
«Հայոց ցեղասպանությունն անցյալ չէ». թուրք մտավորական
Բեռլինաբնակ թուրք մտավորական Դողան Ականլին այն մտավորականներից է, որ ընդունում և դատապարտում է հայոց ցեղասպանությունը: Ավելին, ձեռքերը ծալած չի նստում: Նրա առօրյա գործունեությունը դրսևորվում է թատրոնում: Պիեսը, որը վերնագրված է «Մոր լռությունը», պատմում է Գերմանիայում մեծացած թուրք աղջկա ապրումների և այն արձագանքի մասին, երբ նա տեսնում է մոր կրծքերի արանքում դաջված հայկական խաչը: Պիեսում տեղ է գտել նաև Հրանտ Դինքի սպանության պատմությունը:
Երեկ Բեռլինի «Unterm Dach» թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր: Ներկայացմանը հետևում էին և՛ հայեր, և՛ թուրքեր, և՛ թե գերմանացիներ:
Ներկայացման ավարտին տեղի ունեցավ երկխոսություն կողմերի մտավորականների միջև, ովքեր միաբերան խոսեցին ցեղասպանության դատապարտման մասին:
«Հայերի ցեղասպանությունն անցյալ չէ, որը շուրջ հարյուր տարի առաջ է տեղի ունեցել, այլ շատ ակտուալ է և մեր ներկա կյանքի վրա է ազդում: Պետք է ժողովրդի մտածելակերպը փոխել՝ խոսելով այդ մասին: Ես էլ՝ որպես թատրոնի մարդ, նմանատիպ ներկայացումով ուզում եմ իմ ձայնը հասցնել հասարակությանը»,- մեկնաբանում է պիեսի հեղինակ Դողան Ականլին:
Երեկոն Կոմիտասի և Սայաթ-Նովայի երգերով եզրափակեց բեռլինաբնակ երգիչ, երգահան Մասիս Առաքելյանը, որի պրոֆեսիոնալ կատարումները կրկին ըմբոշխնելու համար դահլիճը ծափահարություններով մի քանի անգամ հետ կանչեց:
Մեկնաբանել