HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը Կոտայքում մասնակցել է մարզխորհրդի նիստին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Կոտայքի մարզպետարանում մասնակցեց մարզխորհրդի նիստին, որի օրակարգում էին սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող եւ հրատապ այլ  հարցեր:

Ընթացիկ տարվա  հոկտեմբերի 1-ի դրությամբ Կոտայքի մարզի համայնքների  բյուջեների փաստացի մուտքերը  նախատեսված  շուրջ 3, 6 մլրդ դրամի դիմաց կազմել են 3,5 մլրդ դրամ, կատարողականը  98.4% է: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է  96.1 %:  Հինգ հարկատեսակների մասով կատարողականի  70 %-ից ցածր ցուցանիշներ են արձանագրվել  միայն տասը համայնքում:

Փոխվարչապետն ընդհանուր առմամբ բավարար համարեց մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման տեմպերը` վստահություն հայտնելով, որ  համեմատաբար ցածր ցուցանիշներ ունեցող համայնքներն առաջիկա ամիսներին առավել հետեւողական աշխատանքներ կիրականացնեն այդ ուղղությամբ: Կարեւորելով արդյունավետ վարչարարության  իրականացումը` նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ  այդ հանգամանքը հաշվի է առնվելու պետության կողմից համայնքներում ծրագրերի իրականացման դեպքում:

Մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրի  առնչությամբ զեկուցվեց, որ արդեն կատարվել է  նախատեսված աշխատանքների  94,6 տոկոսը: Քննարկվեցին նաեւ չորրորդ ծրագրի մեկնարկին վերաբերող հարցեր, որով  մարզին տրամադրվել է  1,3 մլրդ դրամ: Միջոցները հիմնականում կուղղվեն դպրոցների, շենքերի տանիքների, ներհամայնքային ճանապարհների նորոգմանը, ոռոգման ջրագծերի կառուցմանը:

Նիստի ընթացքում տեղեկություններ ներկայացվեցին մարզում   հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի ընթացքի, առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման  գործընթացի մասին: Փոխվարչապետը համայնքապետերին հորդորեց հետեւողական լինել  ստանձնած պարտավորությունների իրականացման հարցում:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Ա. Գեւորգյանը պարզաբանումներ ներկայացրեց նաեւ համայնքապետերի բարձրացրած հարցերի վերաբերյալ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter