
Ոստիկանապետը՝ Արզաքանցյանի եւ «հին աղբը» մաքրելու մասին
Ծաղկաձորյան այսօրվա համաժողովից հետո ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանի՝ «թիկնապահների մեկուսացմանը» (ձևակերպումը ոստիկանապետինն է):
Ըստ Գասպարյանի՝ նշյալ թիկնապահները մարդիկ են, ովքեր ինչ-որ ձևով ուզում են ինքնահաստատվել, սակայն դրա համար ընտրել են անհաջող ձև:
«Նազիր-վեզիրներ են... Դե լավ, (ավտոմեքենայի ) դուռ էլ բացեցին-փակեցին, մենք հանդուրժեցինք դա էլ, բայց ես չեմ կարողանում հանդուրժել, երբ նրանք խախտում են երթևեկության կանոնները, ուղղակի վարում են մարդկանց ուղղությամբ կամ էլ կողքի մեքենաներին աջուձախ են անում, հլը չենթարկվելու դեպքում էլ դեմն առնում են ու... խուլիգանություն են անում»,-ասաց ոստիկանապետը:
Հիշեցնենք՝ Արզաքանցյանը կատարվածը բնորոշել էր իբրև շոու: Գասպարյանն էլ հակադարձում է՝ «շոուին պետք է շոուով պատասխանել»:
«Եթե Արզաքանցյանը մտածում է, որ հարուստ է և կարող է խաչմերուկները կտրելով անցնել, մարդկանց վրա քշել, ոչ թե շոու, ընենց մի հատ կոնցեռտ կկազմակերպենք, որ էլ ասելու չէ»,- խոստանում է ոստիկանապետը:
«Հետքը» վերջինիս խնդրեց անդրադառնալ նաև news.am-ին տված հարցազրույցում Արզաքանցյանի այն ասածներին, որ իր դեմ կատարված մահափորձից հետո 2-րդ քիլերին եւ պատվիրատուին դեռ չեն գտել, թեեւ ինքը դիմել է անձամբ Վլադիմիր Գասպարյանին ու ոստիկաններին փոխանցել նրանց կոնտակտները:
«Ես խորհուրդ եմ տալիս իրեն՝ թող լավ ապրի... Թող լավ ապրի. ոչ մի քիլլեր էլ իրեն ման չի գալիս»,- հակադարձեց ոստիկանապետ Գասպարյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ Արզաքանցյանի «մեկուսացված թիկնապահները» ոստիկանության ծառայողներ են, Գասպարյանը նկատում է, որ նման մոտ 100 ծառայող արդեն աշխատանքից ազատվել է և հավանաբար այդքանն էլ դեռ կազատվի առաջիկայում:
«Դրանք ոստիկանության աշխատողներ են այնքանով, որքանով... Բերել են իրենց ծանոթներին ընդունել են աշխատանքի, զենքը տվել են ձեռքը և նստեցրել կողքը: Այդպիսի բան չի լինելու. դա կրիմինալ է»,- ասաց ոստիկանության պետը: Նրա խոսքերով՝ համապատասան պաշտոնին նշանակվող նոր կադրերն արդեն անցնում են հատուկ դասնթացներ, և եթե թիկնապահի պարտականություններ կատարողն իրապես ոստիկան է, ապա նա առաջինը պետք է թույլ չտա, որ իրեն վարձողը խախտի օրենքը:
Առհասարակ, ըստ Վ. Գասպարյանի, մեր ժամանակների հայաստանյան ամենաբնորոշ հանցագործությունը զոռբայությունն է. «Ով գտնում է, որ ունի փող, որ ունի ինչ-որ տանիք, կարող է իրեն թույլ տալ լկտի ձևով վարվել հասարակության հետ՝ սկսած մարդ ծեծելուց, խլելուց, գցելուց ու թալանելուց»:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել