Տարոն Մարգարյանը մասնակցել է Հայ բարերարների ճեմուղու բացմանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի, բարձրաստիճան այլ հյուրերի և երևանցիների հետ մասնակցել է Հայ բարերարների ճեմուղու բացման հանդիսավոր արարողությանը:
Հայրենանվեր գործունեության և հայրենիքում ներդրած մեծ ավանդի համար Օղակաձև զբոսայգում բացված ճեմուղում կանգնեցվել են քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի հայ մեծ բարերարներ Պողոս Նուպարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակոթողները: Ճեմուղու միջնամասում էլ տեղադրվել է բարերարության հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթող:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հրանուշ Հակոբյանի և հյուրերի հետ շրջել է ճեմուղով, ծանոթացել աշխատանքներին և հետևել արարողության գեղարվեստական մասին:
Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը միության անդամների անունից շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի սրտում նման ճեմուղու բացման կապակցությամբ և վստահեցրել, որ նման ուշադրությունը սփյուռքի համար կարևոր ու մեծ նշանակություն ունի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել