինի, ես պատրաստ եմ»:

Ոչ արտահերթ, ոչ էլ պաշտոնական պատվիրակություններ

«Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ հարցը պիտի լինեն արտահերթ ընտրությունները, միանգամից ասեմ, որ այդ դեպքում խնդիր է դրված տապալել բանակցությունները, որովհետեւ այդ թեմայի շուրջ բանակցություն չի կարող գնալ, որովհետեւ դա Սահմանադրությանը չենթարկվելու փորձ է,- ասում է ՀՀԿ-ական Բադեյանը` չմանրամասնելով, թե կոնկրետ որ քայլը կլինի Սահմանադրությանը դեմ գնալ:- Դրա շուրջ որեւէ բանակցություն, որեւէ ֆորմատով չի կարող լինել, առավել եւս ինչ-որ պաշտոնական պատվիրակությունների մակարդակով»:

«Եթե կա ներհանրային քննարկում, եւ դրա նպատակը մեկն է` բարելավել ներհանրային կյանքը, ապա չի կարող լինել արգելված հարց այդ քննարկման համար,- ի պատասխան` շեշտում է Արման Մելիքյանը:- Բոլոր հարցերն էլ պիտի դրվեն սեղանին, որովհետեւ հանրությունն իր մեջ փնտրում է դրա պատասխանը, բայց չի գտնում եւ խնդրում է, որ քաղաքական ուժերը այդ բանն անեն: Եվ երբ մերժում կա կողմերից մեկի կողմից, դա արդեն հանրային երկխոսության նկատմամբ ոտնձգություն է: Կա հարց, որը ներկայացված է ազդեցիկ քաղաքական ուժի կողմից, եւ ես չեմ տեսնում պատճառ, թե ինչու պիտի իշխանւթյունը չքննարկի այդ հարցը: Միանշանակ հարցը քննարկելու ի սկզբանե մերժողական վերաբերմունքը հասարակության մեջ բացասական վերաբերմունք եւ անվստահություն է արթնացնելու իշխանության հանդեպ»:

«Եթե դուք հարց եք դնում օրենքը խախտելու վերաբերյալ, այդ հարցը ես չեմ քննարկի, ոչ ոք էլ չի քննարկի: Բարձրագույն օրենքը Սահմանադրությունն է, բանակցություններ վարել դրա շուրջ, թե ինչպես քննարկել այդ օրենքը, ես իրավունք էլ չունեմ, որովհետեւ որպես քաղաքական ուժ ես դրա կատարման երաշխավորն եմ, դրա համար էլ այդպիսի հարց չի էլ կարելի դնել»,- կրկին իր դիրքորոումն է պնդում Բադեյանը:

«Խնդիրն այն է, որ հարց է առաջացել իշխանության օրինական գործունեության վերաբերյալ, ինչը ծագել է, իմ համոզմամբ, կեղծված ընտրությունների պատճառով,- բացատրում է Մելիքյանը,- եւ այդ հարցը առ այսօր կա ու կմնա, եթե իշխանությունն ու ընդդիմությունը այդ հարցին լուծումներ չտան: Հարցին լուծումներ այսօրվա իրավական դաշտում չկան, կարող են լինել միայն քաղաքական լուծումներ, որովհետեւ օրենքն այնքան շատ է խախտվել, որ հիմա դրան հղում անելը պարզապես տարօրինակ է»:

«Ընտրախախտումների մասին կարելի է խոսել, բայց չի կարելի վերջնական եզրակացություն անել, թե ով է հաղթել, դա ընդամենը սպեկուլյացիա է»,- ասում է Մ. Բադեյանը:

Վերջինս դժվարացավ ասել, թե նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի վերջին հայտարարթյունը իշխանություն-ՀԱԿ բանակցությունների մասին Սերժ Սարգսյանի մոտեցումն է արդյոք, թե Կարապետյանի անձնական կարծիքը:

Վերադարձը Քոչարյանի «անձնական կատաստրոֆա՞ն» է լինելու

Արման Մելիքյանի կարծիքով` Հայաստանի ներքաղաքական զարգացումները կախված կլինեն նրանից, թե ինչպիսի արտաքին զարգացումներ կլինեն, եւ հատկապես ինչպիսին կլինի վիճակը Ռուսաստանում: Նախկին նախագահ Քոչարյանի մասով էլ նշեց, թե եթե նա «փորձի անձնապես վերադառնալ, կարծում եմ, որ դա կարող է հանգեցնել թե իր համար անձնական կատաստրոֆայի, թե Հայաստանի համար կարող է նոր բարդ իրավիճակ ստեղծել»: Իսկ Մանվել Բադեյանի հավաստմամբ` քաղաքական աշունը կլինի քաղաքական գարնան, ամռան, ձմռան նման` «հեզասահ, նորմալ, առանց ցնցումների: Իսկ Քոչարյանը եթե գալիս է, թող գա, ի՞նչ անենք»:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter