
Զանգվածային խուզարկություններով խախտվում է բնակարանի անձեռնմխելիության իրավունքը. նախկին ոստիկան
Վերջերս Վանաձորում կատարված զանգվածային խուզարկություններին անդրադառնում է Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի հանրային պաշտպան Գուրգեն Հարությունյանը` բայց ոչ որպես փաստաբան, այլ 7 տարվա աշխատանքային փորձ ունեցող ոստիկանական համակարգի աշխատակից: Նա 2002 թ.-ից աշխատել է ոստիկանության Գուգարքի բաժնում որպես հետաքննիչ, ապա քննիչ, ավագ քննիչ, 2009-ից տեղափոխվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունք, որտեղից էլ, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից եւ զբաղվել փաստաբանական գործունեությամբ:
Ոստիկանական համակարգից քաջատեղյակ Գուրգեն Հարությունյանը նախ նկատում է, որ զանգվածային խուզարկություններն այսօրվա խնդիր չեն կամ այսօր չծագեցին. տարիներով այդ երևույթը եղել ու շարունակվում է: Պարզապես փորձ արվեց քաղաքականացնել այն, դրա համար լայն արձագանք ստացավ: Նրա խոսքով` խնդիրը համակարգային է և կապված է ոստիկանությունում ցուցանիշ ապահովելու հետ:
«Յուրաքանչյուր պաշտոնյա որ գալիս է, փորձում է ցույց տալ, որ նախկինից լավ է աշխատում. անցած տարի այսքան տոկոս է եղել, այս տարի պետք է դրանից շատ լինի: Ցույց են տալիս, թե զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ են պայքարում, բայց իրականում զուտ ցուցանիշի պայքար է, որ յուրաքանչյուր տարի կամ յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածում այսքան հայտնաբերեցի: Բայց ինչպե±ս ես հայտնաբերել,- հարցնում է նախկին ոստիկանն ու ինքն էլ պատասխանում,- որոշ մարդիկ, որոնց բոլորս գիտենք, այսօր արսենալներ ունեն իրենց տանը: Նրանց բան չեն ասում, բայց խուզարկությամբ գտնում են մի 2 մեռածի ու գրում, որ զենք են պահել»:
Գուրգեն Հարությունյանի փոխանցմամբ` զանգվածային խուզարկություններ տարին մի քանի անգամ են կատարվում որոշակի պարբերականությամբ` ըստ ոստիկանությունում հաստատված պլանների: Օրինակ՝ այդ պլաններով իրականացվում են բոլորին հայտնի «Զինանոց» և «Կանեփ-կակաչ», նաև ԱՊՀ մակարդակով մի շարք միջոցառումներ, որոնց տևողությունը 1 շաբաթից կամ 10 օրից մինչև 1 ամիս է: Նախկին ոստիկանը ուշադրություն է հրավիրում, որ թմրամիջոցի և զենքի հայտնաբերման կամ կամավոր հանձնման դեպքերն էլ հիմնականում նշված միջոցառումների ընթացքում կամ դրանց շրջանակում են արձանագրվում: Այդ ընթացքում էլ խրախուսվում են զանգվածային խուզարկությունները:
«Մտածում են` 1000 հատ անենք, 2 հատ դուրս կգա: Ընդամենը 2 հատ զենք հայտնաբերելու համար կարող են ամբողջ Վանաձորին խուզարկել: Ինչ է ստացվում. այդ մեկ ամսվա «Զինանոց» միջոցառման ժամանակ մարզի մակարդակով խուզարկվում են 10-յակ տներ` 50, 60, 70: Այդ հիմա է մի քիչ պակասել. նախկինում ավելի շատ էր, և ընդամենը հայտնաբերվում էր 1-2 ժանգոտված զենք կամ մի քանի փամփուշտ: Եվ դրանով համարվում էր, որ զենք են հայտնաբերել»,- ասում է Գ. Հարությունյանը:
Ոստիկանության կողմից պարբերաբար իրականացվող զանգվածային խուզարկությունները, Գուրգեն Հարությունյանի խոսքով, ապօրինի են, ինչը նա հիմնավորում է հետևյալ կերպ. իր միջոցառումների ընթացքում ոստիկանության օպերատիվ բաժինը չբացահայտված գործերով գրություններ է ուղարկում քննչական բաժնին կամ հայտնում հեռախոսազանգով, որ, ենթադրենք, ինչ-որ մեկը կապ ունի տվյալ գործի, օրինակ՝ գողության հետ, և չի բացառվում, որ զենք պահի: Նույնիսկ ուշադրություն չի դարձվում, որ այդ մարդը, հնարավոր է՝ դեպքի ժամանակ 7-8 տարեկան եղած լինի: Ապացուցողական որևէ նշանակություն չունեցող այդ գրության հետ այլ ապացույցներ կամ օպերատիվ միջոցառումների ու գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներ ու տեղեկություններ չեն ուղարկվում քննչական բաժնին: Վերջինս էլ, միայն այդ գրությունը` որպես ոստիկանությունից ստացված օպերատիվ տվյալ հիմք ընդունելով, դատարան է դիմում խուզարկության թույլտվությամբ, որն էլ բավարարում է այդ միջնորդությունը:
«Եթե քննիչը փորձի քննչական գործողություններով այդ գրությունը հիմնավորի ու նոր մտնի դատարան, ապա մեծ աղմուկ կբարձրացնի հենց օպերատիվ մասը, որ մենք տեղեկություն ստացանք, իսկ իրենք գործողություն արեցին ու ձախողեցին: Ստացվում է` ամենքը իրենց հեռու պահելու համար որոշակի ապօրինություն են կատարում. օպերատիվ մասը ասում է` ես գրություն եմ գրել, թող քննչականը բարի լինի` միջոցառումներ ձեռնարկի, նոր դրանից հետո միջնորդությամբ մտնի դատարան: Քննչականն էլ ասում է` թող դատարանը չտա թույլտվություն: Պատասխանատվությունը, ամեն դեպքում, մեր անողնաշար դատարանների վրա է, որ, կուլ գնալով ոստիկանության թվաբանությանը, քոռ-քոռ` հազարավոր խուզարկության թույլտվություններ են տալիս. ինչքան տանեք` կտան: Դատախազութունն էլ, որ իրականում կոչված է հետաքննության և նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնել, որևէ բան չի անում, և հակառակը` խրախուսում է այս ամենը. նրանք էլ իրենց վիճակագրությունն ունեն, նրանց էլ է ձեռք տալիս: Արդյունքում յուրաքանչյուր մարդու անունով կարող են գրություն գրել և առանց որևէ հիմքի խուզարկել նրա բնակարանը: Դու պահանջում ես, ասում է`գաղտնի աղբյուրս չեմ բացահայտում: Ու այսպես ձևական կողմը ապահովելու համար խուզարկություններով մեր հանրապետությունում բազմաթիվ մարդկանց բնակարանների անձեռնմխելիությունը խախտվում է: Սահմանադրական այդ նորմը, որ երաշխավորված է թե ներպետական օրենսդրությամբ, թե միջազգային պայմանագրերով, այսօր զրո է, չունենք»,-պարզաբանում է Գուրգեն Հարությունյանը:
Ըստ նրա` խնդրի կարգավորմանը կարելի է հասնել միայն դատական ճանապարհով, ինչպես կալանքի դեպքում` Վճռաբեկ դատարանի կայացրած նախադեպային որոշմամբ: Եվ ինչպես կալանքի քննարկման ժամանակ, այնպես էլ խուզարկությունների դեպքում դատարաններն այլևս չեն բավարարվի միայն գրությամբ, այլ կառաջնորդվեն որոշակի ապացույցներով` միջնորդությունները քննարկելով հիմնավոր կասկածի մակարդակում` արդյոք կա± հիմնավոր կասկած, որ այդ մարդն իր տանն ինչ-որ բան է պահում:
Նրա համոզմամբ` նման նախադեպ կարող է դառնալ Վանաձոր համայնքի ավագանու անդամ, ԲՀԿ-ական Արմեն Այվազյանի` վերջերս կատարված բնակարանային խուզարկության դեպքը: Կարծում է, որ նա նույնիսկ եթե ոչ իր, ապա գոնե հասարակության շահերից ելնելով ճիշտ վարված կլինի, եթե խուզարկության վերաբերյալ դատարանի որոշումը բողաքարկի վերադասության կարգով` ընդհուպ հասնելով Եվրոպական դատարան:
Մեկնաբանել