HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոմանդոս. «Այս հարցը արդիական է, անկախ նրանից, պատերազմի մեջ ենք, թե ոչ... »

Մենք պատերազմում ենք, որպեսզի
ապրենք խաղաղության մեջ...

Արիստոտել 

Նախորդ հոդվածում փորձել էի բարձրաձայնել բանակ-գիտություն կապի կարեւորության, այդ կապի հետագա խորացման եւ ամրապնդման անհրաժեշտության մասին: Չնայած, որ մեջբերումներ էի արել այս հարցին գիտակ մարդկանցից՝ ավելի խորը եւ մասնագիտական կարծիքների հետ ծանոթանալու համար խնդրեցի իրենց դիտարկումներով կիսվել ռազմական գործին քաջածանոթ անձանց: (Դե գիտության աշխատողներին էն օրը չեն գցել թե՛ ֆինանսապես, թե՛ վերաբերմունքով, որ նրանցից կարծիք հարցնեի: Արտահայտվելու առիթ լինելու դեպքում անտեսված ու վիրավորված մարդկանց պատասխանները կանխատեսելի են դառնում՝ որ ահռելի պոտենցիալ ունեն, բայց Հայաստանում իրենց բանի տեղ դնող չկա, որ սպառողական զամբյուղից քիչ են ստանում,  որ գիտությունը ծերանում է, որ…, որ…, որ…):

Դավիթ Ջամալյան, ռազմական փորձագետ

Հայաստանի առջեւ ծառացած անվտանգության խնդիրների համատեքստում, բնականաբար, մենք պետք է նաեւ վերանայենք գիտության զարգացման ռազմավարությունը: Այսինքն մեր սահմանափակ միջոցները պետք է ուղղվեն նաեւ պրակտիկ ուղղությունների վրա եւ ապահովեն գիտության այն ճյուղերի զարգացումը, որոնք իրենց հերթին կնպաստեն Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը: Բուն ռազմական արդյունաբերությունը զարգացնելու տեսակետից մեր երկիրը հաջողություններ ունի եւ հեռանկարները բավականին լավատեսական են: Ասվածը ենթադրում է, որ դեռեւս խորհրդային գիտական բազայի հիմքի վրա հարկավոր է ձեւավորել ռազմական արդյունաբերություն սպասարկող այնպիսի գիտության ճյուղեր, որոնք կարողանան ծառայել Հայաստանի զինված ուժերի սպառազինությունների համալրման խնդրին: Ինչպիսի՞ ուղղությունների մասին է խոսքը: Օրինակ՝ էլեկտրոնային արդյունաբերության: Խորհրդային տարիներից մենք ունեինք շատ լավ զարգացած էլեկտրոնային արդյունաբերություն՝ Հայաստանին ԽՍՀՄ-ի սիլիկոնային հարթավայր էին անվանում: Շատ բան կորավ հետխորհրդային շրջանում, բայց այն, ինչ հաջողվեց պահպանել, այնուամենայնիվ, թույլ են տալիս ասել, որ այսօր Հայաստանի ռազմական արդյունաբերությունն ունի էլեկտրոնային արդյունաբերության դրոշմը: Գիտահեն տնտեսություն կազմակերպելու համատեքստում մենք գիտահեն ռազմաարդյունաբերություն կազմակերպելու խնդիր ունենք: Այդ ոլորտը պետք է հիմնվի ճշգրիտ գիտությունների վրա:

Հատուկ կարեւոր տեղ եմ ուզում հատկացնել նաեւ բանակի հետ զուտ հումանիտար գիտությունների կապին: Նախ պետք է զարգացնել ռազմական պատմությունը եւ ռազմական գիտության դիրքերից ուսումնասիրել Արցախյան պատերազմը: Այդ գործն արվում է էնտուզիաստների մակարդակով եւ պետք է դրան համակարգված բնույթ հաղորդվի: Սա միայն տեսական հարթության մեջ չպետք է դիտարկել, քանի որ պոտենցիալ պատերազմի պարագայում գործ կունենանք այդ նույն ռազմաթատերաբեմի հետ, ուստի այդ փորձը տեսականորեն ընդհանրացնելու եւ զորացնելու խնդիր ունենք:

Հաջորդ հարցը՝ մենք ձեւավորում ենք բանակ, ունենք 21-ամյա բանակ, որն ունի լուրջ ձեռքբերումներ, բայց որպես օրգանիզմ այն կայանալու ճանապարհ ունի, եւ մենք դեռեւս պետք է գտնենք Հայոց բանակի մոդելը: Մենք պետք է ուսումնասիրենք Ռուսաստանի, Արեւմտյան երկրների, մի շարք այլ երկրների, մեր հարեւան, մեր թշնամի երկրների ռազմաշինության փորձը եւ տեղայնացնենք, ուսումնասիրենք մեր ռազմի անցյալը եւ ստեղծենք Հայոց բանակի մոդելը, ռազմական մոդել, որը կլինի շատ հայկական՝ տեղային յուրահատկությունները հաշվի առնելով: Այնուհետեւ, պետք է հստակեցնել, զարգացնել զինված ուժերի ռազմավարությունը: Սրան արդեն պետք է մոտենալ զուտ ռազմական գիտության ասպեկտով՝ ինչպիսի՞ բանակ, ինչպիսի՞ խնդիրներ այն պետք է կատարի: Ռազմագիտության դիրքերից անհրաժեշտ է ուսումնասիրել բանակաշինության գործընթացը եւ բերել հանգեցնել Հայոց բանակի մոդելի ձեւավորմանը:

Մենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք էթնիկական հոգեբանության, ըստ այդմ, նաեւ ռազմական եւ ռազմա-էթնիկական հոգեբանության խնդիրների ուսումնասիրությանը: Մենք նախ պետք է ճանաչենք մեզ, պետք է էթնո-հոգեբանական դիրքերից վերլուծենք մեր անցյալը, ինչ-ինչ օրինաչափություններ բացահայտենք: Մենք պետք է հենց նույն էթնո-հոգեբանանական դիրքերից ուսումնասիրենք նաեւ մեր թշնամիներին եւ, ըստ այդմ, հստակ պատկեր ունենանք՝ ում հետ գործ ունենք, ինչպիսի՞ն կլինի թշնամու հավանական վարքը եւ, միեւնույն ժամանակ, ինչպե՞ս մենք պետք է վարվենք, ինչպե՞ս պետք է կանխենք հնարավոր թշնամական դրսեւորումները: Որպեսզի մարտունակ բանակ ունենանք, մենք պետք է մեր էթնո-հոգեբանական նկարագրին համահունչ նկարագիր հաղորդենք այդ բանակին: Օրինակ, համազորային կանոնադրությունները պետք է վերանայվեն նաեւ էթնո-հոգեբանական դիրքերից՝ մեր ժողովրդի հոգեկերտվածքի առանձնահատկությունները հաշվի առնելով: Ռազմական հոգեբանությունը, ինքը նույնպես շատ կարեւոր ուղղություն է: Շատ պրակտիկ խնդիր առաջ քաշեմ՝ մենք ունենք իքս թվով բացված հաստիքներ բանակում՝ դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող զորային հոգեբանի հաստիքներ: Բայց կադրերի բացակայության պատճառով այդ հաստիքները լրացնելու շատ մեծ խնդիր կա: Բանակում ռազմական հոգեբանի աշխատանքի տարբեր ուղղություններ կան՝ թերապեւտիկ ուղղություն, անձնակազմի պրոֆեսիոնալ հոգեբանական պատրաստության հարցերի ուղղություն, հոգեբանական պատերազմի քարոզչության հարցերով զբաղվելու ուղղություն: Այսինքն, պետք է պատրաստվեն նեղ մասնագիտական ուղղությունների կադրեր: 

Արկադի Տեր-Թադեւոսյան (Կոմանդոս), գեներալ-մայոր

Գիտության ձեռքբերումների զգալի մասը ուղղվում է նոր զենքի ստեղծմանը: Մենք գեղեցիկ ենք խոսում, մենք մարդկային ենք խոսում, բայց ամենն ստեղծվում է հակառակորդին ոչնչացնելու համար: Ամբողջ պարադոքսը սրա մեջ է՝ կյանքային պարադոքսը: Ամեն ինչ արվում է, որպեսզի ստեղծվի ավելի հզոր զենք, ավելի հզոր տեխնիկա, ինքնաթիռներ, նավեր եւ այլն: Գիտնականները աշխատում են ոչ միայն տեխնիկայի շատ ոլորտներում, եւ այն ամենն, ինչ որ անում է առաջատար գիտությունը, գնում է ռազմական գործի վրա՝ պետության անվտանգությունն ապահովելու կամ զավթողական հարցեր լուծելու համար: Այդ պատճառով գիտությունն ու ռազմական գործը անբաժան են: Եւ այն, որ գիտությունը զարգանում է ամբողջ աշխարհում՝ դա նրա համար է, որպեսզի ստեղծվեն ամուր ռազմական ուժեր: Ահա թե ինչն է պարադոքսը: Այդ պատճառով, դրա մասին չեն խոսում: Ասում են գիտությունը շատ լավ է, շատ սիրուն, գիտությունը մեծ գործ է, գիտությունը նրա համար է, որպեսզի մարդը լավ ապրի… Բայց էդպես չի էլի… Ա՛յ հիմա ստեղծված են գերհզոր միջուկային զենքեր, գերճշգրիտ զենքեր, առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ զենքերի բազմաթիվ տեսակներ: Օրինակ՝ նանոտեխնոլոգիան Հայաստանում շատ է հետ մնացել, մինչդեռ այն երկար տարիներ կիրառվում է աշխարհի շատ երկրների զինված ուժերում: Սակայն Հայաստանում կան շատ ոլորտներ, որտեղ մեր գիտնականները կարող են լավ ներդրում անել: Ռազմաարդյունաբերական համալիրը Հայաստանում բավականին զարգացած է: Մենք ունենք ռազմական տեխնիկայի նոր տեսակներ, որոնք ցուցադրութան են ուղարկվում տարբեր ցուցահանդեսներ եւ, պետք է ասել, որ հաջողություն են ունենում: Ֆինանսական դժվարությունների պատճառով Հայաստանում աշխատանքների ծավալը, մասշտաբը չի համապատասխանում նրան, ինչ մեր գիտնականները կարող էին տալ: Գիտնականներին արդյունավետ աշխատելու պայմաններ ստեղծելու համար ֆինանսական հնարավորություններ չկան: Շատ ուրախ կլինեի, եթե կարողանայինք բոլոր գիտնականներին հավաքել ու աշխատել, որպեսզի ստեղծվի սպառազինության նոր տեսակ կամ ինչ-որ ուրիշ բան՝ երկրի պաշտպանունակությունն ամրացնելու համար:

Այս հարցը արդիական է, անկախ նրանից, պատերազմի մեջ ենք, թե ոչ: Ժամանակն այնպիսի բան է, որ պետք է միշտ աշխատես այդ ոլորտում: Ես լիովին չեմ տիրապետում, թե ինչ են անում մեր գիտնականները այս ոլորտում, բայց կարող եմ վստահաբար ասել, որ առանց գիտության բանակը չի կարող հասնել իր նպատակին: Իսկ նպատակը մեր երկիրը պաշտպանելն է: Սա շատ կարեոր է… 

Սիմոն  Եսայան, գնդապետ, ՀՀ  Վետերանների միավորման  խորհրդի նախագահ

Ինչ խոսք, ցանկացած պատերազմում մեծ դեր է խաղում զենքը, զինամթերքը, Եվ ցանկացած բանակ կարող է հասնել  հաղթանակի ու հաջողության միայն այն դեպքում, երբ իր սպառազինությունը համապատասխանում է ժամանակի պահանջներին, ներկա շնչին: Եթե մենք  փորձենք համեմատել՝ տասնամյակներ առաջ, թեկուզ և Հայրենական մեծ պատերազմի՝ որի նման պատերազմ ընդհանրապես չի եղել, զենք-զինամթերքը, ապա այսօր գործում են այնպիսի զինատեսակներ, որոնց մասին անգամ մտածելը սարսափ է առաջացնում՝՝ թե ինչ ուժգնությամբ, ինչ արագությամբ  դրանք կարող են ոչնչացնել  մեծամասշտաբ տարածքներ, մարդկային ռեսուրսներ և այլն: Ինչ խոսք, ժամանակի պահանջներին համապատասխան  հզոր  տեխնիկայով,  զենք-զինամթերքով ապահովված լինելու հարցում մեծ դեր ունի ժամանակակից գիտությունը: Առանց ժամանակակից գիտության օգնության անհնար է ներկայիս պատերազմների պահանջներին համապատասխան զինամթերք ստեղծել: Անշուշտ, ցավալի հարց է, քանի որ զենքը ստեղծում են միայն  մեկ նպատակով` ոչնչացնելու համար, ոչնչացնելու  հակառակորդի կենդանի  ուժը, ինչպես նաև  ամրությունները, շինությունները: Սակայն, որքան էլ ցավալի է` պատերազմում  դա անհրաժեշտություն է: Այն Զինված ուժերն են կարողանում հասնել հաջողության,  որոնք զինված են գիտության ձեռքբերումների ու տեխնոլոգիաների վրա հիմնված ժամանակակից ու հզոր զինտեխնիկայով: Իհարկե,  մեծ նշանակություն ունի նաև մարդկային գործոնը և ոգու ուժը: Արցախյան գոյամարտը ցույց տվեց,  որ կարևորներից կարևորը ոգու ուժն է:

Այսօր մեր պետական գործիչները՝ երկրի ազգային անվտանգության շահերից ելնելով, մեծ ուշադրություն են դարձնում ռազմական արդյունաբերությանը և ռազմարդյունաբերության մեջ գիտության ձեռքբերումների ներդրմանը: Իհարկե, միջոցների սակավության պատճառով ներկայումս այդ ներդրումը չի համապատասխանում այն պոտենցիալին, որն ունի հայկական գիտությունը: Համաշխարհային զարգացումներից հետ չմնալու համար պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկել ռազմական գործում նրա դերն ավելացնելու ուղղությամբ,  քանի որ ժամանակակից գիտությունը, օր օրի զարգանալով` իր հետ բերում է նոր պահանջներ, նոր խնդիրներ, և էլեկտրոնայինից մինչև ամենաբարդ տիեզերական  նշանակության տեխնիկայի ներդրումը բանակում  մեծ նշանակություն ունի պատերազմի ելքը վճռելու հարցոմ:

Այսօր ունենք  ոչ միայն հայկական  արտադրության նոր զինատեսակներ, այլ նաեւ վերածնվող հայկական ռազմարդյունաբերություն, և մեծ ուշադրություն է դարձվում մեր գիտնականների առաջարկներին: Այդ ուղղությամբ աշխատող մեծ հանձնաժողով է գործում, և այդ ասպարեզում յուրաքանչյուր նոր ներդրում, նորարարություն, ուսումնասիրվում է, հանձնաժողովն ընդունում է և ապա՝ ներդրվում է արտադրություն: Վերջին զորավարժությունները, ցուցահանդեսները, ինչպես նաև ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը, ցույց տվեցին, որ Հայաստանն ունի բավականաչափ նոր զինտեխնիկա: 

Պարտադիր չի, չէ՞, վերջում ամփոփել, իմ կարծիքը ներկայացնել… Բայց դե մեկ է՝ ես «Համոզված եմ, որ միայն զենքով կա հային փրկություն…»: 

Ստեփան Գյոզալյան

Մեկնաբանություններ (1)

Gohar
http://www.facebook.com/science.and.finance Այս էջը ստեղծված է գիտության տագնապային վիճակն ահազանգելու համար: Էջի մասնակիցները գիտակցում են, որ Հայաստանի կայուն եւ մրցունակ զարգացումը հնարավոր է միայն եւ միայն գիտության նկատմամբ կառավարության խորը հարգանքի եւ գնահատականի պայմաններում: Խմբի մասնակիցները, որպես առաջին քայլ պահանջում են 1. ՀՀ կառավարությունից անհապաղ, կտրուկ եւ առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ՝ մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter